close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ–28. Կապանից Հորադիզ՝ Փուլադի և Մայր Արաքսի ուղեկցությամբ. պատերազմի մասնակից հայ սպաների հիշողությունները

Հասարակություն

28 Հունվարի 2020, 18:02
 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ–28. Կապանից Հորադիզ՝ Փուլադի և Մայր Արաքսի ուղեկցությամբ. պատերազմի մասնակից հայ սպաների հիշողությունները

«Իշխող բարձունքների համար մղվող մարտերն ընթանում էին հրետակոծությամբ։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները երբ լսում էին գրադ կայանքից մեր արձակած արկերի ֆշշոցի ձայնը, ուրախանում էին, հստակ գիտակցելով, որ հակառակորդի կրակակետերի լռեցման համար որոշիչ է մեր արձակած այդ կրակը։ Երբ դիրքերից իջնում էինք, գյուղացիները շրջապատում էին մեզ հարցեր տալիս»,- Yerkir.am-ի հետ Բանակի օրվան նվիրված տոնական զրույցում վերհիշում է փոխգնդապետ Հովիկ Քոսակյանը, ով այսօր  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս է։

ԽՍՀՄ փլուզման փոթորկուն շրջանում դրսևորվող հայատյացության դեպքերը, որոնք հաճախ ուղեկցվում էին վայրագ գործողություններով, հեկտարներով ձգվող դաշտերում աշխատող հայ շինականին ստիպեցին գյուղատնտեսական գործիքները փոխարինել զենքով և ժամանակի հրամայականով մեկնել առաջնագիծ. հայրենիքի սահմանները կրկին վտանգված էին։

Կամավորական վաշտեր և ջոկատներ, զենքի հայթայթում և մեկնում առաջնագիծ. մեկնարկել էր  Հայոց բանակի կազմավորման առաջին փուլը: Դա մի շրջան էր, երբ աստիճանաբար հայ-ադրբեջանական տասնյամյակների «դոստությունը» վերածվեց հայ ադրբեջանական հակամարտության։ Վայրագ ձևերով հայաթափվեցին Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ գյուղերը, փոխարենը՝ ադրբեջանցիները հավաքեցին իրերը և խաղաղ կերպով քոչեցին Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանաբնակ գյուղերից:

Այսպիսով՝ հայկական զինված ուժերի կազմավորման գործընթացը տեղի  ունեցավ  զինված ընդհարումների և լայնամասշտաբ մարտերի, ՀՀ և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։

Գնդակոծվում էր փոխգնդապետ Քոսակյանի ծննդավայրը ևս՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի, Պառավաքար, Այգեձոր սահմանամերձ համայնքները: Լինելով գործարանի ինժեներ և պահեստազորի սպա՝ նա անվարան սկսեց օժանդակել իրենց արտադրամասում  ինքնաշեն զենքերի պատրաստման աշխատանքներին։

Առաջին հրետակոծությունը և առաջին զոհերը ստիպեցին մտածել ինքնապաշտպանական գումարտակ ստեղծելու մասին։ Հովիկ Քոսակյանը համալրեց գումարտակի շարքերը և անցավ ծառայության։

Իրենց հայրենի գյուղի պաշտպանության գործին անվարան զինվորագրվեցին շատ հայորդիներ։ Միջուկային զենքի այս դարաշրջանում նրանք ստիպված էին  ազգային ազատագրական պայքարը սկսել իրենց պապերի ժանգոտած հրացաններով, դեսից դենից ձեռք բերած զինվորական համազգեստով, հրետանային տեխնիկայի մասին ուսանողական տարիներին իրենց ունեցած տեսական գիտելիքները ժամանակի հրամայականով կիրառելով գործնականում՝ մարտի դաշտում հրետանու դիպուկ կրակով հաջողությամբ խոցելով հակառակորդի կրակակետերը։

«Առանց զինվորական համազգեստի, առանց աշխատավարձի, առանց տրտնջալու գիշեր ցերեկ ծառայության էինք, փորձում էինք կատարելագործել ուսանողական տարիներին բուհի ռազմական ամբիոնում ստացած գիտելիքները հրետանային սպառազինության վերաբերյալ»,- տարիների հեռվից ժպիտով է հիշում այդ դժվարին օրերը փոխգնդապետ Քոսակյանը, ով երեք տասնամյակների անձնուրաց ծառայության ընթացքում դասակի հրամանատարի աստիճանից հասնել է մինչև հրետանու պետի, այնուհետ հրետանու ֆակուլտետի ավագ դասախոսի պաշտոնի։ Նա հավաստում է, որ կանոնավոր բանակի ստեղծումը միշտ էլ հպարտություն է տվյալ երկրի, ժողովրդի համար։

Հայաստանի անկախացմանը զուգահեռ աշխատանքներ էին տարվում նաև ինքնապաշտպանական ուժերի կանոնակարգումն ապահովելու համար: Այսպես, վարչապետ Վազգեն Մանուկյանի օգոստոսի 21-ին ստորագրած թիվ 411 հրամանագրին կից որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Ելնելով Գերագույն խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը… Նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումներ»։

Հատուկ գնդի առաջնային խնդիրներից էր սահմանամերձ շրջանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովումը: Այն  կազմված էր մայրաքաղաքային վեց վաշտից, մեկ դեսանտային վաշտից և սահմանային հատուկ վաշտերից:

Զինվորական քայլերգով ուղեկցվող շքերթի ժամանակ հնչում էր «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան» երգը:

Հայկական բանակ էր ստեղծվում, հայերեն էին երգում: Հրամանները տրվում էին հայերեն: Հուզմունքից արտասվում էին: Համազգեստ ունեցողները   օձիքներ էին կրել, սափրված էին: Ֆիդայիները դառնում էին զինվորականներ: Ազատամարտիկների մեծ մասը, սակայն, երդվել էր՝ իրենց մորուքները սափրել այն ժամանակ, երբ Արցախը ազատագրված կլինի։

Այսպես կազմավորվեց հայոց նորանկախ հանրապետության բանակը և կերտվեց հայոց արդի պատմության թերևս ամենափառապանծ  հաղթանակը:

Վերհիշելով իրենց առաջին ռազմական մկրտությունը մարտի դաշտում՝  հրետանային սպառազինությունը փորձարկող ռահվիրաները տարիների հեռվից  խոսում են նաև պատերազմի ժամանակ հրետանու դերի ու նշանակության մասին՝ ևս մեկ անգամ հավաստելով այն թևավոր դարձած նախադասությունը, որ «Հրետանին պատերազմի աստվածն է»:  

«Այն ժամանակ որսորդական, ինքնաշեն զենքեր էին, երբեմն ավտոմատ։ Հրետակոծվում էին բնակավայրերը, սկզբնական շրջանում բնակչության շրջանում խուճապային տրամադրություն էր, այնուհետ պատսպարվում էր նկուղային հարկերում։ Մարդիկ արկերի պայթյունի  ներքո շարունակում էին հող մշակել,  երեխաներ ծնել։ Սահմանի ամրությունը նաև այդ ժողովրդի ապրելու, արարելու ուժն էր։ Կամավորական ջոկատներից կազմավորվեցին ստորաբաժանումներ, ժամանակի պահանջով ներառվեցին կազմավորվող բանակի կազմում։ Ձևավորվեց զորամաս Բերդում և մենք անցանք  բանակում ծառայության որպես հրետանային  դասակի հրամանատարներ», - Yerkir.am-ի հետ Բանակի օրվան նվիրված տոնական զրույցի մյուս մասնակցի խոսքերն են, ով ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, պահեստազորի գնդապետ  Պավել Թոփչյանն է:

 

Գնդապետը Արծվաբերդում  առաջին  կրակն արձակել է KS 19 հրանոթից։ Իր մարտական ուղին սկսել է Տավուշի մարզի Չինարի,  Չորաթան, Արծվաբերդ բնակավայրերի պաշտպանությանը զինվորագրվելով։ Որպես պահեստազորի լեյտենանտ, հրետանավորի մասնագիտությամբ, ժամանակի հրամայականով  անդամագրվում է գյուղի ինքնապաշտպանական ջոկատներին, հերթափոխով իրականացնելով մարտական ծառայություն առաջնագծում՝ որպես հմուտ հրետանավոր խոցելով հակառակորդի կրակակետերը։

«Երբ 1992 թվականին հակառակորդը նպատակադրվել էր ամեն գնով  նվաճել Լաչինի միջանցքը և մեծաքանակ ուժերով հարձակման անցել, շնորհիվ հայ հրետանավորների դիպուկ կրակի հակառակորդի առաջխաղացումը կասեցվեց և թշնամին նահանջեց մեծաքանակ կորուստներով»,- Yerkir.am-ի՝ տոնական օրվան նվիրված զրույցի երրորդ մասնակցի՝ պահեստազորի փոխգնդապետ, հրետանավոր, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս Աշոտ Շեկիկյանի հիշողություններն են, ով տվյալ փուլում դեռևս ավագ լեյտենանտ էր և, նկարագրված օպերացիայում հանդիսանալով հրետանային ստորաբաժանման հրամանատարը, արժանացավ «Արիության համար» մեդալի։

Խունացած այս լուսանկարում քաջ հրետանավորի ընտանիքն է՝ հայոց դիրքերում 

Ծնունդով թալինցի, Սասունից տեղափոխված պապերի ոգին իր մեջ կրող փոխգնդապետը ևս խորհրդանշական այս օրը հուզմունքով է հիշում իր անցած ուղին, մարտական զոհված և կենդանի ընկերներին: Մարտական փառավոր ուղի անցած Շեկիկյանը պատերազմի դաժան պատկերներները երբեմն ներկայացնում է՝ վերջիններիս հաղորդելով հետաքրքրաշարժ, երբեմն՝ հումորային երանգներ:

«Իմ ծառայության ողջ ընթացքում ընտանիքս միշտ ինձ հետ է եղել, ապրում էինք Կապանի տարածաշրջանի ամայացած ադրբեջանաբնակ գյուղում, կրակային դիրքը հեռու էր 300 մետր։ Երբ պատահաբար մի օր տանն էի ճաշում, հանկարծ արկի արձակած ճնշումից տան պատուհանները բացվեցին, ես զարմանքով հարցրեցի՝ սա ի՞նչ էր։ Կինս ժպտալով պատասխանեց՝ երբ դու կրակ ես արձակում՝ ամեն օր էսպես է, էսօր կրակոցի պահին պարզապես տանն ես և զարմանում ես»,- պատմում է փոխգնդապետը՝ ավելացնելով, որ մինչ օրս չափազանց սերտ կապ է պահպանում իր զինվորների հետ:

«Զինվորներս մինչ օրս այցելում են մեր տուն, կնոջս իրենց մայրն են համարում։ Որդիս ծնվել է պատերազմի տարիներին Կապան քաղաքում։ Այն ժամանակ մարդիկ լքում էին Կապանը, պատերազմական իրավիճակ էր, և մեծ էր ոգևորությունը, երբ տղաս ծնվեց այնտեղ»,- փոգնդապետ Շեկիկյանի, այս պարագայում՝ երիտասարդ հոր, այսպիսի նվիրական պահերը ևս քիչ չեն։

Ճակատագրի բերումով Շեկիկյանի մարտական ուղին անցել է Արցախի հարավային ողջ սահմանագծով, և պատերազմի ողջ ընթացքում նրան հարազատ մոր նման ուղեկցել է Մայր Արաքսը: Այս իրողության խորհուրդը չափազանց մեծ է փոխգնդապետի համար, որի մասին ևս հուզմունքով պատմեց:

«Ես սասունցի եմ, հիշում եմ՝ ինչպես էին ուսանողները հավաքվում  մեր տանը և լսում պապիս պատմությունները Անդրանիկի մասին, Մեծ եղեռնի տարիներին ինչպես է հայ ժողովուրդը անցնում Արաքս գետը, մի մասը կոտորվում։ Իմ մեջ անջնջելի հիշողություններ էին թողել այդ պատմությունները։ Եվ արցախյան ազատամարտի տարիներին ես տեսա, թե ինչպես են ադրբեջանցիները Զանգելանից, Հորադիզից թողած միջանցքով անցնում  Արաքսը, գնում դեպի Իրան։ Իմ մոտ այլ զգացողություն էր տեսնել դա»,- Շեկիկյանը հուզվում է: Նա զուտ մարդկայնորեն այնքան էլ հրճվանքով չի ներկայացնում ադրբեջանցիների փախուստը հայոց պատմական հողերից, բայց թշնամու դարավոր վայրագությունները, պաշտելի Սասունի կոտորածները և բեկորված նախնիների հայրենազրկումն ու անցումը Մայր Արաքսով դեպի Արևելյան Հայաստան՝ նրա գիտակցության մեջ բոլորովին այլ խորհուրդ էին հաղորդել այս իրադարձություններին:

Ի դեպ՝ Մայր Արաքսից բացի էլի են ունեցել ուղեկցորդներ: Շեկիկյանը հիշում է դրանցից մեկին. «Կար ևս մեկը, ով դեպի արևելք ծավալվող մեր գործողություններում անընդմեջ ուղեկցում էր մեզ: Դա արդրբեջանական զինուժի դիվիզիոնի հրամանատար Փուլադն էր: Հաճախականությունները որսալով մենք խոսել ենք իրար հետ: Նա մեզ ասում էր՝ հանգիստ եղեք, գալու ենք մինչ Սևան և Երևան, մենք էլ ասում էինք՝ մենք ենք գալու, և այդպես՝ գետը մի կողմից, Փուլադը՝ մյուս կողմից, մեզ «ուղեկցեցին» մինչև Հորադիզ»:

Անցնելով փառավոր մարտական ուղի, հրետանային դասակի հրամանատարից մինչև գնդի հրետանու պետ, այնուհետ կատարելագործելով իրենց  գիտելիքները  հրամանատարաշտաբային ակադեմիական դասընթացների ունկնդիրը լինելով, մեր զրուցակիցներն այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում  իրենց անցած մարտական ուղու փորձառությունն ու գիտելիքներն  են փոխանցում երիտասարդ սպայակազմին՝ հայոց բանակի համար պատրաստելով լավագույն հրետանավորներին:

Վարդինե Իսահակյան

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica