close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թե ինչպես Լենինի գորշ բջիջները ծառայեցին գիտությանը

Աշխարհ

21 Հունվարի 2020, 19:43
 Թե ինչպես Լենինի գորշ բջիջները ծառայեցին գիտությանը

96 տարի առաջ՝ 1924 թ. հունվարի 21-ին, իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինը: Նրա աճյունն այսօր պահվում է Մոսկվայի գլխավոր հրապարակում գտնվող դամբարանում՝ զրահապատ ապակու տակ:

Լենինի մահը խորհրդային գիտության նոր ուղղության սկիզբը դրեց՝ ականավոր մարդկանց ուղեղի ուսումնասիրության, ինչն էլ, իր հերթին, բազմաթիվ ժամանակակից հայտնագործությունների հնարավորություն ընձեռեց: Այն մասին, թե ինչպես Լենինի գորշ բջիջները ծառայեցին գիտությանը, ըստ yerkir.am-ի, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել են Ուղեղի ինստիտուտի (ներկայումս՝ Ռուսաստանի առողջապահական ակադեմիայի նևրոլոգիայի կենտրոնի ուղեղի հետազոտության բաժանմունք ) փորձագետները:

Շերտերի էին բաժանել

Լենինին վերջին հրաժեշտը տվող միլիոնավոր մարդիկ անգամ չեն էլ մտածել, որ առաջնորդի ուղեղը նրա մահից անմիջապես հետո հեռացվել է բժիշկների կողմից: Հեղափոխության առաջնորդի մարմինն ու ուղեղը պահպանելու գաղափարը Ֆելիքս Ձերժինսկունն է, որին հավանություն են տվել մի խումբ նյարդաբաններ և ինքը՝ Ստալինը:

Պահպանվել է 1924-ի հունվարի 24-ով թվագրող մի գրություն. «Ես՝ ներքոստորագրյալ Արոսևս (Լենինի ինստիտուտի ներկայացուցիչ), ընկեր Բելենկիից (Պետական քաղաքական վարչության կոլեգիայի անդամ) սույն հունվարի 24-ին՝ ժամը 18:25-ին, Վ.Ի. Լենինի ինստիտուտի համար ստացել եմ ապակե տարա, որում Իլյիչի ուղեղը, սիրտը  և նրա մարմնից հանված գնդակն են: Պարտավորվում եմ ստացածս պահել Վ.Ի. Լենինի ինստիտուտում և անձամբ պատասխանատվություն կրել դրա լիակատար ամբողջականության ու պահպանության համար»:

Սակայն ուղեղը երկար չի մնացել թանգարանում: Որոշել են, որ այն ոչ միայն հիշատակ է, այլ նաև լուրջ գիտական հետազոտությունների առարկա՝ հանճարի ուղեղ: 1925-ին ստեղծվել է Լենինի ուղեղի ուսումնասիրման հատուկ լաբորատորիա, որը մի քանի տարի անց վերածվել է ինստիտուտի:

Հեղափոխության հանճարի ուղեղի ուսումնասիրման համար գումար չեն խնայել: Քանի որ ԽՍՀՄ-ում  ուղեղի մորֆոլոգիայի՝ կառուցվածքի մասնագետներ դեռևս չկային,  Գերմանիայից հրավիրել են նյարդաբան, պրոֆեսոր Օսկար Ֆոգտին, որին վստահել են գիտական աշխատանքների ղեկավարումը:

Ֆոգտի նախագծով Գերմանիայում պատրաստել են «կտրող» սարքեր: Նախ՝ Լենինի ուղեղը դրել են պարաֆինի մեջ, հետո Ֆոգտի ասիստենտն այն բարակ շերտերի է բաժանել՝ ըստ ամփոփիչ զեկույցի՝ 30953, յուրաքանչյուրը՝ 20 միկրոմետրանոց (0,02 մմ):

Գիտնականների վկայությամբ՝ Լենինի ուղեղը շատ վատ վիճակում է եղել: Նկարիչ Յուրի Անենկովը, որը տեսել է այն ապակե տարայում, ասում էր, որ մի կիսագունդը հիասքանչ էր պահպանված,, սակայն մյուսը՝ «խորշոմած, ճզմված, ընկույզից ոչ մեծ չափի»: Ավելի ուշ ընկույզի չափի մասին արտահայտությունը հերքվել է, սակայն ուղեղն իսկապես մեծ չէր՝ 1340 գրամ: Համեմատության համար՝ Տուրգենևի ուղեղը 2012 գ էր կշռում, Բայրոնինը՝ 1800 գ:

Իր աշխատանքը Ֆոգտն ամփոփել է Գիտությունների ակադեմիայում զեկույցով՝ տեղեկացնելով, որ Լենինի ուղեղի ճակատային մասում հայտնաբերել է հսկայական չափերի բջիջներ, այդպիսիք իբր տեսել է ատլետների ուղեղների կեղևի շարժողական շրջանում, ինչից էլ եզրակացրել է, որ Լենինը «ասոցիացիաների ատլետ էր», այսինքն՝ հանճար: Սակայն հետագայում ոչ ոք նման բջիջներ չի հայտնաբերել ո՛չ ատլետների, ո՛չ էլ Լենինի ուղեղում: Փաստորեն, Ֆոգտը քաղաքական պատվեր էր կատարել:

Հեղափոխական գաղափարների դարաշրջան

1920-30-ականներին մոդայիկ էին գիտական արտասովոր գաղափարները՝ փորձում էին նոր՝ սոցիալիստական կարգերի համար գերմարդ ստեղծել ու գտնել անմահության գաղտնիքը:

Ականավոր մարդկանց ուղեղների հետազոտության և դրա արդյունքում հանճարների հնարավոր ստեղծման գաղափարն առաջարկել էր հայտնի նյարդաբանՎլադիմիր Բեխտերևը: Ըստ նրա՝ «մարմինը գերեզման իջեցնելով՝ անվերադառնալիորեն կորչում է ականավոր մարդու ուղեղը՝ այն սֆինքսը, որի հանելուկը պետք է լուծել»: Պետական մակարդակով այդ գաղափարն աջակցություն ստացավ, երբ որոշվեց ուսումնասիրել Լենինի ուղեղը:

Տարիների աշխատանքի արդյունքում Ուղեղի ինստիտուտում մեծ հավաքածու է ձևավորվել: Այստեղ պահվում են քաղաքական գործիչների, գրողների, գիտնականների, արվեստի գործիչների ուղեղներ՝ Կալինինի, Կիրովի, Կրուպսկայայի, Ցետկինի, Լունաչարսկու, Գորկու, Մայակովսկու, Ալեքսեյ Տոլստոյի, Միչուրինի, Մենդելեևի, Պավլովի, Լանդաուի, Ցիոլկովսկու, Սախարովի, Ստանիսլավսկու և այլոց:

Հավաքածուն սկսել է քիչ  համալրվել Ստալինի մահից հետո: Մինչ այդ մահացածի ուղեղը հանում էին առանց թույլտվության, օրինակ՝ ինչպես Մայակովսկու դեպքում. եկել է հատուկ խումբ, ՆԳ կոմիսարիատի սպաների ուղեկցությամբ, հանել ուղեղն ու տարել: Այդպես է եղել այդ ժամանակ մահացած հայտնի մարդկանց պարագայում: Ստալինի մահից հետո այդպիսի գործողություններն արդեն անհնար են եղել, և հավաքածուում հետստալինյան ժամանակաշրջանի հայտնի մարդկանց ուղեղները հայտնվել եմ կա՛մ հենց նրանց, կա՛մ հարազատների ցանկությամբ:

Կշիռը չի ազդում շնորհալիության վրա

Արդեն վաղուց է հայտնի, որ ուղեղի կառուցվածքի ուսումնասիրությամբ անհնար է սահմանել հանճարեղության բնույթը: Ուղեղի կշիռը չի ազդում շնորհալիության վրա: Դրա վառ ապացույցը ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի ուղեղն է, որն ամենաթեթևն է «ականավոր» ուղեղների թվում (1 կգ-ից փոքր-ինչ ավելի):

Քանի որ ուղեղի կառուցվածքի ու շնորհալիության միջև կապեր չէին հայտնաբերվում, Ուղեղի ինստիտուտում զուգահեռաբար այլ հետազոտություններ էին իրականացվում: Արդյունքում՝ բազմաթիվ տվյալներ են ստացվել ուղեղի գործունեության վերաբերյալ, օրինակ՝ թե որտեղ է տեղակայված հիշողությունը, ինչպես է այն խախտվում, ինչ միջոցներով է ուղեղն այն վերականգնում: Գիտնականներն ուսումնասիրել են կաթվածների բնույթը, Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմի ախտորոշման խնդիրները: Ներկայումս ուսումնասիրում են տաղանդավոր մարդկանց ուղեղի գենետիկան՝ գեները, որոնք բնորոշում են բնավորությունը, մտավոր կարողությունները և այլն:

Մասունքների վերադարձման գործողություն

Պրոֆեսոր Ֆոգտը կամայականորեն Գերմանիա էր տեղափոխել Լենինի ուղեղի մի քանի կտրվածքներ: Ավելի ուշ անգլիական մամուլը գրեց, թե իբր բոլշևիկները մասունքները վերադարձնելու հատուկ գործողություն են իրականացրել:

Ի դեպ,  մինչև 1991 թվականը Ուղեղի պանթեոնի մոտ (շենքը, որտեղ պահվում է Լենինի ուղեղը), ՊԱԿ-ը հերթապահություն էր իրականացնում, առաջնորդի ուղեղի հետ կարող էին գործ ունենալ եզակի մարդիկ, որոնք, ընդ որում, իրավունք չունեին շփվելու օտարերկրացիների հետ, մեկնելու արտասահման: 1991-ից հետո հերթապահությունը և հույժ գաղտնիության մակագրությունը հանվել են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica