close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի պաշտպանության գիծը հնարավոր է դարձյալ հասնի Արաքս

Աշխարհ

21 Հունվարի 2020, 17:37
 Ռուսաստանի պաշտպանության գիծը հնարավոր է դարձյալ հասնի Արաքս

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հանդես է եկել Իրանի վերաբերյալ հայտարարությամբ: «ԱՄՆ-ն ու Եվրոպան տարբեր մոտեցումներ ունեն: Թեև ԱՄՆ-ը միակողմանիորեն հրաժարվեց միջուկային համաձայնագրից և անցավ առավելագույն ճնշումների, մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել բանակցությունների միջոցով: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ցանկանում են պահպանել համաձայնագիրը, որպեսզի կանխեն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը: Սպառնալիքները և ռազմական լարվածությունը ոչինչ չեն փոխել: Մենք ցանկանում ենք խանգարել Մերձավոր Արևելքում հրդեհի բռնկմանը: Եվրոպական Միությունը հենվում է դիվանագիտության վրա, այլ ոչ՝ էսկալացիայի: Մենք չենք ցանկանում ձև անել, թե իրադրությունն անմիջապես կփոխվի Թեհրանում ռեժիմը դրսից փոխելու պարագայում»,- նշել է նա:

Մաասը նաև հատուկ ընդգծել է, որ «Իրաքում արդեն իսկ ամեն բան այնպես չընթացավ»:

Վերլուծելով Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում»-ում հրապարակած հոդվածում, ըստ yerkir.am-ի,  նշում է, որ, եթե այն գնահատվի բովանդակային առումով, ապա երկու մասի կարելի է բաժանել: Առաջինը Իրանի նկատմամբ ԵՄ քաղաքականության գնահատականն է, երկրորդը՝ Մերձավոր Արևելքում իրադարձությունների պոտենցիալ ընթացքի՝ հնարավոր է «հրդեհ բռնկվի», եթե ԱՄՆ-ը որոշի «դրսից» փոխել «իրանական ռեժիմը»:

Այստեղ, ըստ քաղաքագետի, ծագում է իրավիճակի հանգուցալուծման հեռանկարի հարցը: Հայտնի է, որ ԵՄ-ն չողջունեց Վաշինգտոնի դուրս գալը Թեհրանի հետ Համապարփակ գործողությունների համատեղ ծրագրից: Ամերիկացիները կոշտ պատժամիջոցներ սկսեցին կիրառել Իրանի նկատմամբ: Ի պատասխան՝ Եվրոպան ընտրեց միջնորդավորված դիվանագիտության ճանապարհը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ կապ պահպանելով, առաջարկեց ԱՄՆ-ի ու Իրանի միջև հատուկ համաձայնագիր ստորագրել, սակայն նախաձեռնությունը հաջողությամբ չպսակվեց: Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդատվություններ անցկացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Դիվանագիտական համույթի» կազմում իր տեղն է փնտրում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Սակայն  ամեն բան դեռ ապարդյուն է: Վերջերս մտցվեց INSTEX (Instrument in Support of Trade Exchanges) վճարային մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս Իրանի հետ առևտրում շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները, սակայն էականորեն ոչինչ չի փոխվել:

Առաջարկվեց նաև կիրառության մեջ դնել միջուկային պայմանագրով նախատեսված՝ վեճերի լուծման մեխանիզմը, որը ենթադրում է հատուկ հանձնաժողովի ստեղծում, երբ կողմերից մեկը խախտում է պայմանագիրը: Եթե 15 օրվա ընթացքում վեճը չի լուծվում, կարող են հետևել պատժամիջոցներ ՄԱԿ-ի մակարդակով: Դա մերժվեց Թեհրանի կողմից: Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարեց, որ «եթե Եվրոպան Իրանի վրա ճնշում գործադրի միջուկային գործարքի պահով, ապա Թեհրանը կվերանայի իր համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ հրաժարվում է հարստացված ուրանի ծավալների սահմանափակման, նաև ցենտրիֆուգների քանակի ու մոդելների վերաբերյալ պարտավորությունից:

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Զիգմար Գաբրիելը համարում է, որ ԵՄ-ն «իրանական ճգնաժամի պայմաններում իրեն դրսևորում է որպես «թղթե վագր»»: Նրա կարծիքով՝ լարվածությունն իրապես նվազեցնելու համար Եվրոպան պետք է քաղաքական ռիսկի դիմելու քաջություն ունենա՝ քաղաքական կոնֆլիկտի մեջ մտնի ԱՄՆ ներկայիս նախագահի հետ: Գաբրիելը նաև առաջարկում է, որ Եվրոպական կենտրոնական բանկը կամ ԵՄ երկրների ազգային բանկերը, ի պատասխան Իրանի կողմից միջուկային գործարքի կատարման և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը զուսպ արձագանքելուն, Թեհրանին բազամիլիարդանոց վարկեր առաջարկեն՝ միջուկային գործարքի պահպանման պայմանով:

Սակայն, Տարասովի կարծիքով, իրադարձությունների նման ընթացքին Բրյուսելը պատրաստ չէ, և նրա հայտարարություններն ընկալվում են ընդամենը որպես «քաղաքական թախանձանքներ»:

Իրանը, ըստ քաղաքագետի, անշուշտ, կցանկանար, որ Եվրոպան իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաժողով անցկացներ՝ Լիբիայի վերաբերյալ բեռլինյան համաժողովի նման, վերահսկողություն սահմաներ իր դոսյեի նկատմամբ, ինչը հնարավորություն կտար Թեհրանին եվրոպական ուղղությամբ իրականացնելու  դիվանագիտական լայն մանևրի քաղաքականություն:

«Չի ստացվում: Եվրոպան սպասում է՝ միայն մտահոգություն հայտնելով, չունենալով Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջական պատկերը կամ այդ՝ ամերիկյան գործոնով պայմանավորված բարդ իրավիճակից դուրս գալու տեսլականը: Եվրոպան ի վիճակի չէ քայլեր անել տարածաշրջանում դիվանագիտական գործողությունների առաջնագիծ դուրս գալու համար: Նաև վախենում է, այդ թվում՝ Գերմանիան, իրանական ճգնաժամի մաս դառնալ, քանի որ Իրանում և այդ երկրի շուրջ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում ճգնաժամը չի սահմանափակվի միայն այդ պետությամբ: Բեռլինում համարում են, որ Իրանում ռեժիմ փոխելուն ուղղված քաղաքականությունը առանց քաղաքական ռազմավարության կարող է հանգեցնել մերձավորարևելյան հրդեհի: Եվ ոչ միայն այնտեղ: Իրանում հնարավոր ապակայունացումը չի շրջանցի նաև Անդրկովկասի երկրները»,- գրում է նա և ներկայացնում չինական The Paper լրատվականի, նաև Bloomberg-ի նկարագրած սցենարը՝ «Սոլեյմանիից հետո». ԱՄՆ-ը, Իրանի հետ համարյա ռազմական հակամարտության քաղաքականություն վարելով, կփորձի քայքայել Սիրիայում Իրանի հակաամերիկյան և հակաիսրայելական առանցքը, որպեսզի տարածաշրջանում միայն Թուրքիան մնա որպես Ռուսաստանի միակ դաշնակից, կստեղծի իրավիճակ, երբ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում կունենա բացառապես «սահմանափակ մարտավարական բնույթ»:

«Այդ կապակցությամբ պնդում են, թե Լիբիան մերձավորարևելյան հերթական շախմատային պարտիան է, որում Ռուսաստանն ակտիվ մասնակցություն ունի՝ ներգրավելով Թուրքիային, ինչը, գերմանական Deutschlandfunk ռադիոընկերության կարծիքով, «աննախադեպ փաստ է»: ԱՄՆ-ի խնդիրն է չթույլատրել, որ Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները հասնեն ռազմա-քաղաքական ռազմավարական գործընկերության մակարդակին, դժվարացնել Մոսկվայի մանևրելու հնարավորությունը Անկարայի և Թեհրանի հետ ալյանսում:

Մյուս կողմից՝ ԱՄՆ-ում երկյուղում են, որ «Իրանի անկում» գործողության սկիզբը Ռուսաստանին ոչ միայն այդ երկրի պաշտպանության առաջնագիծ կմղի, այլև կամրացնի Արաքսով անցնող պատմական սահմաններում: Դա պարտադրված որոշում կլինի, քանի որ Իրանի ապակայունացումը կհանգեցնի դժվար կանխատեսելի մի շարք իրադարձությունների, այդ թվում՝ ԻՊ-ի կողմնակիցների էքսպանսիան արգելափակող պատնեշի անկմանը: Իրադարձությունների այդպիսի ընթացքը շատերին ֆանտաստիկ է թվում կամ փոքր-ինչ չափազանցված, սակայն այն հնարավոր է և անտեսել այլևս չի կարելի: Եվրոպայում արդեն սկսել են հասկանալ դա»,- հոդվածը եզրափակում է Ստանիսլավ Տարասովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica