close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է Սահմանադրությանը. Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն

Հասարակություն

21 Հունվարի 2020, 22:06
 ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է Սահմանադրությանը. Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն

Անթույլատրելի ենք համարում ԱԺ-ի կողմից տեղական ինքակառավարման մարմնի գործունեության նկատմամբ օրենքով չսահմանված ձեւով միջամտելը եւ գտնում ենք, որ նման գործընթացի մեկնարկը նաեւ անհարգալից վերաբերմունք է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու եւ քաղաքապետի ինստիտուտի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից՝ 2018թ.-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»։

Սա նշանակում է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար պարտադիր անհրաժեշտ է երկու պայման-նպատակի միաժամանակյա առկայություն՝ ա) հարցը պետք է ներկայացնի հանրային հետաքրքրություն, բ) հարցի քննարկումը պետք է մտնի Ազգային ժողովի իրավասության մեջ:

Ըստ ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ», որը օրենսդրին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը քննելու կամ վերահսկելու լիազորությամբ չի օժտել, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ «Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ» որը չի կարող նույնականացվել տեղական ինքնակառավարման մարմնի հետ: Ավելին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ «քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող դուրս գալ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից»: Հետեւաբար՝ թեեւ հարցը ներկայացնում է որոշակի հանրային հետաքրքրություն, սակայն այն չի մտնում Ազգային ժողովի իրավասության մեջ: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին որոշման փաստաթղթում, որպես հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակ, ընտրվել են այնպիսի գործառույթներ, որոնք օրենքով հանդիսանում են քաղաքապետի լիազորություններ: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքապետի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Երեւանի ավագանին: Ավելին՝ «Երեւան քաղաքում տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ավագանու որեւէ խմբակցության պահանջով Երեւանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով», այսինքն՝ օրենսդիրը հենց Երեւան քաղաքի ավագանուն է օժտել քաղաքապետի գործունեության վերահսկողության եւ համայնքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցերը քննելու լիազորությամբ։ Տարակուսելի է, որ նշված հարցը բարձրաձայնող ավագանու ընդդիմադիր խմբակցությունները չեն օգտվել օրենքով իրենց վերապահված լիազորությունից եւ չեն ստեղծել ավագանու քննող հանձնաժողով։ Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում է իրավական հսկողություն», իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «քաղաքապետի եւ ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը »:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի կողմից տեղական ինքակառավարման մարմնի գործունեության նկատմամբ օրենքով չսահմանված ձեւով միջամտելը եւ գտնում ենք, որ նման գործընթացի մեկնարկը նաեւ անհարգալից վերաբերմունք է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու եւ քաղաքապետի ինստիտուտի նկատմամբ։

Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է հանրային հետաքրքրություն ունեցող բոլոր թեմաների քննարկմանը եւ պարզաբանմանը եւ պատրաստակամ է Երեւան քաղաքի ավագանուն օրենքով տրված լիազորությունների շրջանակներում քննարկել եւ պարզել Երեւան քաղաքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցեր՝ այդ թվում՝ նշյալ հարցը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica