close
Եղանակը Երևանում
9 Ապրիլի 2020
+10°
+12°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Համազգային 6 կոնսենսուսները, որ առաջարկեցի Ստեփանակերտում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

5 Փետրվարի 2020, 10:20
 «Համազգային 6 կոնսենսուսները, որ առաջարկեցի Ստեփանակերտում». Նիկոլ Փաշինյան

Համազգային 6 կոնսենսուսները, որ առաջարկեցի 2019թ. օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում, որպես համահայկականության, ազգային միասնության անկյունաքար ու բանաձեւ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից։ Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որեւէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն եւ հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն։ Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա։ Ի դեպ, այս համատեքստում կա միայն մի բացառություն՝ խոսքն օրինական ուժի կիրառման մասին է՝ հանցագործությունների կանխման եւ բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման համատեքստում։

Կոնսենսուս 2. Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է։ Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որես հակապետական, հակաազգային գործունեություն։ Այս առումով չափազանց կարեւոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում եւ ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա եւ հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր։

Կոնսենսուս 3. Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, եւ բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան եւ կարժանանան հայ ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։

Կոնսենսուս 4. Հայաստանը եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Կոռուպցիայի բոլոր դրսեւորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների հանդեպ հարուցվող արհեստական խոչընդոտները պետք է արմատախիլ արվեն։ Կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը եւ ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն։

Կոնսենսուս 5. Իրավունքի եւ օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։ Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում եւ Արցախում դատարանները պետք է լինեն անկախ։ Տնտեսության, քաղաքականության մեջ եւ հանրային կյանքի որեւէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել։ Այստեղ ուզում եմ մի մեկնաբանություն անել. սիրելի ժողովուրդ, մենք շատ արժանի մարդիկ ունենք, հայությունը ծատ արժանավոր զավակներ է տվել, բայց անընդունելի է եւ չի կարելի հանդուրժել, երբ որեւէ մեկը ծառայություն մատուցի ժողովրդին ու հայրենիքին եւ հետո այդ ծառայությունը փորձի վաճառել արտոնյալ լինելու ձեւով, օրենքից դուրս լինելու ձեւով։

Կոնսենսուս 6. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica