close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-28. Ապրիլյանն ապացուցեց՝ երբ պետք լինի, բոլորս զինվոր կդառնանք. Արգիշտի Գևորգյան

Հասարակություն

28 Հունվարի 2020, 15:09
 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-28. Ապրիլյանն ապացուցեց՝ երբ պետք լինի, բոլորս զինվոր կդառնանք.  Արգիշտի Գևորգյան

«Մի՞թե մեզ չեն վստահում, մի՞թե ավագ ընկերները մեզ Արցախ չեն տանի»,- այս մտավախությունն են ունեցել ՀՅԴ Հայաստանի երիտասարադական միության անդամներն ապրիլյան քառօրյային։  Արցախից ամեն վայրկյան անհանգստացնող լուրեր են գալիս, իրենց տարեկից զինվորները օրհասական դրության մեջ են, իսկ իրենք թիկունքում են՝ Երևանում։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը վերհիշում է այդ օրերը. «Ե՛վ ընտանիքում, և՛, հատկապես, Դաշնակցության երիտասարդական միությունում շատ էի լսել արցախյան պատերազմի մասին։ Ակնածանքով էի լցված  մեր հերոսների՝ Դուշման Վարդանի, Բեկոր Աշոտի, Պետոյի  նկատմամբ։ Բանակումները, երգերը, գաղափարները մեզ պատրաստել էին  ոչ միայն  քաղաքական պայքարի, այլև սովորեցրել՝ հանուն պետականության՝ զենք վերցնել։ Եկել էր պահը, երբ մենք՝ երիտասարդներս, պետք է մեր պարտքը կատարեինք, ապացուցեինք, որ մեր պապերի ու հայրերի արժանի զավակն ենք»։

Արգիշտիի ու նրա ընկերների համար օրինակ է եղել  Դաշնակցության՝ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հերոսական պատմությունը։ Քառօրյան երիտասարդներին համախմբել է նաև ազգային արժանապատվության գաղափարի շուրջը՝ ապացուցելով ավագներին, որ նրանց արժանի հետնորդներն են։  

«Ապրիլյանի ժամանակ երիտասարդներս հավաքվեցինք, եկանք Գերագույն մարմին. ազատամարտիկների հանձնախումբն ու մեր ավագ ընկերներն արդեն Արցախ էին մեկնել։ Մենք էլ շատ էինք նեղվել, որ էլի մեզ չէին վստահել, հետները չէին տարել։

Վերջապես եկավ այն օրը, երբ ավագները զանգեցին ու մեզ ասացին, որ Նուբարաշենի հավաքներին մասնակցենք, պատրաստվենք։ Այնտեղ էին նաև Սիրայից, Լիբանանից եկած մեր ընկերները։ Բոլորս այնտեղ էինք, որպեսզի մեր զինվորական գիտելիքները թարմացնենք ու մեկնանք Արցախ։ ՊՆ-ի կազմակերպած հնգօրյա դասընթացներից հետո վերջապես եկավ երանելի օրը. մեկնեցինք Արցախ»,- հիշում է Արգիշտին։

Հասել են Թալիշ, սպասել, որ մեքենաներով բարձրանան դիրքեր։  Արցախյան պատերազմի մասնակից, գումարտակի ավագ ընկերներից Անդրանիկ Ափոյանն է դիմավորել, իրեն հատուկ կատակներ արել ու ՀՅԴ երիտասարդական միության խմբին  բարձրացրել դիրքեր։

«Ճանապարհին տեսանք Թալիշը՝  քանդված, ավերված, ջարդված... Դիրքերում մեր ավագ ընկերներն էին կանգնած։ Նրանք հերթափոխը մեզ հանձնեցին։ Դիրքն ամբողջությամբ վստահվեց ՀՅԴ երիտասարդական միությանը։ Ես դիրքի ավագն էի. այդպես էր որոշվել։ Բանակումների ժամանակ մեզ տարիներ շարունակ սովորեցրել են, թե ինչպես պատրաստվել պատերազմին, որովհետև մեր սկզբունքն է՝ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի։

Հրամանատարական կազմը խիստ հրահանգներ էր տալիս կամավորներիս՝ կարգապահություն, որոշումներին խստորեն ենթարկվել. մենք Պաշտպանության Բանակի մի մասն էինք, և կամավորությունը կամակորության չպետք է վերածվեր»,- թալիշյան օրերը հիշում է Արգիշտին։

Ապրիլյան պատերազմից երկու տարի առաջ էր զորացրվել։ Ծառայել է Արցախի Պաշտպանության Բանակում՝ առաջնագծի զորամասերից մեկում, մարտական հերթապահություն անցել։

«Ապրիլյանին մենք Արցախ էինք գնացել՝ որպես կամավորականներ։ Բանակում ծառայելիս բոլորը ենթարկվում են նույն օրենքներին, իսկ այս դեպքում կար ընկերություն, կար գաղափար, որի շուրջը համախմբված էին բոլորը։ Բանակում չես կարող ասել՝ ես գնում եմ տուն, իսկ կամավորը կարող է այդպես ասել, բայց, իհարկե, ոչ ոք նման բան չասաց, բոլորը մինչև վերջ մնացին, մնացին այնքան, որքան պետք էր»,- պատմեց երիտասարդ կամավորը։

20 օր մնացել են դիրքերում։  Թեև բուն քառօրյան ավարտվել էր, բայց իրավիճակը լարված էր. թե՛ մեր, թե՛ թշնամու կողմից կրակոցներ կային, նաև դիվերսիոն գործողություններն էին շարունակվում։ Երիտասարդները պատվով են կատարել իրենց վստահված գործը,  խրախուսական խոսքեր  լսել  ավագ ընկերներց ու ՊԲ հրամկազմից։

«Ռոբերտ Աբաջյանի հերոսական քայլը նմանեցնում եմ Հեթանոս Գագոյի արարքին։ Արմենակ Ուրֆանյանի, Գևորգ Աբաջյանի անձնվիրությունն ապացուցեցին, որ թեև տասնամյակներ են անցել, բայց պատմությունը կրկնվում է, բոլոր ժամանակներում էլ հերոսներ են ծնվում։ Երբ հասունանում է պահը, բոլորս պետք է լծվենք պետականության պաշտպանությանը։ Անկախ օրվա քաղաքական կուրսից՝ բոլորս  կդառնանք զինվոր», -վստահ է երիտասարդ դաշնակցականը։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica