close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+20°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի Հայ Դատի հանձնախումբը գործունեություն է ծավալում հակահայկական նախաձեռնությունները չեզոքացնելու համար

Սփյուռքի ձայնը

11 Հունվարի 2020, 13:22
 Իրանի Հայ Դատի հանձնախումբը գործունեություն է ծավալում հակահայկական նախաձեռնությունները չեզոքացնելու համար

«Ապառաժ»-ը Թեհրանում գործող Alikonline կայքի խմբագիր Արամ Շահնազարյանի հետ զրուցել է Իրան-ԱՄՆ հարաբերությունների, հետագա զարգացումների, հնարավոր վտանգների և հայկական կողմի քայլերի մասին:

-Մերձավոր Արեւելքում բավականին երկար ժամանակ տիրում է լարված մթնոլորտ: Արդյո՞ք սպասելի էր Իրան-ԱՄՆ առճակատումը:

-Մինչ վերջերս գրեթե բոլորը խոսում էին Իրան-ԱՄՆ ռազմական առճակտման բարձր հնարավորության մասին: Սակայն, երկու երկրների ղեկավարների հայտարարություններից հետո, ակնհայտ դարձավ, որ կողմերը փորձում են հնարավորինս հեռու մնալ գոնե ուղղակի առճակտման վտանգից, եւ դեէսկալացիայի հարցով որոշակի քայլեր են ձեռնարկում:

Ընդգծեմ, որ սա ուղղակի առճակատման մասին է, իսկ կողմերի միջեւ հիբրիդային պատերազմի վտանգը դեռեւս շարունակում է օդում կախված մնալ:

-Իրանի բարձրագույն ղեկավար Այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրաքում գտնվող Ամերիկյան հենակետերի խոցումը միայն ազդակ է եւ գեներալ Սուլեյմանիի սպանության վրեժը կիրագործվի, երբ Ամերիկյան ուժերը դուրս շպրտվեն տարածաշրջանից: Իրանն ի՞նչ քայլեր է ծրագրում ձեռնարկել այդ ուղղությամբ:

-Արտատարածաշրջանային ուժերի հեռացումը տարածաշրջանից Իրանի ռազմավարական կարեւոր նպատակներից մեկն է:

Դեռեւս իրավիճակի վերջին թեժացումից առաջ, Իրանը տարածաշրջանի երկրներին էր ներկայացրել «Հորմոզի խաղաղության նախագիծը», որը ենթադրում է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովումը՝ տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ: Այս կապակցությամբ, մինչ վերջին թեժացումն Իրանը տարբեր մակարդակներով բանակցություններ էր վարում տարածաշրջանի մի քանի երկրների՝ Իրաքի, Կատարի, Օմանի եւ Քուվեյթի հետ: Այս նախաձեռնության առանցքային բաղադրիչն արտատարածաշրջանային ուժերի հեռացումն է տարածաշրջանից:

Իսկ ինչ վերաբերում է վերջին թեժացումից հետո, ամերիկյան ուժերի տարածաշրջանից դուրս շպրտման մասին հայտարարություններին, ապա Իրանը կարող է օգտագործել իր տարածաշրջանային արբանյակ ուժերի բոլոր հնարավորություններն այն իրականցնելու համար: Դրա վառ ապացույցը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի, Իրաքից հեռանալու մասին այդ երկրի խորհրդարանի որոշումն էր, որն Իրանի հետ սերտ կապեր ունեցող շիա քաղաքական կուսակցությունների նախաձեռնությունն էր:

Այս համատեքստում, պետք է նշեմ, որ արտատարածաշրջանային ուժերի հեռացումը տարածաշրջանից չափազանց բարդ եւ երկարատեւ գործընթաց է ենթադրում, որի իրականացման շանսերը, գոնե այս պահի դրությամբ այնքան էլ մեծ չեն: Սա գիտակցում են նաեւ Թեհրանում, եւ փորձում են գործընթացն օգտագործել ամերիկյան ուժերի մանեւրի հնարավորությունները մաքսիմալ սահմանափակելու համար:

-Իրանի նկատմամբ ԱՄՆ կիրառած պատժամիջոցներն ինչպե՞ս անդրադարձան Իրանի տնտեսության վրա եւ Իրանն ի՞նչ միջոցներով կարող է խուսափել կամ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական կայունությունը պահպանելու համար:

-Իրանի նկատմամբ գործադրվող տնտեսական տոտալ ճնշումը չէր կարող բացասաբար չազդել երկրի տնտեսության վրա: Դրա հետեւանքները տեսանելի են ամենուրեք, մասնավորապես՝ շարքային քաղաքացիների առօրյա կենսամակարդակի վրա, որն էլ հասարակական որոշակի դժգոհության պատճառ է դարձել: Բենզինի գնի թանկացման պատճառով, անցյալ նոյեմբերին երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները հենց այդ դժոգության արդյունքն էին:

Տնտեսական կայունությունը պահպանելու համար, իշխանություններն առաջին հերթին փորձում են ապավինել ներքին ռեսուրսներին եւ զարկ տալ հայրենական արտադրությանը՝ ձեւավորել ինքնաբավ տնտեսություն: Այս գործըթնացն ի դեպ, նորություն չէ: Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, Իրանը դեմ-հանդիման է կանգնած ամերիկյան եւ արեւմտյան ամենատարբեր պատժամիջոցների, որոնց հաղթահարման համար վերոնշյալ մարտավարությունն է կիրառում: Դրան զուգահեռ, մշտապես միջոցներ է ձեռնարկում պատժամիջոցները շրջանցելու համար:

-Տարածաշրջանի ապակայունությունը կարող է ստանալ լայնամասշտաբ պատերազմական բնույթ: Դեպքերի նման զարգացումը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:

-Կարծում եմ երկու կարծիք լինել չի կարող, որ դեպքերի նման անցանկալի զարգացումն ինչպիսի անկանխատեսելի եւ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար:

Եթե դեպքերը զարգանան Ձեր նշած ուղղությամբ կարծում եմ, որ ադրբեջանցիները հանգիստ չեն նստի տեղները եւ կփորձեն ակտիվանալ, եթե, իհարկե, պայմանները նպաստավոր լինեն:

Yerkir.am-ի հետ հարցազրույցում, առիթ ունեցել եմ նշելու, որ հայկական կողմը պետք է պահպանի զգոնությունը, վարի նախաձեռնողական քաղաքականություն, տարբեր մակարդակներում խորհրդակցություններ ունենա տարբեր երկրների հետ, որպեսզի սցենարի վատագույն զարգացման դեպքում անգամ, կարողանա ստեղծված իրավիճակից ելք գտնել:

-Ո՞րն է Իրանի դերը տարածաշրջանի կայունությունն ապահովելու գործում:

-Իր մարդկային, ռազմական եւ տնտեսական ռեսուրսներով (թեկուզ տոտալ պատժամիջոցների պայմաններում) Իրանը, Թուրքիայի եւ Սաուդիան Արաբիայի կողքին (չմոռանանք նաեւ Իսրայելին) շարունակում է մնալ որպես տարածաշրջանային գերտերություններից մեկը, որը ցանկացած պահի կարող է խառնել խաղաքարտերը եւ խաղի սեփական պայմանները թելադրել:

Առանց Իրանի գործուն ներգրավվածության անհնար է պատկերացնել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Չմոռանանք առանցքային եւ չափազանց որոշիչ այն դերակատարության մասին, որն Իրանն ունեցել է Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի գործում, ի դեպ, հենց գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ղեկավարությամբ:

-Իրանում ադրբեջանական համայնքի ներկայությունն ի՞նչ ազդեցություն ունի Իրան- Հայաստան հարաբերությունների վրա:

-Ադրբեջանական համայնքի ներկայությունը չի կարող որոշիչ ազդեցություն ունենալ Իրան-Հայաստան հարաբերությունների վրա: Իրանի արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ հարավկովկասյան քաղաքականությունը, բնականաբար, ձեւավորվում է բոլորովին այլ մակարդակում, որտեղ բացառապես հաշվի են առնվում երկրի անմիջական շահերը, արտաքին քաղաքականության հետ կապված առաջնահերթություններն ու մարտահրավերները, ինչպես նաեւ՝ բազմաթիվ այլ գործոններ:

Չմոռանանք, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունում հատուկ դեր եւ նշանակություն է վերապահված Հայաստանի հետ հարաբերություններին, որոնք անմիջական նշանակություն ունեն հատկապես երկրի ազգային անվտանգության շահերի ապահովման հարցում:

-Ադրբեջանցիների կողմից տարածվող հակահայկական ստահոդ լուրերին հակազդելու ուղղությամբ վերջերս ինչ-որ չափով կարողացանք հաջողություն գրանցել: Հայկական կողմն ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի ադրբեջանական լոբբին հակազդելու համար:

Այս կապակցությամբ, նախ ցանկանում եմ հատուկ ընդգծել Գեներալ Սոլեյմանիի սպանության հետ կապված ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի, եւ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան գրառումները, որոնք մեծապես նպաստեցին չեզոքացնելու նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառվող ֆեյք լուրն այն մասին, թէ իբր ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահին գեներալի սպանության կապակցությամբ:

Դա չափազանց կարեւոր քայլ էր, որը նպաստեց չեզոքացնելու Իրանում պանազերիական շրջանակների կողմից տիրաժավորվող այդ կեղծ լուրը:

Ձեր հարցին ի պատասխան, պետք է նշեմ, որ հայկական կողմին անհրաժեշտ է ցուցաբերել ակտիվ քարոզչական, տեղեկատվական նախաձեռնողական քաղաքականություն: Լինել առավել ակտիվ՝ ազդողի, այլ ոչ թե հակազդողի դերում: Դա իմ կարծիքով չափազանց կարեւոր է:

Հենց վերոնշյալ հակահայկական միջադեպի հետ կապված, պաշտոնական Երեւանի դանդաղկոտությունը, եւ ուշացած արձագանքը կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ:

Ցանկանում եմ նշել, որ Իրանի Հայ Դատի հանձնախումբը գործունեություն է ծավալում հակահայկական նախաձեռնությունները չեզոքացնելու համար: Սակայն, կան դեպքեր երբ անհրաժեշտ է պետական մակարդակով արձագանք՝ Երեւանից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica