close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սաուդյան թագաժառանգը լրտեսել է Amazon-ի սեփականատիրոջը. ՄԱԿ-ի մակարդակով միջազգային սկանդալ է հասունանում

Աշխարհ

23 Հունվարի 2020, 19:02
 Սաուդյան թագաժառանգը լրտեսել է Amazon-ի սեփականատիրոջը. ՄԱԿ-ի մակարդակով միջազգային սկանդալ է հասունանում

ՄԱԿ-ի ջանքերով միջազգային սկանդալ է հասունանում: Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի սմարթֆոն WhatsApp-ի նամակագրության միջոցով լրտեսային ծրագիր է ներմուծվել, ինչը նրան միլիարդների վնաս է հասցնել: Ենթադրվում է, որ այդ ամենի հետևում Սաուդյան Արաբիայի թագաժառանգն է: Բայց ի՞նչ դրդապատճառներ է նա ունեցել, և ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ դաժանաբար սպանված լրագրողի պատմությունը: Ըստ yerkir.am-ի՝ այդ հարցերին պատասխանել է «Վզգլյադ» թերթը:

2018-ին աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը բարեկամաբար շփվում էին WhatsApp-ի մեսենջերով: Թագաժառանգը միլիարդատիրոջն ինչ-որ տեսանյութ է ուղարկում, Բեզոսը դիտում է այն, ու նրա հեռախոս լրտեսական ծրագիր է ներմուծվում, որը սկսում է միլիարդատիրոջ անձնական տվյալներն արտաբեռնել:

Բեզոսն ու բեն Սալմանը առանձնահատուկ ներկայացման կարիք չունեն: Առաջինը Amazon ընկերության հիմնադիրն է ու ղեկավարը, նրա ընկերության կարողությունը գնահատվում է 115 մլրդ դոլար: Երկրորդը փաստացի իշխում է Սաուդյան Արաբիայում, որի թագավորը նրա 84-ամյա հայրն է:

Մուհամեդն անուն է հանել որպես բարեփոխիչ, որը երդվել է իր երկիրը դուրս բերել իրավական միջնադարից: Հնարավոր է՝ ի վերջո, դա Սաուդյան Արաբիան կործանման տանի, սակայն Մուհամեդն իսկապես տաղանդավոր քաղաքական գործիչ է: Նրա ներկայիս կարգավիճակը՝ հսկայական հարստություն, պետական մի քանի պաշտոններ և երկրի գահը ժառանգելու մոտ հեռանկար, պալատական փոքր հեղաշրջումների ու բանսարկությունների հետևանք է, ինչի պատճառով Սաուդների մեծ ընտանիքի ոչ բոլոր անդամներին է հաջողվել պահպանել առողջությունն ու ազատությունը:

Որոշ ամերիկացի մեկնաբանների շրջանում արքայազնի պաշտամունք կա, որոնք սպասում են, թե երբ է նա «բացելու արդի ժամանակների իր թագավորությունը»: Սակայն հարկ է նշել, որ այդ «արդիականությունը» վերաբերում է, օրինակ, կանանց վարորդական իրավունք տալուն, բայց ոչ՝ թագավորի բացարձակ կամ նրա ժառանգորդի՝ համարյա բացարձակ իշխանության սահմանափակմանը:

Ներկայումս թագաժառանգը համատեղում է փոխվարչապետի, պաշտպանության նախարարի, Թագավորական դատարանի նախագահի, տնտեսական զարգացման և հակակոռուպցիոն հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները: Վերջին պաշտոնն առանձնապես կարևոր է, քանի որ Մուհամեդին հնարավորություն է տալիս հետապնդելու իր բարձրաստիճան հակառակորդներին սովորական ոստիկանական մեթոդներով:

Օրինաչափ հարց է ծագում՝ Մուհամեդի ինչի՞ն են պետք Բեզոսի անձնական տվյալները. նավթն ու զենքը միակ բաներն են, որոնք Amazon-ը չի վաճառում:

Ազդեցիկ անհավատների հետախոսներում վիրուս գցելու միջոցով լրտեսության ռազմավարությունը սովորական է տարածաշրջանի համար: Մասնավորապես՝ այն ակտիվորեն կիրառում է ԱՄԷ-ն: Սակայն դժվար թե Մուհամեդի նման մարդը հենց այնպես, առանց կոնկրետ նպատակի Բեզոսի նման մարդուն լրտեսեր:

Վարկած կա, որ Բեզոսը միջանկյալ օղակ է՝ վիրուսը տեղափոխող, իրականում սաուդցիների նպատակը նրա հետ շփվող գործարարներն ու քաղաքական գործիչներն են:

Մեկ այլ վարկածով՝ Բեզոսը թագաժառանգին հետաքրքրել է որպես Blue Origin աերոտիեզերական ընկերության սեփականատեր: Հրթիռային տեխնոլոգիաները ոչ միայն տիեզերական զբոսաշրջության համար են, այլ նաև կործանիչ զենք են:

Սակայն ամենաճշմարտանման բացատրությունն այն է, որ Մուհամեդը Բեզոսի միջոցով լրագրող Ջամալ Խաշոգիի որսն էր անում՝ այն լրագրողի, որին սպանեցին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում  ու այնտեղից նրա մարմինը դուրս բերեցին մասնատված:

Խաշոգին պարբերաբար ու կտրուկ քննադատում էր Մուհամեդին և նրա բարեփոխումները, թագաժառանգի ամենահայտնի անձնական թշնամիներից էր: ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության աղբյուրները պնդում էին, որ արքայազնն անձամբ է հրամայել ոչնչացնել Խաշոգիին, և որ 15 մարդասպանների կեսը Մուհամեդի թիկնապահներն էին: Միջազգային սկանդալի պատճառով Սաուդյան Արաբիայում դատավարություն սկսվեց լրագրողի սպանության փաստով, մարդասպաններից 5-ին դատապարտեցին մահվան: Նրբությունն այն է, որ դա կարող է ներկայացում լինել՝ աչքակապություն՝ հանցանշանների վերացման համար:

Խաշոգիի հակասաուդյան հրապարակումների հիմնական հարթակը The Washington Post-ն էր՝ Բեզոսի թերթը: Արդյո՞ք նրա հեռախոսից արտաբեռնված տեղեկությունները դեր են խաղացել լրագրողին վերացնելու գործողության ժամանակ, հայտնի չէ: Նա սպանվել է հեռախոսի ենթադրյալ վարակումից 5 ամիս անց, ինչից հետո The Washington Post-ի տեղեկատվական «հրանոթները» սկսեցին գնդակոծել Մուհամեդին եռակի ուժով: Ու թեև «լավ շփվել էին», բայց Բեզոսն այլ կերպ չէր կարող վարվել, նույնիսկ եթե Մուհամեդը նրա ամենալավ ընկերը լիներ, իսկ լրտեսական ծրագրի պատմությունը՝ սուտ՝ սկզբից մինչև վերջ: 

Նախ՝ Խաշոգին The Washington Post-ի թղթակից էր, երկրորդ՝ սաուդյան թեմայով հրապարակումները կողմնակիորեն վարկաբեկում էին Բեզոսի թշնամի՝ նախագահ Թրամփին, որը նկարագրվող իրադարձություններից ոչ շատ առաջ սաուդցիների հետ զենքի՝ ռեկորդային մասշտաբի պայմանագիր էր կնքել և նպատակ ուներ լրջորեն համագործակցելու Մուհամեդի հետ:

Սրտնեղած Մուհամեդն իր կարգավիճակի համար անթույլատրելի հիմարություն   արեց՝ որոշեց վրեժ լուծել Բեզոսից, և «դեղին մամուլում» հայտնվեցին միլիարդատիրոջ նամակագրությունը սիրուհիների հետ ու նրանց համատեղ լուսանկարները: Եվ այդ վրեժն էլ օգնեց Բեզոսի վարձած դետեկտիվներին, որ պարզեն՝ հեռախոսով լրտեսության բոլոր թելերն Էր Ռիադում են:

Ի դեպ, Մուհամեդի վրեժը կարող է ճղճիմ թվալ, բայց շատ թանկարժեք վրեժ է. այդ ժամանակ Բեզոսն ամուսնալուծվում էր, և ունեցվածքի բաժանման ժամանակ դավաճանության փաստը մեծ դեր խաղաց, որ նրա կնոջը զգալի գումար հատկացվի՝ 37,5 մլրդ դոլար: Փաստորեն, WhatsApp-ով «բարեկամական» զրույցից առաջ նա 37,5 մլրդ դոլարով ավելի հարուստ էր, քան հիմա:

Ամերիկացի վերլուծաբանների կանխատեսումներով՝ միջազգային մեծ սկանդալ է հասունանում, որն արդեն հասել է ՄԱԿ: Արտադատական պատիժների հարցով՝ կազմակերպության հատուկ զեկուցող Անիես Կալամարի հատուկ հայտարարության մեջ ասվում է, որ Բեզոսին հետևելը նպատակ էր հետապնդում «ազդել The Washington Post-ի վրա կամ լռեցնել»: Եվ որ Մուհամեդի հանցակցությունը հեռախոսային լրտեսությանը նաև լրագրողի սպանության մեջ նրա դերին է անդրադառնում:

Սակայն կասկածներ կան, որ այս ամբողջ պատմության մեջ միակ տուժողը լինելու է Բեզոսը: Սաուդյան Արաբիայում գործող կարգերը մշտապես հեռու են եղել Արևմուտքում նորմ համարվողներից, ինչը չի խանգարում Էր Ռիադի նավթադոլարային համագործակցությանը համաշխարհային մայրաքաղաքների հետ: Իսկ թագաժառանգ արքայազնի ճակատագիրը, ինչ էլ որ նա իրեն թույլ տա, ամբողջությամբ կախված է ընդամենը մեկ մարդուց՝ նրա հորից:

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica