close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրա վերջին կտակը. այսօր Ռոստոմի հիշատակի օրն է

Հասարակություն

19 Հունվարի 2020, 16:11
 Նրա վերջին կտակը. այսօր Ռոստոմի հիշատակի օրն է

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակի ազգային-ազատագրական շարժման, գաղափարական-կուսակցական, կրթական կյանքի ամենաառանցքային գործիչներից մեկի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության  հիմնադիր-անդամ Ռոստոմի հիշատակի օրվա կապակցությամբ Yerkir.am-ը ներկայացնում է Գ. Լազյանի «Յեղափոխական դեմքեր (մտաւորականներ եւ հայդուկներ)» գրքից մեծանուն գործչին նվիրված բաժինը՝ կենսագրականը, ինչպես նաև Գ. Լազյանի՝ «Դրօշակից» մեջբերված Ռոստոմի մտքերից ու Հ. Տեր-Դավթյանի «Ռոստոմի վերջին օրերը» ակնարկից մեկական հատվածներ։

Yerkir.am-ի կողմից Գ. Լազյանի տեքստը փոխակերպված է արևելահայերեն ժամանակակից ուղղագրության։

 

 

ՌՈՍՏՈՄ (ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ)

Դաշնակցության երեք հիմնադիրների մեջ ամենաերկարակյացն է։ Ունեցել է առավել ընդգրկուն գործունեություն։ Ծնվել է Գողթան գավառի Ցղնա գյուղում։ Ուսանել է Թիֆլիսում, Բաքվում և Մոսկվայի Պետրովսկու գյուղատնտեսական ակադեմիայում։ Ուսանողական շրջանում հեղափոխական շարժումներին մասնակցության պատճառով երկու անգամ աքսորվել է։

Դաշնակցության հիմնադրման տարում մեկնում է Կարին՝ ուսուցչական պաշտոնով, բայց շուտով այնտեղից հեռացվում է թուրքական իշխանությունների կողմից։ Թիֆլիս գալով՝ գործուն դեր է ստանձնում Դաշնակցության առաջին Ընդհանուր ժողովի (1892) նախապատրաստական աշխատանքներում։ Կազմել է Ծրագրի տեսական մասը։ «Դրօշակի» սկզբնական հրատարակության մեջ գլխավոր դեր է կատարել իբրև գրաշար և խմբագիր։ 1890-1891 թթ․ լույս է տեսնում երկու համար «Դրօշակ թռուցիկ թերթը», իսկ 1891 թ. Թիֆլիսում հրատարակվում են «Դրօշակի» առաջին և երկրորդ համարները, 1892 թ. Ռումինիայում՝ երրորդ և չորրորդ համարները։ Ռոստոմն այնուհետև թերթը փոխադրում է Ժնև, ուր գոյություն ունեին առավել ազատ պայմաններ։

Մինչև 1895 թ. վարում է «Դրօշակի» խմբագրությունը, սակայն այդ աշխատանքը չէր գոհացնում իրեն, ուստի թերթը հանձնելով Հովնան Դավթյանին՝ մեկնում է Թիֆլիս, ապա իբրև «վաճառական»՝ Տրապիզոն, այնտեղից էլ՝ Կարին։ Այդ թվականներին Համիդը ջարդեր կազմակերպելու համար հայկական նահանգներ էր ուղարկում Շաքիր փաշային։ Ռոստոմն այն ժամանակ ուսուցիչ էր Կարինում, որտեղից շուտով հեռացվում է։

Ռոստոմ գործում է Պարսկաստանի և Կովկասի մեջ։ 1898 թ. Թիֆլիսում գումարված Դաշնակցության երկրորդ Ընդհանուր ժողովում պաշտպանում է Թուրքիայում գործող ուրիշ հեղափոխական կուսակցությունների հետ գործակցության անհրաժեշտությունը։ Ամուսնանում է օրիորդ Լիզա Մելիք-Շահնազարյանի հետ, որ 1900 թ. Բուլղարիա անցնելով դպրոց է հիմնում։ Շուտով Ռոստոմը միանում է իր կնոջը և դասավանդում նորաբաց վարժարանում, նույն ժամանակ իրականացնում է հայ – մակեդոնական գործակցությունը՝ Համիդի կառավարության դեմ։ 1902 թ. ընտանյոք վերադառնում է Կովկաս, հաջորդ տարում աքսորվում է Օդեսա, որտեղից փախչում է արտասահման։ 1904 թ. Սոֆիայում գումարվում է ՀՅԴ երրորդ Ընդհանուր ժողովը. այնտեղ Սուլթանի դեմ մահափորձի որոշում է կայացվում, որը պիտի կազմակերպեր ու գործադրեր Քրիստափոր Միքայելյանը։ Սոֆիայի մեջ կատարված ռումբի փորձարկման ընթացքում զոհվեց Քրիստափորը, խորը վիշտ պատճառելով ընկերներին։ Ռոստոմ Ժնևից մեկնում է Սոֆիա՝ ներկա գտնվելու Քրիստափորի հուղարկավորությանը և որոշ ժամանակ Բուլղարիա մնալով՝ հիմնում է Դաշնակցության զինվորական վարժարանը։

1903 թ. Նիկոլայ ցարը հրովարտակով բռնագրավեց հայ եկեղեցական կալվածքները, որի հետևանքով Էջմածինը շվարման է մատնվում։ Ռոստոմն այցելեց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին, ինքնապաշտպանության մարմնի կողմից կազմված կտրուկ հայտարարություններ արեց՝ տեղի չտալու մասին և խոստացավ ամեն աջակցություն։ Երկրում ամեն կողմից ցույցեր և դիմադրություններ կազմակերպվեցին, ի վերջո ցարական իշխանությունը հետ վերցրեց գրավման իր որոշումը։ Հայտնաբերված դիմադրական շարժումների շարժիչ ուժը Ռոտսոմն էր։

Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ (1906 թ.) Արմեն Գարոն ստանձնել էր Թիֆլիսի, Նիկոլ Դումանը՝ Երևանի, Վարդանը՝ Ղարաբաղի պաշտպանությունը, իսկ Ռոստոմն ամեն տեղ էր։

1907 թ. Վիեննայի ՀՅԴ Ընդհանուր ժողովի մեջ պառակտումի վախեր կային, տարակարծություններ էին առաջ եկել Կովկասյան նախագծի շուրջ։ Ռոստոմը վճռական դեր է խաղում այդ տարակարծությունները հարթելու մեջ։

1908 թ. Ռոստոմը մասնակցում է Պարսկաստանի հեղափոխական շարժմանը։ 1909 թ. ամռանը ներկա է գտնվում Վառնայի Դաշնակցության 5-րդ Ընդհանուր ժողովին, որտեղ կրկին ընտրվում է Բյուրոյի անդամ։ 1910 թ. հրավիրվում է Կարին, իբրև ազգային վարժարանների տնօրեն։ Բարձր Հայքի մեջ ստեղծում է ոգևորություն, մեծապես զարկ է տալիս կրթական գործին, կազմակերպում է մշակութային միություններ, ժողովրդական դասախոսություններ և երբ պահպանողական տարրերը Կարինը զրկեցին Սանասարյանից, Ռոստոմը բացառիկ ջիգ գործադրեց՝ ապահովելու համար նոր Սանասարյանի բացումը ժողովրդական միջոցներով։

1914 թ. ամռանը Կարնո մեջ գումարվում է Դաշնակցության 8-րդ Ընդհանուր ժողովը։ Վրա է հասնում եվրոպական պատերազմը և թուրքերը ցանկալի չգտնելով ծանոթ կուսակցականների ներկայությունը Կարնո մեջ՝ սկսում են հետապնդումները։ Ռոստոմը ստիպված սեպտեմբերի սկզբին Տրապիզոնով անցնում է Եվրոպա, իսկ 1915 թ.՝ Սկանդինավյան թերակղզով՝ Կովկաս։

Ռոստոմը համաձայն չէր կամավորական շարժմանը, որը սկսել էր ժողովրդական մեծ խանդավառությամբ։ Սակայն պետք էր սկսած գործը վարել, և Ռոստոմը նվիրվեց այդ աշխատանքին։

Ամբողջ պատերազմի ընթացքում Ռոստոմը Հ.Յ. Դաշնակցության կենտրոնական դեմքն էր, և նրա վրա էր ծանրացած քաղաքական խիստ պատասխանատու աշխատանքը։ Նա կարողացավ Պետերբուրգի, Մոսկվայի, Թիֆլիսի, Բաքվի հայ քաղաքական գործիչների հետ ներդաշնակ գործել, և հայությունը միշտ մեկ ճակատով ներկայացավ տագնապալի րոպեներին։

Հայ կամավորական խմբերի կազմակերպման ընդհանուր ղեկավարն էր, և նրա հեղինակությամբ էին կարգավորվում բոլոր հարցերը և վեճերը։ Անդրանիկը պոռթկումներ ունեցած ժամանակ միայն Ռոստոմի հրահանգներն էր լսում։

Վանի գրավմանը Ռոստոմը փութաց Վասպուրական և հերոսամարտի ղեկավար Արամի հետ մշակեց գործունեության նոր ծրագրեր։ Արամը տեսնում էր Ռոստոմի մեջ Դաշնակցության ղեկավար միտքը, իսկ Ռոստոմը Արամին համարում էր Դաշնակցության զորավոր բազուկը։

Ռուսական հեղափոխության օրերին Ռոստոմը արտակարգ աշխատանքի լծվեց։ Կովկասի Ռայոնական ժողովին ձախակողմյան երիտասարդ տարրերը ելույթներ ունեցան։ Ռոստոմին հաջողվեց իր ազդեցությամբ անսասան պահել կուսակցության միությունը։ Կատարվեց Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրությունները, որտեղ հայության կողմից ընտրված բոլոր ինը պատգամավորները դաշնակցականներ էին։ Ռոստոմը նրանցից մեկն էր։

Ռուս Ժամանակավոր կառավարությունը տրամադիր լինելով պատերազմը դադարեցնելուն՝ այդ նպատակով ուժ տվեց 1917 թ. հուլիսի 8-ին Ստոկհոլմում գումարված միջազգային ընկերվարական համագումարին, որի աշխատանքներն արդյունքի չբերեցին՝ դաշնակից պետությունների բացասական վերաբերմունքի հետևանքով։ Ռոստոմը մասնակցեց այդ համագումարին և ՀՅԴ-ի կողմից տվեց մի հուշագիր, պահանջելով Թուրքահայաստանի և Կիլիկիայի ազատագրումը թրքական լծից և Հայաստանի չեզոքության երաշխավորումը միջազգայնորեն։

Ռուս բանակի նահանջի հետևանքով, երբ վտանգված էր Բաքուն, Ռոսոմին տեսնում ենք այնտեղ։ Ձայնի իրավունքով մասնակցեց Ազգային խորհրդի նիստերին։ Նավթային այս մեծ կենտրոնն արագորեն գրավել էին ցանկանում և՛ գերմանացիները, և՛ թուրքերը։ Ռոստոմի ներկայությունը ոգևորիչ էր, նա համադրեց քաղաքական և զինական բոլոր պիտանի ուժերը։ Իր հրավերով հյուսիսային Կովկասից եկան Մուրադը, Սեպուհը և ուրիշ հայդուկներ։ Բաքվի պաշտպանության օրերին Ռոստոմը սերտորեն գործակցեց բոլշևիկների և նրանց ղեկավարի՝ Շահումյանի հետ։ Քաղաքը դիմադրեց թուրք բանակի և տեղական թաթար խուժանի մեծ հարձակումներին մինչև սեպտեմբերի 15-ը, երբ օգնության եկող անգլիական փոքրաթիվ ուժերը կհեռանային Բաքվից, մինչ երեք օր հետո՝ սեպտեմբերի 18-ին, Բալկանների մեջ հաղթում են Դաշնակիցները, և մոտենում էր ընդհանուր զինադադարը։ Բաքվի հայությունը 20,000-ից ավելի զոհ տվեց, բայց քաղաքի պաշտպանությունը զբաղեցրեց թուրք բանակը։ Եվ նա ժամանակ չունեցավ գործադրելու սպասված նոր հարձակումը Հայաստանի դեմ։ Ռոստոմը, Բաքվի դիմադրության ոգին, քաղաքից վերջին մեկնողն էր՝ հուսաբեկ ու ընկճված՝ դեպի Պարսկաստան։

Զինադադարից հետո վերադառնում է Թիֆլիս։ Նոր էր վերջանում հայ-վրացական պատերազմը։ Այցելում է Վրաստանի վարչապետ Ժորդանիային, որ բնակվում էր նախկին ռուս փոխարքայի պալատում։ Հեղափոխական հին ծանոթներ էին, և Ժորդանիան հարցնում է Ռոստոմին. «Կերևակայեի՞նք, թե մի օր պիտի գտնվեինք պետական այս դիրքում»։ «Անշուշտ», պատասխանում է Ռոստոմը՝ իրեն հատուկ սրամտությամբ, «բայց ինչ որ-աներևակայելի էր՝ երկու բախտակից ժողովուրդների զինաբախումն էր. . .»։

Ռոստոմը Թիֆլիս գալու ժամանակ ճամփորդել էր բաց վագոնով և իր վերարկուով ծածկել էր թաթար հիվանդ տղաներին։ Բծավոր տիֆով վարակված՝ նա անկողին է ընկնում։ Բժիշկ Դավթյանը խնամում է նրան։ Տիֆը հնարավոր է լինում բուժել, բայց վարակվում են թոքերը, և Ռոստոմը մահանում է 1919 թ. հունվարի 18-ի գիշերը։

Իր նկարագրի հատկանշական գիծն էին կազմում համեստությունն ու չարքաշությունը։ Հակառակ իր ունեցած մտավոր լայն պաշարին, ինքն իրեն միշտ պահում էր ստվերում։ Նա բնավ չէր երևում ամբիոններում և միայն հազվադեպ՝ մամուլի մեջ։ Բայց չկար համահայկական մի մեծ գործ, ուր Ռոստոմը չունենար կարևոր մասնակցություն. Մանավանդ Քրիստափորի մահից հետո, նա իրական ղեկավարն էր մեր կազմակերպության։ Մոտ 30 տարի անխոնջ կերպով աշխատեց հեղափոխական, քաղաքական, կրթական ոլորտներում։

Երիտասարդ տարրերի հանդեպ մասնավոր գուրգուրանք ուներ. գիտեր գործի լծել պիտանիները և վանել անպետքները։ Սրամիտ էր և կատակասեր, բայց հարգված էր ամենքի կողմից։

Ռոստոմը համոզված ընկերվարական էր։ Իրատես էր ու հայ իրականությունը լավապես ըմբռնող։ Հայ կյանքում գիտեցավ համադրել բոլոր ուժերը և դրա շնորհիվ կազմակերպությունը դեպի հաղթանակներ առաջնորդել։

 

Քաղվածք Ռոստոմի մտքերից

«Չէ՛, հայ ժողովուրդը անկարող է ապրել Տաճկահայաստանում տիրող կարգերում. նա ուժասպառ է լինում, նա մեռնում է նա չի կարող չբողոքել, ոտքի չկանգնել և չդիմել հեղափոխության, իբրև իր միակ փրկարարին։ Մեր «խոհեմ ազգասերների» բոլոր քարոզները շատ-շատ կուենան բացասական նշանակություն, կդանդաղեցնեն հեղափոխական ընթացքը։ Կարո՞ղ եք արմատախիլ անել հայ ժողովրդի արյան մեջ մտած կյանքի նորանոր պահանջները, կարո՞ղ եք փոխել նրա ուղեղը և նյարդերը. հույս ունե՞ք նրան դնել ստրկական, անասնական դրության մեջ, - եթե այո՛, փորձեցեք, և այն ժամանակ դուք կարող եք հույս ունենալ հեղափոխության վերջ տալուն»։

«Վնասակար տարրեր», «Դրօշակ»

 

Ռոստոմի վերջին օրերը

-«Պառկելուց երկու օր հետո, նա հիշեց Եկմալյանի «Հայր մերը» և շարունակ երգում էր՝ պնդելով, որ «Հայր մերը» ամենագեղեցիկ ներդաշնակությունն է։ Խնդրեց, որ գտնենք այդ հազվագյուտ հրատարակությունը և իր կողմից նվեր ուղարկենք Ընկերվարական Միջազգային Բյուրոյի քարտուղար Հյուսմանսին, որը շատ գնահատում էր հայկական եկեղեցական երգերը։

Ռոստոմի վերջին կտակն էր այս»։ 

Հ. Տեր-Դավթյան

 «Դրօշակ», 1929, թիվ 1-2:

Գ. Լազյան, Հեղափոխական դեմքեր, Հալեպ, 1990, էջ՝ 58-65, 66, 73։ 

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica