close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ի՜նչ Երևան է». եռաչափ մոդելավորողը՝ արվեստի խորության մասին

Մշակույթ

4 Փետրվարի 2020, 18:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ի՜նչ Երևան է». եռաչափ մոդելավորողը՝ արվեստի խորության մասին

27-ամյա Անահիտ Սարիբեկյանը եռաչափ մոդելավորող է:  Ծնվել ու ապրում է Հրազդանում: Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետն ավարտելուց հետո շարունակում է  սովորել: Աշխարհը մեծ է, տեղեկատվության դաշտն անսահման, համակարգիչն  էլ՝  նրա աշխատանքային ընկերը: Yerkir.am-ին Անահիտը ներկայացրեց իր հույզերն ու խոհերը, թե ինչպես է սկզբում ոսկերչություն ուսումնասիրել, հետո՝ քանդակ, ապա՝ մուլտաշխարհը: Եռաչափ մոդելավորողի մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի: Անահիտի հետ համագործակցում են նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի պատվիրատուները: Իր աշխատանքներում  նա փորձում է շեշտադրել ազգայինը:

Վերադարձ ազգային արմատներին

 Որպես երիտասարդ ստեղծագործող՝ Անահիտը մտահոգ է այս խնդրով ու փորձում է իր՝ թեկուզ փոքր ներդրումն ունենալ ազգայինը, հայկականը հանրայնացնելու, տարածելու գործում: «Կան երիտասարդներ, որոնց գործունեությունը հենց ազգայինի շուրջն է ձևավորվում, բայց նրանք մեծամասնություն չեն կազմում: Հեռուստաէկրանն ավելի շատ դեգրադացման  է տանում հանրությանը, դրա համար էլ աշխատում  եմ իմ  ստեղծագործություններում ազգային տարրերը ներառելով՝ հետաքրքրություն առաջացնել հատկապես նոր սերնդի շրջանում»,-ասում է:

    Անահիտը խորությամբ ուսումնասիրել է հայկական զարդանախշերն ու մանրանկարչությունը:  «Մեր զարդանախշերը  չեն կրկնվում.  օտարների մոտ համաչափությունը գերիշխում է, իսկ մեզանում՝ ընդհակառակը: Ինձ միշտ ապշեցրել է՝ քարի վրա իրարից տարբեր այդ զարդանախշերը մեր վարպետներն ինչպե՞ս են ստացել: Որքան ուսումնասիրում եմ, զարմանքս այնքան մեծանում է: Ես համակարգչով դժվարությամբ եմ ստանում դա, իսկ մեր վարպետները  քարի վրա ի՞նչ հմտությամբ են հասել այդ կատարելությանը»,- փայլող աչքերով ասում է աղջիկը:

Քար ու փայտ քանդակողին նախանձելու առիթներ էլ են լինում

Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ համակարգչով  կարող ես մարդու դեմքը կամ այլ պատկեր նույնությամբ ստանալ, բայց կարևորը  ներաշխարհը, բնավորությունը,  էներգետիկան  ճիշտ փոխանցելն ու արտահայտելն է: Արվեստն այն է,  երբ ֆոտոգրաֆիական ճշգրտությունը  չի կարևորվում, այլ այն հոգևորը, ինչը սովորական  աշխատանքը դարձնում է ստեղծագործություն:

   «Երբեմն շատ եմ նեղվում, որ համակարգչով եմ աշխատում: Ոգին կորցնում եմ. լինում են պահեր, երբ ասում եմ՝ էլ չեմ անելու, չեմ շարունակելու: Ես համակարգչով եմ քանդակում, փաստորեն, հետո այն, ինչ ստացել եմ, հաստոցն առարկայական է դարձնում, քանդակագործն էլ վերջին շտկումներն է  անում: Համակարգչով ստեղծագործելն ու փայտի, քարի հետ շփվելը, դրանք արվեստի գործ դարձնելը բոլորովին տարբեր են: Կուզեի դիզայնն էլ ես անել, քանդակն էլ  ստանալ, բայց հասկանում եմ, որ փորագրելու, քանդակելու համար այլ հմտություններ են պետք»,- ինչ-որ տեղ ափսոսում է Անահիտը:

Երբ մշակույթն անկում է ապրում, նվիրյալներն այն նորից են բարձրացնում

  Իրեն դասավանդած վարպետներից շատ բան է սովորել, հիմա էլ է սովորում: Պատմեց, որ հաճախ հանդիպում է  մարդկանց, որոնք մի անկյունում ստեղծագործում են, արարում: Ու Անահիտը  նորից է համոզվում, որ մարգարիտը ջրի հատակում է: Այդ արվեստագերներին շատերս չենք ճանաչում ու դրանով իսկ շատ բան ենք կորցնում: «Վերջերս մի քանդակագործի էի լսում, Ջուղայի խաչքարերն էր վերականգնում:  Ասաց. «Շատերն ուզում են, որ հայրենիքն իրենց ինչ-որ բան տա: Հայրենիքը տվել է արդեն՝ այն, որ դու հայ ես:  Դու տանում ես քեզ հետ այն, ինչ քեզնից հետո ես թողնում»:

   Ժամանակ է գալիս, երբ մշակույթն անկում է ապրում, անկումից հետո են գալիս նրանք, որվքեր նորից բարձրացնում են մշակույթը՝ հասկանալով, որ կորցնելու վտանգը եկել է, պետք  է վերադառնալ արմատներին:

Կա գենետիկ կոդ, հիշողություն, որ անջնջելի է

   «Վերջերս իմ ֆեյսբուքյան էջում խաչքար էի տեղադրել, քրոջս դուստրը, որ օտար երկրում   է ծնվել, տեսնելով խաչքարն՝  այսպես արձագանքեց՝  այս ի՜նչ Երևան է: Ես զարմացա. նա առաջին անգամ էր խաչքար տեսնում, ծնվել, մեծացել է օտար հողում, ինչպե՞ս խաչքարը կապեց Երևանի հետ: Հետո նա ասաց՝ երբ Հայաստան գամ, տարբեր տեղեր կգնանք: Դա հենց գենետիկ կոդն է, հիշողությունը, որ հայի բոլոր սերունդների մեջ անջնջելի է: Դա չեն սովորեցնում, ոչ էլ պատմում են, դա ինքնին կա»,-համոզված է նկարչուհին:

   Նա հայրենիքի հետ է կապված, այլ երկիր գնալու-ապրելու մասին երբևէ չի մտածել: Իր պատկերացմամբ ամեն հեռացող հայի հետ մեր բեռն ավելանում է, որովհետև մենք հեռացողների փոխարեն էլ պիտի մեր ազգայինը պահպանենք: «Դրսում ազգայինը պահելը հեշտ չէ, բայց երբ տեսնում եմ,  որ ազգայինը հենց մեր հայրնիքում ենք կորցնում, ցավը կրկնապատկվում է»,-նշեց Անահիտը:

Երեխան մեղք չունի, նրան ուղղորդել է պետք

  Մուլտաշխարհում շատ ընկերներ ունի, որոնք ուզում են հայկական թեմաներով մուլտեր նկարել: Մուլտֆիլմեր նկարելու  ծախսերն են շատ, ֆինանսական մեծ ներդրումներ են պետք: 5 րոպե տևողությամբ մուլտի վրա մեկ տարի շարունակ մի ամբողջ թիմ պետք է աշխատի: Ծախսատար ու աշխատատար մուլտաշխարհում Հայաստանը հաճախ համագործակցող երկիր է. կան համարտադրություններ, բայց մեր երկրի անունը, ցավոք,  հաճախ առաջին շարքում չէ:

  «Մեր հիշողությանը, անցյալի պատմությանը վերադառնալու կարիք ունենք: Եթե մուլտ ստեղծելու հնարավորություն ունենայի, կուզեի այս թեման արծարծել՝ որտեղից ենք գալիս, ինչ ճանապարհ ենք անցել: Կուզեի ինքներս մեզ վերագտնենք: Երբ չգիտես՝ ով ես դու ու տարվում  ես օտար տարրերով, արժեհամակարգդ խաթարվում է: Օրինակ՝ «Սասունցի Դավիթ» էպոս ունենք, որ շատ քիչ է ներկայացված: Այսօր մանկահասակ երեխան հեռախոսով խաղում է: Խաղի փոխարեն կարելի է մեր մշակույթը ներկայացնող մուլտեր նկարահանել ու մեր երախաների մեջ մանկուց ազգայինը ներարկել, որ հետո մեր արժեքներն անդարձ չկորցնենք»,- կարծում է երիտասարդ արվեստագետը:

Նաիր Յան

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica