close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարգացնե՛լ և ընդլայնե՛լ Աչաջրի ծննդատունը. Տավուշի թեմի առաջնորդի պահանջը

Բլոգեր

16 Հունվարի 2020, 15:14
 Զարգացնե՛լ և ընդլայնե՛լ Աչաջրի ծննդատունը. Տավուշի թեմի առաջնորդի պահանջը

Տավուշի թեմի Առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն (Տավուշեցի), ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է .   

«Վերջին օրերին Սուրբ Ծննդյան տոները հանրային կյանքում “նշանավորվեցին” մեր երկրում մի քանի շրջաններում ծննդատների փակման բոթով: Անշուշտ, առողջապահության նախարարն ու նախաձեռնության մեջ ներգրավվածները այն բնորոշում են ոչ թե փակում կամ լուծարում՝ այլ ուժեղացում, վերջնարդյունքում հանգելով նույն եզրակացությանը կամ որոշմանը՝ փակելով կամ լուծարելով ծննդատները: Արդարության դեմ չմեղանչելու համար շեշտենք, սակայն, որ թերևս մեր բոլոր ծննդատներում էլ խնդիրներ կան, որոնք, հավանաբար, չեն համապատասխանում ներկայիս չափանիշներին, և՛ հարկ է և՛ անհրաժեշտ ծնելիության անվտանգությունը ապահովել կամ վերացնել անընդունելի մահացության դեպքերը: Բայց միթե՞ լուծումը առողջապահության նախարարության առաջարկած կամ արդեն իսկ որոշած տարբերակն է և այլ մոտեցում գոյություն չունի: Սա նման է նրան, որ հիվանդին բուժելու բոլոր միջոցները գործադրելու փոխարեն նախընտրություն տրվի նրան սպանելուն, որովհետև բուժման գործընթացը երկար է և թանկ: Իսկ ամենակարևորը, արդյո՞ք նախաձեռնությունը դրսևորվում է ըստ խնամքով և մանրակրկիտ մշակված, քննարկված և որոշված (եթե այդպիսին գոյություն ունի) առողջապահության ազգային ծրագրի հայեցակարգին կամ ռազմավարությանը համապատասխան թե՞ պարզապես գործադրվում է դրվագային “այսպես կամ այնպես լավ կամ վատ կլինի” կիլոմետր կամ ժամային հեռավորության, մարդկային կյանքը որպես թվանշան նկատելու մոտեցումով: Ի՞նչ չափման միավորներով են որոշվել փակել նախանշված ծննդատները՝ նկատի ունենալով մահացության դեպքերը՞, առողջապահության գործունեության համար կարևորագույն բաղադրիչներ հասանաելիությունը՞, մատչելիությունը՞, արձագանքելու ունակությունը՞, թափանցիկությունը՞, ծառայությունների որակը՞, բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը՞ և այլն, թե՞ պարզապես ցանկությունը, ժամային և աշխարհագրական հեռավորությունները, ֆինանսական սղությունը և օպտիմալացումը:

Առավել չերկարելով վերոբերյալ հարցադրումների շարքը ուղղակիորեն ցանկանում եմ նշել, որ մեր մտահոգությունը վերաբերում է Տավուշ աշխարհի՝ Աչաջուր համայնքում գործող ծննդատան շուրջ ծագած խնդրին, որն արդարացի հուզումների տեղիք է տվել ոչ միայն մասնագիտական, այլև ազգաբնակչության շրջանում:

Հարկ է նշել, որ Աչաջուր համայնքում տեղակայված ծննդատունը իր բարի համբավի շնորհիվ ծառայում է ոչ միայն տվյալ համայնքին, այլ աշխարհագրական լայն շառավիղ է ներառում՝ սպասարկելով գրեթե բոլոր սահմանապահ համայնքները մինչև Նոյեմբերյանի և Շամշադինի շրջանի գյուղեր և համայնքներ: Գոնե վերջին հինգ տարիներին չի գրանցվել մահացության ոչ մեկ դեպք ի շնորհիվ բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածության: Այո, ծննդատունն ունի որոշ տեխնիկական և սարքավորումների խնդիր և պահանջ, ինչպես նաև ոչ մնայուն, այլ հրավիրյալ անեսթեզիոլոգ: Ինչպես մյուս բոլոր ծննդատներում, հատկապես ծնելիության անկման և ժողովրդագրական վիճակի հետ կապված, այստեղ ևս ծնունդների թիվը նվազել են՝ 160ից հասնելով 80-ի, որը սակայն դարձյալ բարձր ցուցանիշ է համեմատության և համամասնության մեջ դիտարկված:

Այս լույսի ներքո քննելով ծննդատունը լուծարելուն միտված ներկայացված փաստարկ-պատճառաբանությունները (տեխնիկական հագեցվածությունը, Իջևանից 15կմ հեռավորությունը, կադրային խնդիրը՝ հրավիրյալ անեսթեզիոլոգի պարագան, ծնելիության սակավությունը և ֆինանսական սղությունը և այլն) մեղմ ասած անհիմն են, որոնց կփորձեմ շատ ամփոփ անդրադառնալ.
ա) տեխնիկական հագեցվածությունը - սա բացառապես առողջապահության նախարարության լուծելիք խնդիրն է և պատասխանատվությունը, որը հստակ ռազմավարության կամ առողջապահության քաղաքականության մաս պետք է կազմի՝ հատկապես հզորացնելով այն բուժհաստատությունները, ինչպիսին է Աչաջրի ծննդատունը, որոնք կենսական խնդիրներ են լուծում ոչ միայն բուժօգնության, այլև մատչելիության, հասանելիության, արձագանքելու ունակության, ծառայության որակի, կարիքների և ակնկալիքների բավարարման, սահմանային անվտանգության, սոցիալ-հոգեբանական առումով:

բ) Իջևանից 15կմ հեռավորությունը - նախ ինչպես նշեցինք Աչաջրի ծննդատունը սպասարկում է ոչ միայն համայնքին, այլև համայնքների բավականին լայն շրջանակ է ներառում և հետևաբար 15կմ-ն դառնում է 30, 40 և 50 կմ: Այսպիսով, խախտվում են առողջապահական քաղաքականության կարևորագույն բաղադրիչները մատչելիությունը, հասանելիությունը և արձագանքելու կարողությունը: Եթե հավելենք, որ նախածննդային շրջանում նվազագույնը անհրաժեշտ է երեք այցելություն հետազոտության համար, ապա ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում այն ամբողջովին կդառնա անմատչելի և անհասանելի:

գ) կադրային խնդիրը - մնայուն անեսթեզիոլոգի բացակայությունը որպես փակման պատճառաբանության դիտարկումը պարզապես անհասկանալի և անընդունելի է: Կադրերի սղությունը հիմնական խնդիր է գրեթե բոլոր բուժհաստատություններում՝ թերևս, բացառությամբ մի քանիսի: Սա ևս միանշանակ առողջապահության նախարարության պատասխանատվությունն է: Հետևաբար, անհրաժեշտ է նախ նպաստել մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրերին և ապա լավագույն մասնագետների համար հնարավորություններ և միջոցներ ստեղծել իրենց մասնագիտական կարողությունները ներդնելու հատկապես մարզային՝ այս պարագային սահմանային գոտիներում, եթե իհարկե վերջինս որևէ նշանակություն ունի առողջապահության ընդհանուր հայեցակարգի կամ ռազմավարության համար:

դ) ծնելիության սակավությունը - սա ամենացավոտ և ամենառանցքային խնդիրն է, որը դարձյալ բացարձակապես առնչություն չունի Աչաջրի կամ որևէ ծննդատան գործունեության հետ: Այն, ցավալիորեն համընդհանուր խնդիր է, ուղղակիորեն կապված երկրի ժողովրդագրական վիճակի և ընդհանրապես ծնելիության մակարդակի հետ:

Այսուհանդերձ, Աչաջրի ծննդատունը մեկ նեոնաթալ մասնագետով միայն անցնող տարի 80 ծնունդ է ապահովել, հետևաբար ավելացրեք ևս մեկ մասնագետ և կրկնապատկեք ծնունդների թիվը: Այսինքն, փոխարեն մտածելու փակելու մասին, հակառակը՝ բոլոր հնարավոր միջոցներով և պատասխանատվությամբ զարգացրեք թե՛ սարքավորումներով թե՛ հնարավորություններով և թե՛ մասնագետների ներգրավածությամբ արդեն իսկ բարձր ցուցանիշներ արձանագրած բուժկենտրոնը: Այսօր՝ փակելով Աչաջրի ծննդատունը, և ծառայությունը տեղափոխելով Իջևան, որն ի դեպ ևս կարիք ունի վերազինման, վաղն էլ պատճառաբանելու եք, թե Իջևանի կենտրոնը ևս չի բավարարում պահանջներին և բնականաբար տեղափոխելու եք Դիլիջան, (որն ընդամենը 30 կմ է հեռու Իջևանից դարձյալ պատճառաբանությունների շարքից) և ապա Վանաձոր, որի մասին արդեն իսկ խոսվում է (նեոնաթալ կենտրոնացված ծառայությունների իմաստով): Այո՛, Տավուշում , որպես սահմանային գոտի, հարկավոր է և պարտադիր և երկրորդ կարգի և երրորդ կարգի բուժհաստատության ծննդատուն և դրա պատասխանատուն ռազմավարություն և քաղաքականության մշակողն ու թելադրողը դարձյալ առողջապահության նախարարությունն է: Եթե առողջապահության նախարարությունը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել այս ուղղությամբ, ապա իրավունք չունի խոսելու կենտրոնացված համակարգի մասին և ժամ առաջ պետք է քաղաքականություն մշակի ապակենտրոնացնելու ամբողջ համակարգը իրեն վերապահելով սոսկ վերահսկողի դերը:

ե) ֆինանսական - իմ կարծիքով այս ամբողջ պատմության պատճառը և առանցքը ֆինանսական է և այստեղից բխած բուժհիմնարկների՝ այդ թվում ծննդատների շուտափույթ օպտիմալացման ցանկությունը:
Ճիշտ է ասված, որ “առողջությունն անգին է”, բայց հավասարապես ճիշտ է, որ այն նաև թանկ է: Այսօր դա ամենադժվար համաշխարհային խնդիրներից մեկն է նույնիսկ առավել զարգացած երկրներում: Մինչ օրս որևէ ֆինանսական սխեմա չի ներկայացվել այցելուի ակնկալիքները կամ կարիքները լիովին բավարարելու համար: Սակայն, արդար ֆինանսավորման, հավասար բաշխման և առկա ռեսուրսների տեղաբաշխման համընդհանուր մարտահրավերները նույնն են մնում բոլոր մոդելների և սխեմաների համար` լինեն դրանք հարուստ կամ աղքատ երկրներում: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ առավելագույն տեղաբաշխումը, դրա աղբյուրը և կայունությունը, մշտադիտարկումը և թափանցիկությունը խիստ անհրաժեշտ են: Մեծ հաշվով, առողջապահության ընդհանուր բյուջեն որոշելու համար պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել միջոցները, սկզբունքները և օգուտները` միշտ հաշվի առնելով բարոյագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ առողջապահական ոլորտին ռեսուրսներ հատկացնելիս: Այն ներառում է արդար բաշխման հարցը, քանի որ առողջապահական ռեսուրսները գրեթե միշտ սակավ են` կարիքի հետ համեմատ: Այսու չափազանց կարևոր է, որ առողջապահության ոլորտի ղեկավարությունը վերը նշված խնդիրներից խուսափելու համար լիովին ընկալի կազմակերպության տեսիլքը և արժեքների վրա հիմնված առաքելությունը` հասկանալով, որ ցանկացած որոշման հիմքում բարոյագիտական խնդիր է առկա և գործի համապատասխանաբար: Բարոյագիտական ճշգրիտ որոշումների կայացման համար խորը քննություն, փորձառություն և երկխոսություն է պահանջվում և այն լավագույնս կարելի է ուսանել հիմնարար, կայուն արժեքների և կառավարման՝ բարոյագիտության առումով փորձ ունեցող անձանց միջավայրում:

Առողջապահության համակարգի հիմնական մտահոգությունն ու առանցքը մարդն է և պետք է լինի մարդը և պետք է այն դիտարկել բարոյագիտական, աստվածաբանական, հասարակագիտական և երկրի համար անվտանգության տեսանկյունից և ոչ թե չափել կմ-ով, ժամով, ֆինանսների անհամպատասխանությամբ: Առողջապահության նախարարությունը կոչված է քաղաքականություն մշակելու և առաջնահերթություններ սահմանելու, հատկապես, առանձնակի ուշադրություն դարձնելով երկրի անվտանգության հարցերում մեծ ներդրում ունեցող քաղաքացիների կյանքն ու գոյությունը, որում հենց մեծագույն դերակատարություն ունի նաև Աչաջրի ծննդատունը, հետևաբար այն ոչ թե պետք է փակվի կամ լուծարվի, այլ պետք է խրախուսել և առավել ջանքեր ներդնել այն զարգացնելու, ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: Սա մեր խնդրանքը չէ, այլ պահանջը, որպես սահմանապահ քաղաքացիներ»:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica