close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ինչ ունեք-չունեք՝ հավաքե՛ք, եկե՛ք». ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հայրենադարձներին տրվող մաքսային արտոնությունների մասին

Հասարակություն

20 Հունվարի 2020, 22:09
 «Ինչ ունեք-չունեք՝ հավաքե՛ք, եկե՛ք». ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հայրենադարձներին տրվող  մաքսային արտոնությունների մասին

Հայաստանում գրանցված, բայց փաստացի 3 տարի և ավելի այստեղ չբնակված մարդիկ այսուհետև կօգտվեն հայրենադարձներին տրվող մաքսային արտոնություններից. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ մոտ ապագայում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կիրականացվեն: Պատգամավորը ներկայացնում է, որ գործող օրենքը մի շարք խնդիրներ է ստեղծում վերադարձողների համար, օրինակ՝ մեր երկրում գրանցված մարդիկ, անկախ նրանից, թե քանի տարի են ապրել արտերկրում, չեն օգտվում հայրենադարձներին տրվող մաքսային արտոնություններից, քանի որ համարվում են այստեղի բնակիչ,  իսկ գրանցում չունեցողների համար սահմանված ժամկետը 5 տարի և ավելի է՝ գրում է 168․am-ը:

«Հիմա մենք նշում ենք, որ, եթե փաստացի անձը երեք տարի մշտապես չի բնակվել Հայաստանում, ինչը ենթադրում է, որ երեք տարվա մեջ, ամեն տարվա կտրվածքով, կեսից ավելին այստեղ չի ապրել՝ 184 օր և ավելի, ինքը կհամարվի այստեղի  հաշվառումից դուրս եկած, հետևաբար՝ կկարողանա օգտվել այս արտոնություններից»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Արտոնությունները հետևյալն են՝ հայրենադարձներից յուրաքանչյուրը իր հետ առանց մաքսատուրքերի կկարողանա բերել մինչև 5000 եվրո արժողությամբ իրեն պատկանող ապրանք, ինչպես նաև մինչև հայրենադարձությունը ավելի քան 6 ամիս իր անունով գրանցված մեկ մեքենա: Ավտոմեքենայի արտոնությունը հայրենադարձին տրվում է ամբողջ կյանքում  միայն մեկ անգամ, այլ կարգավորում է նախատեսված մինչև 5000 եվրո արժողությամբ ապրանքների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը ասաց.

«Կապ չունի՝ Հայաստանի քաղաքացի ես, թե ոչ, քաղաքացիություն ունես, թե չունես, եթե ինչ-որ մեկը մեկնել է մեկ տարուց ավելի արտերկիր աշխատելու և վերադառնում է, մինչև 5000 եվրո արժողությամբ ապրանք կարող է առանց մաքսատուրքերի ներմուծել: Այս արտոնությունից կարող են օգտվել 3 տարին մեկ անգամ, այսինքն՝ գնալ, աշխատել, վերադառնալ և առանց մաքսատուրքի գույքը ներմուծել»:

Սիսակ Գաբրիելյանը պարզաբանում է, որ Հայաստան վերադարձողներն իրենց գույքը կարող են բերել ոչ թե միանգամից, այլ 18 ամսվա ընթացքում, ասում է.

«Կարող է ընտանիքի մեկ անդամը վերադառնալ՝ հայրը կլինի, կամ ընտանիքի ավագ անդամներից մեկը, բնակարանի, աշխատանքի հարց լուծել, հետո դիմել կացության թուղթ ստանալու համար: Հասկանալի է, որ երկար տարիներ այստեղ չեն ապրել, պետք է գան, մի հատ հասկանան»:

Շուշանիկ Ներսիսյանը վստահեցնում է՝ ՊԵԿ աշխատակիցները շատ ուշադիր են, և կբացահայտվեն բոլոր այն դեպքերը, որոնք կասկածելի կլինեն: ՊԵԿ նախագահի տեղակալի պնդմամբ՝ նման դեպքեր արդեն գրանցվել են.

«Վերջերս մի տարեց կին՝ 80-ն անց, բնակության էր վերադառնում Հայաստան Վրաստանից և իր հետ 2019 թվականի «Բենթլի» էր բերում։ Լիազորել էր երկու երիտասարդների, որ զբաղվեն իր հարցերով։ Ունենում ենք նաև այսպիսի դեպքեր: Վարչարարությունը խիստ է լինելու, եթե մեզ չեն խաբում, մենք մաքսիմալ մեր վերադարձող քաղաքացիների կողքին ենք»:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացնում է մեկ այլ փոփոխություն ևս. գործող օրենքով Հայաստանում 184 օր անընդմեջ ապրած արտերկրի քաղաքացիները չեն կարողանում օգտվել մաքսային արտոնությունից, քանի որ օրենքը նրանց այլևս հայրենադարձ չի համարում: Առաջարկվող փոփոխություններով՝ արտերկրի քաղաքացիների Հայաստանում բնակվելու ժամանակահատվածը կսկսեն հաշվարկել այն օրից, երբ նա կդիմի մշտական բնակության համար:
Պատգամավորը վստահություն է հայտնում, որ վերադարձողները շատ կլինեն, ասում է՝ դիմողներն արդեն իսկ շատ են: Նախատեսվում է, որ արտոնություններն օրենքի ուժ կստանան մարտին կամ ապրիլին: Օրենքը հետադարձ ուժ է ունենալու:

Շուշանիկ Ներսիսյանը ցիտում է Սիսակ Գաբրիելյանին.

«Ինչ ունեք-չունեք՝ հավաքեք, եկեք»:

 Անահիտ Հովհաննիսյան
Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica