close
Եղանակը Երևանում
2 Ապրիլի 2020
+6°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Ապր 2020
USD1504.96
GBP1624.08
EUR1552.07
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի՛ փակեք համայնքային ծննդատները, մի քիչ ՀԱՅՐԵՆԻՔ ունեցեք ձեր սրտում. կարծիք

Բլոգեր

15 Հունվարի 2020, 14:21
 Մի՛ փակեք համայնքային ծննդատները, մի քիչ ՀԱՅՐԵՆԻՔ ունեցեք ձեր սրտում. կարծիք

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«1998-1999 թվականներին աշխատում էի Մարտակերտի վարչակազմում։ Շրջանում 1 հունական գյուղ կա՝ Մեհմանան։ Մեհմանայի բնակչությունը, ճիշտ է, համարվում էր հունական, բայց տասնամյակների ընթացքում, հայերի հետ խառնամուսնությունների արդյունքում, շատ էին հայ-հունական ընտանիքները՝ հունական ազգանուններով։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են հայկական պատմական հուշարձաններ (13-րդ դար), հին բնակատեղիների մնացորդներ, եկեղեցու ավերակներ (13-րդ դար)։ Պոնտական ծագումով հույն բնակչությունը (4 ընտանիք) այստեղ հաստատվել էր 19-րդ դարում՝ անգլիացիների կողմից, որոնք ոսկու հանքաքար էին հանում մոտակայքում։ Այդ 4 ընտանիքից էլ ձևավորվել էր գյուղի հունական բնակչությունը։

Գյուղի բնակչության մեծ մասը 1992 թվականի ծանր մարտերի ու գյուղն ադրբեջանցիների կողմից գրավվելուց հետո, Հունաստանի իշխանությունների աջակցությամբ արտագաղթեց ու հաստատվեց Հունաստանում։ 1993-ին գյուղն ազատագրվեց հայկական զինված ուժերի կողմից, բայց վերադարձողները քիչ էին ու հիմնականում վերադարձան մեծահասակները։

1998 թվականին գյուղում կար երեք դպրոցահասակ երեխա՝ երեքն էլ մի տնից։ Մի օր իմացանք, որ այդ երեխաների հայրը որոշել է ընտանիքով տեղափոխվել գյուղից։ Մարտակերտի այդ ժամանակվա վարչակազմի ղեկավար Սևակ Արծրունու ու շրջ. կրթության բաժնի պետ Արտաշես Տոռոզյանի հետ միասին՝ հանդիպեցինք այդ ընտանիքին։ Ճշտեցինք գյուղից հեռանալու պատճառը։ Ասաց՝ երեխաների կրթությունը։ Ավելի ճիշտ՝ կրթություն ստանալու բացակայությունը։ Համոզեցինք, որ չհեռանա, խոստանալով, որ շատ արագ կամ գյուղում գործող դպրոցի հարց կլուծենք կամ կապահովենք ամեն օր երեխաներին մոտակա գյուղերից մեկում դպրոց հաճախելը։ Ասացինք ու արեցինք։ Մեհմանայում բացվեց Կուսապատ գյուղի դպրոցի մասնաճյուղ։ Գյուղն ապրեցնելու համար։

Հիմա չգիտեմ ինչպես է այնտեղ։ Բայց գյուղը կա։ Հեքիաթային գեղեցկություն ունի անտառների միջով անցնող Վարդաձոր (Գյուլաթաղ) - Մեհմանա ճանապարհը։ Երբ այնտեղով ոտքով քայլում ես՝ թվում է ուր որ է ամեն ծառի ու քարաժայռի ետևից թիթեռի թևերով փոքրիկ ու լուսավոր փերիներ դուրս կգան ... Ապագայում հրաշալի հանգստավայր կարող է դառնալ այդ տեղանքը։

Հա, ինչու՞ այս ամենը հիշեցի։ Մի՛ փակեք համայնքային ծննդատները։ Մի քիչ ՀԱՅՐԵՆԻՔ ունեցեք ձեր սրտում ...»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica