close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-5°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աչաջրին էլ «հակահեղափոխական» պիտակ կպցրին․ փակված ծննդատան հղիները նախարարին ասելիք ունեն

Հասարակություն

14 Հունվարի 2020, 18:35
 Աչաջրին էլ «հակահեղափոխական»  պիտակ կպցրին․ փակված ծննդատան հղիները նախարարին ասելիք ունեն

Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատան աշխատակիցները լուրերից են իմացել, որ գործազուրկ են՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հունվարի 10-ին կարեկցանքով հետևել են Մարալիկի՝ փակված ծննդատան թեմայով տեսանյութին, մեկ էլ նախարարության պատասխանատուներից լսել են, որ Մարալիկինը միակը չէ, ծննդօգնության 9 բաժանմունքների ֆինանսավորումը դադարեցվել է՝ այդ թվում Աչաջրինը։

Տնօրեն Կորյուն Վարդապետյանը տարակուսած է․ աչաջուրցիների մեղադրանքի քարն իր բոստանն էլ է հասել՝ ինչպե՞ս կարող էր տնօրենը չիմանալ, որ իր ղեկավարած բուժհաստատությունը փակվում է։ Բայց փաստն այն է, որ ինքն էլ է նույն տեսանյութից տեղեկացել։ Զանգել է նախարարություն՝ հաստատել են։ Ավելի ուշ հասել է նաև Առողջապահության գործակալության որոշումը, որ 2020թ-ին Աչաջուրի առողջության կենտրոնի ծննդատան աշխատանքը ֆինանսավորելու հայտը մերժվել է։

«Մեզ ոչ ոք չի ծանուցել ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, որ նման խնդիր կա։ Մենք հունվարի 1,2,3-ին ունեցել ենք ծննդաբերություններ»,-Yerkir.am-ին ասաց Կորյուն Վարդապետյանը։

Դադարեցնել ծննդաբերական բաժանմունքի ֆինանսավորումը նշանակում է ավտոմատ կերպով փակել հիվանդանոցն ընդհանրապես։ Բանն այն է, որ ծննդատանը հատկացվող 10 միլիոն դրամը հանելու դեպքում այնքան քիչ գումար է մնում, որ չի բավարարում հիվանդանոցային աշխատակիցների աշխատավարձին։

Աչաջրի առողջության կենտրոնի ամբողջ ֆինանսավորումը 58 միլիոն դրամ է․ 10 միլիոնը հանելու դեպքում 48 միլիոն է մնում, որից 44 միլիոնն ուղղվում է առաջնային պահպանման օղակին՝ ընտանեկան բժիշկներ, վարչական աշխատողներ և այլն, հիվանդանոցային աշխատակիցների համար գումար չի մնում։ Առողջության կենտրոնը վերածվում է ամբուլատորիայի։

Սա՝ սահմանամերձ գյուղում, որտեղ նվիրյալ մասնագետներ են, բժիշկներ, որոնք ուսանելուց հետո վերադարձել են հարազատ գյուղ՝ հայրենակիցներին մենակ չթողնելու համար։ Տնօրեն Կորյուն Վարդապետյանն ինքը մասնագիտացմամբ գինեկոլոգ է և ծնունդ է ընդունել անգամ Նոր տարվա գիշերը, նաև հաջորդող երկու օրերին։

Առողջապահության նախարարությունը Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատունը փակում է՝ պատճառաբանելով, որ մեկ տարում ծննդաբերությունների թիվը մեկ բժշկի հաշվով 150-ի չի հասել՝ 79 է։ Ըստ չափորոշիչների՝ 150 ծննդօգնություն է պետք, որ բժիշկն իր մասնագիտական որակները պահպանի։ Այս կարգը ներդրվել է դեռ Լևոն Ալթունյանի նախարարության օրոք, բայց  նոր նախարարն է որոշել խստորեն կիրառել։

«Հաշվարկ չեն անում, որ մեծ հիվանդանոցներում 6 գինեկոլոգը 350 ծնունդ է ընդունում, եթե բաժանում ենք, ամեն մեկին մեր մեր 79-ը չի հասնում, չի հասնում Մարալիկի 130-ը։ Նաև հաշվի չեն առնում, որ այստեղ ծննդաբերում են միայն բնական ճանապարհով, եթե «կեսարյան հատումներ» էլ լինեին, իմ ծնունդների թիվն էլ կլիներ 150 և ավելի»,-ասաց Կորյուն Վարդապետյանը։

Նա տարեկան 140-ից ավելի հաշվառված հղի է ունենում, բայց իր մոտ ծննդաբերում են միայն 80-ը, քանի որ հաշվի է առնում՝ ծննդատան պայմանները բավարարո՞ւմ են ծննդալուծելու համար, թե՞ ոչ։ Եթե հետազոտությունը պարզում է, որ վիրահատության անհրաժեշտություն կարող է առաջանալ, տեղում ծննդօգնություն ցույց չեն տալիս, ուղարկում են մարզկենտրոններից մեկի բուժհաստատություն։

Աչաջրի առողջության կենտրոնում 5 200 բնակիչ հաշվառված օգտվում է ընտանեկան բժիշկների ծառայությունից։ Այստեղ են գալիս ոչ միայն Աչաջուր, այլև հարակից տասնյակ համայնքներից՝ 20 հազարից ավելի մարդ։ Աչաջրի առողջության կենտրոնի մասնագետների հեղինակությունն այնքան բարձր է, որ նույնիսկ խոշոր քաղաքների՝ Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի բնակիչներից են օգտվում այստեղի ծննդօգնության ծառայություններից․ զուր խոսքեր չեն՝ հղիները հաշվառված են, հասցեները գրանցված։

Աչաջուր համայնքի ավագանու անդամ Սևադա Ղուկասյանը ևս Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատանն է ծնվել։ Սերունդների է սպասարկել այս ծննդատունը՝ առանց որևէ ողբերգական պատահարի՝ վկայում է նա։ Ծննդատունը փակելու պատրվակներից մեկն էլ սարքավորումների պակասն է․ բայց Սևադա Ղուկասյանը հավաստիացնում է, որ անգամ ոչ շատ արդիական սարքավորումներով ծննդատումը շատերը նախընտրում են խոշոր հիվանդանոցների ծննդատներից։

«Փակելու հիմնավորումները ես անհեթեթություն եմ համարում։ Իմ սերնդակիցները՝ ինձանից առաջ, ինձանից հետո, այս ծննդատանն են ծնվել։ Ես չգիտեմ որևիցե դեպք, որ այդտեղ բողոք եղած լինի, մանուկի կամ մոր մահացության դեպք եղած լինի։ Տարածաշրջանի բնակիչների մեծամասնությունը ավելի շատ Աչաջուր համայնքի ծննդատնից են օգտվում, քան խոշոր մարզկենտրոնների։ Թեև խոշոր հիվանդանոցները տեխնիկապես ավելի հագեցած են, բայց մեր մոտի բժիշկները իրենց հոգատարությամբ, իրենց վերաբերմունքով, իրենց մասնագիտական հմտություններով մնացածից առավելություն ունեն»,-ասաց Սևադա Ղուկասյանը։

Տավուշից ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը անհասկանալի է համարում սարքավորումներ չունենալու պատճառաբանությամբ ծննդատուն փակելը․ «Եթե սարքավորում չլինելու պատճառաբանությունն է, թող սարքավորումներ բերեն տեղադրեն, համապատասխան մասնագետներ բերեն»։

Ծննդատունը փակելը, նրա համոզմամբ, նաև մտահոգիչ է այն առումով, որ գյուղերը կսկսեն դատարկվել․ «Պետությունը պետք է այսօր միջոցներ տրամադրի, որ դեպի գյուղեր բնակիչների ներհոսք լինի, ոչ թե փոքր գյուղերից մարդիկ տեղափոխվեն մեծ քաղաքներ։ Հատկապես սահմանամերձ գյուղերի դեպքում այս վտանգը իսկապես մեծ է»։    

Սուրեն Մանուկյանի խոսքով՝ Աչաջուրին հարակից գյուղերի 60 տոկոսը այս ծննդատնից է օգտվում․ և՛ հեռավորության առումով է հարմար, և՛ մասնագետներն են նախընտրելի։ Ծննդատուն փակելը միայն աշխատատեղերի խնդիր չէ՝ լավ բժիշկներ են և իրենց տեղը կգտնեն, բայց բնակիչներն են խնդիր ունենալու։

Բնակիչները բողոքի ակցիաներ են անում։ Աչաջուրի ծննդատանը հաշվառված 30 հղիներ մոտեցել են տնօրենին, ասել՝ ուզում ենք գնալ նախարարություն, քանի որ մեզ վիրավորված ենք զգում թե՛ բարոյապես, թե՛ մեր իրավունքները ոտհարելու առումով, ուզում ենք այստեղ սպասարկվել։  

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը երեկ հանդիպել է Աչաջրի «Առողջության կենտրոնի» աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ։ Խոստացել է՝ «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով։

«Հայաստանում բժշկական ծառայությունները պետք է լինեն բարձր ստանդարտների համապատասխան՝ որակյալ և ապահով։ Ներդրվող ստանդարտների շնորհիվ այս հաստատությունն էլ ավելի պետք է ուժեղանա։ Հնարավոր փոփոխությունների արդյունքում որևէ աշխատող առանց աշխատանք չի մնա»,- ասել է Հայկ Չոբանյանը։

Աչաջրի ավագանու անդամ Սևադա Ղուկասյանը մարզպետի ձևակերպումներում մանիպուլյացիա է տեսնում։

«Մանևրում են․ ծննդատան մասին խոսք չի գնում, հա ասում են՝ աշխատատեղ չի փակվի, նոր տեխնիկա կբերենք, մի հատված կա՝ կվերանորգենք, բայց անընդհատ ասում են՝ «առողջության կենտրոն», չեն ասում «ծննդատուն»։ Ես այդտեղ վտանգ եմ տեսնում, սկզբից կարող են խաբել՝ ծննդատունը փակել, հետո որոշ ժամանակ անցնի, կրքերը մեղմանա, առողջության կենտրոնը սարքեն ուղղակի համայնքային բուժկետ»,-ասաց Սևադա Ղուկասյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փակվող 9 ծննդատների խնդրին ասուլիսով անդրադարձավ։ Թվարկեց՝ որոնք են դրանք․ Մարալիկ, Աչաջուր, Արտենի, Ծաղկահովիտ, Արծվաբերդ, Քաջարան, Նաիրի (Եղվարդ) համայնքների բժշկական կենտրոններն են։

Ասաց՝ խնդիր չի տեսնում, որ հիվանդանոցները բուժկետերի վերածվեն․ «Մենք էլի ունենք մեծ համայնքներ, որոնք ունեն ընդամենը ամբուլատոր ծառայություններ, ինչը շատ ճիշտ է։ Օրինակ՝ Վարդենիկը և Օձունը չունեն ո՛չ ծննդօգնության ծառայություն, ո՛չ հիվանդանոց, ինչը ճիշտ է ժամանակակից բժշկագիտության տեսնակյունից»,-ասաց նա։

Նախարարը հռետորական հարց հնչեցրեց՝ արդյոք ուզում ենք լուրջ զբաղվել մանկական ու նորածնային մահացությամբ․ «Եթե ուզում ենք, ապա մեր քաղաքականությունը ճիշտ է: Խոսքս ուղղում եմ նաև ԱԺ պատգամավորներին»:

Դիտարկմանը, թե վերոնշյալ  ծննդատներում մանկական մահացություն չի եղել, նախարար Թորոսյանը հակասեց ինքն իրեն՝ չի եղել, որովհետեւ դրանք ի սկզբանե նախատեսված չեն բարձր ռիսկի հղիների համար:

Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանն ասում է՝ իրենք դեմ չեն բարեփոխումներին, նույնիսկ շնորհակալ են, որ բժիշկների աշխատավարձն են բարձրացրել, ծնունդների համար տրվող միանվագ նպաստը, բայց բարեփոխումն էլ պետք է քաղաքակիրթ արվի։

Բժիշկ Վարդապետյանը «հակահեղափոխական» համարվելու վտանգի առջև է, չգիտի՝ որ մեղքի համար։

«Խնդիրը բարձրաձայնում ենք, դառնում ենք հակահեղափոխական։ Վարչապետին ներկայացնում են շատ սխալ։ Եթե ես իմ մտահոգությունը բարձրաձայնում եմ, չի նշանակում, որ դեմ եմ կառավարությանը, ձեր բարեփոխումներին, լավ բարեփոխումներ եք արել, բայց ինչի՞ պիտի իմ աշխատողը Հ1-ով լսի, որ ինքն այլևս չի աշխատում»,-տարակուսեց նա։

Աչաջուրը սահմանամերձ՝ մոտ 5000 բնակիչ ունեցող գյուղ է։ Սահմանպահ շատ գյուղեր անգամ բժիշկ չունեն։ Աչաջուրի բախտը բերել է՝ ունի․ «Մենք եկել ենք մեր հայրենի գյուղում գիշեր-ցերեկ ծառայում ենք մեր ժողովրդին, ստանում ենք այսպիսի վերաբերմունք»։  

Աչաջուրի և Եղվարդի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ ուսումնասիրություն է սկսել Մարդու իրավունքների պաշտպանը։

Մինչդեռ Աչաջրի ծննդատանը ծնվում են 5 կգ 230 գր քաշով Տիգրաններ․ «Ի հեճուկս պետական կառավարման համակարգի»։

Աննա Բալյան

Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica