close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2020
-5°
+2°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2020
USD1479.34
GBP1622.23
EUR1531.59
RUB17.78
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան՝ ռազմավարական ներդրումներ և դպրոցներ, ՀՀ-ն՝ կազինոներ. Ջավախքի քայքայման գրավականը

Հասարակություն

14 Հունվարի 2020, 15:16
 Թուրքիան՝ ռազմավարական ներդրումներ և դպրոցներ, ՀՀ-ն՝ կազինոներ. Ջավախքի քայքայման գրավականը

Հայկական մամուլը բազմիցս է անդրադարձել կազինոների՝ ջավախահայության համար կործանարար հետևանքներին: Այդ «օջախները» պարզապես չարիք են դարձել արտագնա աշխատանքից ձմռանը վերադարձող մարդկանց ընտանիքների համար: Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից բացվող խաղատների թիվը Ախալքալաք փոքրիկ քաղաքում, օրինակ, հասնում է արդեն 7-ի: 

Ըստ ջավախքյան լրատվամիջոցների հաղորդումների՝ Ախալքալաքի յուրաքանչյուր խաղատուն օրական ունենում է 500 և ավելի հաճախորդ: Կստացվի, որ մոտ 3,500-4,000 մարդ Ախալքալաքում օրական հաճախում է կազինո: Ուսումնասիրությունները պարզել են՝ հաճախորդների ծանրակշիռ մասը Ախալքալաքի և նույնանուն շրջանի բնակիչներն են՝ սեզոնային աշխատանքից վերադարձած և ձմռանը ժամանակ սպանող խոպանչիները: Քանի որ 2007 թ. ի վեր հարևան Թուրքիայում արգելված են խաղատները, ապա Ախալքալաքի խաղատներ այցելում են նաև այս երկրից:

2014 թ. մարդահամարի տվյալներով Ախալքալաքի շրջանի բնակչության պաշտոնական թիվը կազմում է 45,070 մարդ, և, եթե կազինոներ հաճախող անձանց վերոնշյալ թիվը կրճատենք 1,000-ով՝ համարելով դա թուրքերի և այլոց թիվը, իսկ 45,070 թվից, ըստ Վրաստանի  պաշտոնական վիճակագրության, վերցնենք 15-54 տարեկան տղամարդկանց 12,200 թիվը, ապա ստացվում է որ Ախալքալաքի շրջանի աշխատունակ տղամարդկանց 4-ից մեկը օրական պարտադիր այցելում է խաղատուն:

Կրկնում ենք՝ ամեն օր Ախալքալաքի շրջանի յուրաքանչյուր չորրորդ աշխատունակ տղամարդն այցելում է կազինո:  

Դեպքերը, երբ դեռ տուն չմտած և տնեցիներին չտեսած՝ խոպանչին մոլեգին տենդով վարակված առաջինն այցելել է խաղատուն, տանուլ տվել ամբողջ տարվա վաստակը և մի բան էլ ավելին՝ տուն մտնելով պարտքերի մեջ խրված, խայտառակված ու թալանված, կամ, Ամանորի գնումների, հարսանիքի, վարկի մարման, հարևան-բարեկամի պարտքերի վերադարձման գումարները նպատակին ծառայելու փոխարեն ժամերի ընթացքում քամուն են տրվել կազինոներում՝ դարձել են ջավախքցու առօրյայի մասը:

Բազմիցս քննարկվել է Ջավախքում հայկական դրամական կապիտալի ներթափանցման անհրաժեշտությունը՝ որպես թյուրքական տնտեսական էքսպանսիային ու թուրք-ադրբեջանական տնտեսական, տարանցիկ և ժողովրդագրական շրջափակմանը հակակշռող ներկայություն: Արդեն Ախալքալաքում արևածաղիկ վաճառող տատիների համար էլ է պարզորոշ՝  Մեղրիի միջանցքով ցամաքային միացումը չհաջողելով՝ Թուրքիան և Ադրբեջանն այսօր Վրաստանի հարավով (Ջավախքի վրայով) «փափուկ ուժի» քաղաքականությամբ արդեն միանում են:

ՀՀ քաղաքական և բիզնես էլիտան (որը շատ դեպքերում և պարագաներում սերտաճած է) այդպես էլ լուրջ չվերաբերվեց Ջավախքում խոշոր ներդրումներ իրականցնելուն ուղղված ծրագրերին: Քաղաքական կամքը բացակայեց, իսկ բիզնեսի ներկայացուցիչներն առաջնորդվեցին չոր տնտեսական հաշվարկներով՝ դրամական կապիտալն ուղղելով այնտեղ (Բաթում, Թբիլիսի և այլն), որտեղ գլխացավանքը նվազ է (Ջավախքի նուրբ խնդրի հետ կապված՝ շատ չեն առնչվի Վրաստանի դիմադրությանը), իսկ շահույթի ծավալները՝ խոշոր:

Արդյունքում՝ Ախալցխայի, Ասպինձայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ծալկայի հայահոծ շրջանների տնտեսական հզոր պոտենցիալի ծանրակշիռ մասը նվաճվեց և մեծ թափով շարունակում է յուրացվել թյուրքական տանդեմի կողմից:

Այս քաոտիկ պայմաններում՝ պարզվում է, որ ՀՀ նոր իշխանությունների օրոք հայկական դրամական կապիտալն, այնուամենայնիվ, ներթափանցել է Ջավախք. խորհրդային տարիներին Ախալքալաքում հայտնի «Կինոյի տան» շենքը ամիսներ առաջ վերանորոգվեց հիմնվեց Ջավախքում օրավուր սնկի նման աճող խաղատներից հերթականը: Ինչպես մեզ տեղեկացրին Ախալքալաքից՝ սեփականատիրոջից շենքը վարձակալած, նորոգած, հսկայական գումարներով (շրջանառվում է 1 մլն լարի թիվը) շքեղ կազինոյի վերածած ներդրողը Հայաստանի Հանրապետությունից է: Թեև հաստատված տվյալներ չկան մեր ձեռքի տակ, այդուհանդերձ՝ Ախալքալաքում, որպես ներդրող, շրջանառվում է Սամվել Ալեքսանյանի անունը:

2019 թ. տարեմուտին՝ դեկտեմբերի 24-ին, Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ութերորդ հանդիպումը, որտեղ, Վրաստանի բարձր ղեկավարության հովանու ներքո քննարկվեցին եռակողմ համագործակցության բազմաթիվ հարցեր: Տնտեսական, ռազմավարական թեմաները քննարկելուց հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Թբիլիսիում մասնակցեց Maarif հիմնադրամի կողմից կառուցված թուրքական դպրոցի բացմանը՝ նշելով, որ նմանատիպ դպրոցներ կբացվեն ոչ միայն Թբիլիսիում, այլև Վրաստանի այլ քաղաքներում:

Ստացվում է՝ Թուրքիան ռազմավարական նշանակության հազարավոր տնտեսական և այլ նախագծերի կողքին Վրաստանում բացում է նաև դպրոցներ, և դա իրականացվում է պետական բարձրագույն ներկայացուցիչների ձեռամբ, իսկ ՀՀ ռազմավարական նախագծերի զրոյական առկայության պայմաններում՝ հայկական դրամական կապիտալն ուղղվում է Ջավախքի տնտեսության, սոցիալական վիճակի, ընտանիքների բարոյահոգեբանական վիճակի քայքայմանը:

Փաստորեն,՝ հայ գործարարների կողմից ջավախահայության տնտեսական վիճակի բարելավման փոխարեն այդ նույն գործարարներից ոմանք ստեղծել են հայ ընտանիքների քայքայման, թշվառացման ու բարոյազրկման լավագույն հարթակը:

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ հայկական դրամական կապիտալի այսպիսի ուղղորդումը Ջավախք՝ ուղղակիորեն նպաստում է թուրանական ծրագրերին, այն է՝ ջլատել և որպես գործոն իսպառ բնաջնջել ջավախահայությանը, որը ներկայումս, որպես լրջագույն սեպ, ամենամեծ խոչընդոտն է Վրաստանի նվաճմանն ուղղված թուրք-ադրբեջանական կործանարար ծրագրի:  

ՀԱԵ Վրաստանի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են խնդրի մասին՝ տխրահռչակ խաղատները համարելով Ջավախքի սրտում բացված չարիքի օջախներ: Հայկական դրամական կապիտալի ուղղորդման խնդրում իր մեծ դերակատարությունը կարող են և պետք է ունենան ինչպես հայ-վրացական միջպետական հանձնաժողովները, այնպես էլ Վրաստանում ՀՀ դեսպանությունը, որոնք, սակայն, պետական ռազմավարության բացակայության և ՀՀ-ում տիրող քաոսի պայմաններում հիմնականում սահմանափակվում են ավանդական  բաժակաճառերով:

Ի դեպ, պատկան մարմիններից՝ Սփյուռքի նախարարության կազմաքանդմամբ ստեղծված «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ» անվամբ անհասկանալի կառույցում ևս այն նույն քաոտիկ վիճակն է, ինչ պետական մյուս օղակներում: Եվ սպասել, որ այս կառույցը, նոր օրենսդրության համաձայն, վարչապետին կներկայացնի լուրջ ծրագրեր, վարչապետն էլ իր հերթին դրանք կմակագրի պատկան նախարարություններ, նախարարություններն էլ իրենց հերթին գոյություն ունեցող և չունեցող վարչություններ, վարչությունները՝ բաժիններ, բաժինները՝ աշխատակիցներին, աշխատակիցներն էլ նվնվալով և անընդհատ ժամացույցին նայելով կսկսեն ինչ – որ բան տեղից շարժել Ջավախքում՝ ընդդեմ թյուրքական լայնածավալ արշավանքների՝ պարզապես զավեշտ է:

Արդյունքում՝ մինչ օրս, բոլոր այն նախարարությունները և ՊՈԱԿ-ները, որոնք նոր փոփոխություններով լիազորված են իրականացնելու հումանիտար և այլ ծրագրեր Վրաստանի հայության շրջանում, անցյալ տարեվերջին ներկայացրել են զրոյական արդյունքներ: Օրինակ՝ դասագրքերը, որոնք սեպտեմբերից պետք է տրամադրվեին Ջավախքի հայկական դպրոցներին, մինչ օրս դեռ չեն հասցվել: Նույն խայտառակ պատկերն է նաև այլ հումանիտար ծրագրերի պարագայում:   

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica