close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոռուպցիայի գիտականն է լավը

Իրավունք

15 Հունվարի 2020, 15:17
 Կոռուպցիայի գիտականն է լավը

ՀՀ իշխանությունների հակակոռուպցիոն պայքարը մտնում է վճռական փուլ: Ժամանակն է որ այն ապրիորի պայքարից վերածվի ինստիտուցիոնալ պայքարի և հավասարաչափ տարածվի բոլոր բնագավառների, իսկ որ ամենակարևորն է՝ բոլոր ժամանակների կոռումպացվածների վրա: Մենք, եթե չեմ սխալվում, ավանսով հայտարարել ենք, որ Հայաստանում կոռուպցիա չկա: Այդ հայտարարության պատճառով, սակայն, թույլ տվեք ասել, մենք ամեն անգամ ընկնում ենք անհարմար դրության մեջ, երբ հերթական կոռուպցիոն սկանդալն է պայթում: Հարկ է, որ հակակոռուպցիոն պայքարը ստանա առավել ցիվիլ բնույթ: Անցել են տուշոնկաների ու արջերի ժամանակները, այսօր ակտուալ չէ նույնիսկ դատավորներին պատուհաններից դուրս քաշելը: Պետք է ի վերջո ընդունենք, որ կոռուպցիան ինքնին գիտություն է և կոռուպցիայի դեմ պետք է գիտությունով չալել:

Քանի որ կոռուպցիան գիտություն է, հենց գիտնականներից էլ կսկսենք: Հա, չմոռանամ ասել նաև, որ իրադարձությունները ծավալվում են նոր՝ հետհեղափոխական Հայաստանում: Ավելին, կարող եմ համարձակ նշել, որ ամեն ինչ սկսվել է որոշ գիտնականների՝ թավշյա հեղափոխությամբ չափից ավելի ներշնչվելու հետևանքով: Չլիներ թավշյա հեղափոխությունը, նրանք գուցե արդեն համակերպված լինեին իրենց տխուր ճակատագրի հետ, բայց եղավ իշխանափոխություն, և նրանք դա օգտագործեցին որպես հին հաշիվներ մաքրելու գործիք:

Եվ ուրեմն՝ «Հին» Հայաստանի «հին» համալսարանի «հին» ռեկտոր Արամ Սիմոնյանը, հիմք ընդունելով ԵՊՀ էթիկայի հանձնաժողովի նիստի արձանագրությունը (02.03.2017թ.), 2017թ. մարտի 9-ին հրամանագիր էր ստորագրել աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Գառնիկի Մանասյանին նկատողություն հայտարարելու մասին: Պրոֆեսորը խախտել էր ԵՊՀ ներքին կարգապահական կաննոնների որոշ կետեր և ենթակետեր: Ո՞ւմ հետ չի պատահում… Այս պատմությունը թերևս սրանով ավարտվեր, եթե հարգարժան պրոֆեսորը, սա արդեն խառնվածքի հարց է, չորոշեր մինչև հոգու խորքը բացվել ոչ միայն ֆակուլտետի հավաքարարների, այլև ողջ հանրության առաջ: Երբ մարդը սիրում է բաց աշխատել, պետք չէ խոչընդոտել նրան: Դա կարող է նշանակել երկու բան՝ կամ նա մինչև վերջ է մտածել անելիքը, կամ էլ ինքնաբուխ է գնացել այդ քայլին: Երկու դեպքում էլ, ինչպես տեսնում ենք, նրա արաքի մեջ արգահատելի ոչինչ չկա: Մաքսիմ Գառնիկի Մանասյանը, պետք է ասել, գործի է անցել ինքնաբուխ, գլուխը քամուն տված և, որ ամենակարևորն է, թավշյա հեղափոխությամբ ներշնչված …

Փաշինյանի թագադրումից շատ չանցած՝ Մանասյանը նամակ է գրում ԿԳ նախարարի աթոռին հայտնված Արայիկ Հարությունյանին և մի լավ բողոքում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ուսումնագիտական աշխատանքներից ու իր հանդեպ եղած անարդար վերաբերմունքից: Այդ նամակից էլ սկսվում է ամեն ինչ: Նկատենք նաև, որ այդ օրերին ԵՊՀ-ում ակտիվ էին հատկապես «ռեսթարթականները», որ ստվերի պես հետևում էին ԵՊՀ ռեկտորին և պահանջում նրա հրաժարականը: ԿԳ նախարարությունից հաշիվ են պահանջում Արամ Սիմոնյանից, թե սա ի՞նչ բան է, ինչո՞ւ չեք թողնում Մանասյանն աշխատի: Համալսարանից էլ ոչ դես, ոչ դեն, դնում ու համալսարանական ոճով մանրակրկիտ բացում են պրոֆեսոր Մանասյանի կերպարը՝ էլ գրագող, էլ զրպարտիչ, էլ կեղծարար, էլ որդուն զարտուղի ձևերով գիտնական դարձնող, էլ ուսանողների շրջանում վատ համբավ ունեցող… Հատկանշական է, որ համալսարանականներն, այնուամենայնիվ, նկատել էին, որ իրենց գործընկեր պրոֆ. Մանասյանը ԵՊՀ-ի և Ֆակուլտետի վրա հերթական գրոհը փորձում է կազմակերպել իր իսկ խոսքերով՝ «ՀՀ-ում ընթացող բուռն փոփոխությունների տրամաբանության շրջանակներում»: Այս հանգամանքը ՀՀ կրթության և գիտության թիվ մեկ պատասխանատուին առնվազն պետք է դրդեր մի քիչ էլ հեղափոխության մասին մտածել, բայց ո՞վ է տվել մեզ այդ բախտը: Խնդիր էր դրված Արամ Սիմոնյանին հեռացնել, իսկ պրոֆ. Մանասյանը լավ գործիք էր այդ նպատակին հասնելու համար: Մի խոսքով՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի վրա այդպես էլ ոչ մի ներգործություն չունեցավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ 28.05.2018 թվագրությամբ պատասխան նամակը, որտեղ կետ առ կետ շարադրված են պրոֆ. Մանասյանի՝ վերը թվարկված բոլոր արժանիքները: Ավելին ասենք՝ Արայիկ Հարությունյանը որոշեց գնալ մինչև վերջ՝ չմոռանալով, իհարկե, վարձահատույց լինել պրոֆ. Մանասյանին՝ մատուցած ծառայությունների համար:

Այս խառը գործից սկսեց կոռուպցիայի հոտ փչել արդեն 2019թվականի գարնանը, երբ պարզ դարձավ, որ անհույս է պրոֆ. Մանասյանի որդու՝ Հայկ Մանասյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը մայր բուհի «Երկրագիտություն» 005 մասնագիտական խորհրդում կազմակերպելը: Խնդիրն ամենևին էլ այն չէր, որ նշված խորհրդը դեռ 2017թ. հուլիսին մեկ անգամ արդեն մերժել էր «ՀՀ բնակչության ժամանակակից միգրացիայի աշխարհագրական վերլուծությունը» թեմայով ատենախոսության համար գիտությունների թեկնածուի աստիճան շնորհել կրտսեր Մանասյանին: Կարելի էր թերևս վերանայել աշխատանքը, շտկումներ անել և կրկին փորձել: Բայց արի ու տես, որ Հայկ Մանասյանը ոչ գիտության գրանիտը կրծելու, ոչ էլ ՀՀ զինված ուժերում ծառայելու հավես ուներ: Ի վերջո ի՞նչ էր պատահել, նա ասպիրանտի կարգավիճակով էլ արդեն համահեղինակ էր հոր՝ պրոֆ. Մանասյանի՝ «Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն» (2016թ.) ուսումնական ձեռնարկի, որը հաջողությամբ «պրոպագանդվում էր» ուսանողության շրջանում և ենթակա էր «կամավոր-պարտադիր» գնման: Հայր և որդի «հեղինակները» նույնիսկ նշել էին, որ ձեռնարկը տպագրության է երաշխավորել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գիտխորհուրդը, ինչը չէր համապատասխանում իրականությանը: Ի դեպ հենց այդ ձեռնարկի պատճառով էլ, որն ըստ էության 2004թ. տպագրված մի ռուսական աշխատության թարգմանություն էր և արտագրություն, ԵՊՀ-ում հրաժարվել են նոր պայմանագիր կնքել գրագող պրոֆեսորի հետ: «Ինչևէ, Հայկ Մանասյանը, մերժում ստանալուց հետո, հաջողացրեց «լուրջ հիվանդանալ» և ցմահ ազատվել ՀՀ զինված ուժերում ծառայելու անպատեհ պարտականություններից: Սա էլ է դրվագ, որը սակայն որևէ առնչություն չունի գիտության հետ:

Գնանք առաջ: Բուն բոցերը սկսվում են 2019 թվականին: Պրոֆ. Մաքսիմ Մանասյանի որդին «ՀՀ-ում ընթացող բուռն փոփոխությունների տրամաբանության շրջանակներում» պետք է գիտնական դառնար և վերջ: Եվ, ահա, նրա չստացված ատենախոսությունը, առանց տառ ու բառ փոխելու, բնականաբար՝ ԲՈԿ-ի և Արայիկ Հարությունյանի իմացությամբ և, իհարկե, առանց գիտական ղեկավարին, թեման հաստատած ամբիոնին և ֆակուլտոտի գիտական խորհրդին տեղեկացնելու, ներկայացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի գիտքարտուղարին: ԲՈԿ-ի կողմից նշանակվում է նոր մասնագիտական հանձնաժողով (եռյակ), որը դրական կարծիք է հայտնում Հայկ Մանասյանի արդեն մեկ անգամ մերժված «աշխատասիրության» վերաբերյալ և երաշխավորում պաշտպանության:

Իսկ ո՞ւր մնաց պրոֆ. Մանասյանը: Եթե կարճ ասեմ՝ ապա նա զբաղված էր զոհի կերպար խաղալով: Պետք էր ուսումնատենչ որդու ճանապարհից օր առաջ հեռացնել վերջին բողոքող օղակը՝ ԵՊՀ «Երկրագիտություն» 005 մասնագիտական խորհուրդը: ԲՈԿ-ը պնդել էր, որ մեկ այլ ատենախոսության նախնական քննարկման նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովում (եռյակ) ընդգրկվի նաև պրոֆ Մաքսիմ Մանասյանը: Մասնագիտական խորհուրդն ընդվզել էր՝ ո՞նց, դա հնարավոր չէ, գիտական առումով նույնիսկ հակահիգիենիկ է գրագողին նման պատասխանատու գործ վստահելը: Եվ ծայր էր առել մի երկար նամակագրություն՝  «Երկրագիտություն» 005 մասնագիտական խորհրդի, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի միջև: Խոստովանեմ՝ ավելի հետաքրքիր բան ես իմ կյանքում չէի կարդացել: Ուղղակի պետք է տեսնել, թե ինչպես են նորելուկ պաշտոնյաները գիտնականներին «ապացուցում», որ իրենք են ճիշտ, իսկ գիտնականները՝ սխալ և գիտությունից էլ բան չեն հասկանում: Եվ վերջում, որպեսզի գիտնականները «շատ չերկարացնեն», ԲՈԿ-ը՝ «քըռթ», լուծարում է «Երկրագիտություն» 005 մասնագիտական խորհուրդը՝ համարելով որ այդկերպ հնարավոր է ազատվել թե գլխից և թե գլխացավից:

Իսկ ո՞ւր է կոռուպցիան: Կարծում եմ այդ հարցը խիստ նեղ բայց մասնագիտական շրջանակում պետք է տալ նախ՝ հարգարժան պրոֆ. Մանասյանին՝ պատահաբար փող չի՞ խաղացրել ԿԳ նախարարություն-ԲՈԿ ճանապարհներին: Այլապես մի տեսակ անհասկանալի է, թե ինչու են Արայիկ Հարությունյանն ու Սմբատ Գոգյանն այս ողջ ընթացքում, իրենց չխնայելով, հասել այն բանին, որ նրա որդին՝ Հայկ Մանասյանը դառնա գիտությունների թեկնածու: Այն էլ կա, իհարկե, որ Հայկ Մանասյանը, հավանաբար, քայլ արած լինի կամ նշված պաշտոնյաների ու իշխանական շրջանակներից մեկնումեկի բարեկամը: Բայց չմոռանանք, որ կոռուպցիոն երևույթ է նաև հովանավորչությունը:

Անշուշտ հարցեր կարելի է ուղղել նաև Արայիկ Հարությունյանին, որը, չնայած գտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանության ներքո, լուրջ դերակատարություն ունի գրագող պրոֆեսորի ապաշնորհ որդուն գիտնական դարձնելու գործում: Մեջբերեմ Արայիկ Հարությունյանի նամակը՝ ուղղված «Երկրագիտություն» 005 մասնագիտական խորհրդին, իսկ հետևություն անելու իրավունքը թողնեմ ցանկացողներին: «Ի պատասխան 17.07.2019-ի Ձեր գրության հայտնում ենք, որ «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը» չի արգելում ատենախոսությունը առանց որևէ փոփոխության ներկայացնել նոր պաշտպանության, և այդ դեպքում թեման հաստատող կազմակերպության նոր եզրակացություն չի պահանջվում, իսկ գիտական ղեկավարի կարծիքը պարտադիր չէ («Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգ»-ի 20-րդ կետ:) Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան»: Զգացի՞ք նախարարի ռազմախը: Իսկ հիմա բացեք «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգ»-ի 20-րդ կետը և ուշադիր կարդացեք՝ առանց բառ բաց թողնելու: Ու չզարմանաք, եթե պարզվի ու «կանոնակարգի» 20-րդ կետը բոլորովին այլ բանի մասին է:

Ավարտելով այս երկար պատմությունը, որն ըստ էության մի շարքային կոռուպցիոն պատահարի մասին էր, կուզենայի, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշակի հետևություններ աներ կոռուպցիան հաղթահարած լինելու մասին իրենց հայտարարություններից և առանձնապես առաջ չընկներ իրադարձություններից, որոնք միտում ունեն դուրս գալու վերահսկողությունից: Կարող է թվալ, որ սա ընդամենը մի անհաջող դիսերտացիայի պատմություն է, որոնցով լիքն է մեր գիտության անդաստանը, բայց տեսեք, թե ի՛նչ մարդիկ են խառնված ու ինչ մեթոդներով են լուծում հարցերը: Մտահոգիչը հենց դա է:

 

Էդիկ Անդրեասյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica