close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տերյանի՝ 100 տարի առաջ այս օրն արտասանած վերջին խոսքը

Մշակույթ

7 Հունվարի 2020, 15:46
 Տերյանի՝ 100 տարի առաջ այս օրն արտասանած վերջին խոսքը

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1920 թ. հունվարի 7-ին, հեռավոր և ցրտաշունչ Օրենբուրգ քաղաքում մահացավ հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը։

Առողջական ծանր վիճակում գտնվող բանաստեղծը 1919 թ. վերջերին մեկնում է Մոսկվայից և Ռուսաստանի Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ հանձնարարականով ուղևորվում Թուրքեստան (այժմ՝ Ուզբեկստան), որտեղ ապրում էր Վ. Տերյանի ավագ եղբայրը՝ անվանի գյուղագիր, քահանա և ուսուցիչ Ջավախեցին (Ղազարոս Տեր-Գրիգորյանը)։ Սակայն քաղաքացիական կռիվների թեժացման պատճառով գնացքը կանգ է առնում Օրենբուրգում, որտեղ և մահանում է Վահան Տերյանը։

Yerkir.am-ը ներկայացնում է տերյանագետ, Վ. Տերյանի համերկրացի (ախալքալաքցի) Սաքո Սուքիասյանի «Էջեր Վահան Տերյանի կյանքից» (Երևան, 1959) գրքից հատվածներ, որտեղ հեղինակը հիշողությունների հիման վրա պատկերել է Տերյանի կյանքի վերջին օրերն ու մահը։ Այդ ամենը նա ներկայացրել է դերբենդցի մի հայ աղջկա՝ Քսենիա Վեքիլյանի և  Տերյանի կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի (ով ուղեկցում էր բանաստեղծին դեպի Տաշքենդ)  պատմածների հիման վրա։ Հավելենք, որ Քսենիան այդ օրերին ապրել է Օրենբուրգում բնակվող քրոջ՝ Մարգարիտ Օհանյանի մոտ. ճիշտ այն տանը, որտեղ ապրել և մահացել է Վ. Տերյանը։

Դեպի Միջին Ասիա ճակատագրական ուղևորության ընթացքում Տերյանին և նրա կնոջը տեղափոխող գնացքը որոշ ժամանակ կանգ է առնում Սամարա քաղաքում, և այդ մղձավանջային օրերին էլ Տերյանն Անահիտ Շահիջանյանին է թելադրում իր վերջին բանաստեղծությունը, որը ևս ներկայացնում ենք ստորև։  

***

«Քրոջս՝ Մարգարիտի հետ շատ էր խոսում Սուսաննայի (Տերյանի առաջին կինը – խմբ.) մասին, բուռն ցանկություն էր հայտնում տեսնել նրան և իր ընկերներից մի քանիսին։ Այդ, մանավանդ վերջին րոպեներին հոգեկան ծանր վիճակ ապրեց Տերյանը։

Շատ էր տանջվում։

Ամեն ինչ թարմ է իմ հիշողությամն մեջ։ Լավ միտս է այն սենյակը։ Առաջինը մուտքի մոտ, ուր նա պառկած էր. բոլոր սարքն ու կարգը և մահճակալը։

Պետք է որ կենսուրախ մարդ լիներ Վահան Տերյանը։ Սիրում էր կյանքը, իր ժողովուրդն ու նրա կուլտուրան, շատ էր խոսում ռևոլյուցիայից և չնայած իր ծանր վիճակին՝ հավատում էր, որ Կարմիր Բանակը կհաղթանակի, ամեն տեսակի դժվարությունները կվերանան, և մարդիկ կապրեն անհամեմատ լավ պայմաններում։

Շատ էր հիշում իր հայրենի Ջավախքը և մանավանդ կարոտով փափագում էր լինել Հայաստանում»։

***

Սամարայում ապրած հոգեմաշ օրերին Տերյանն իր վերջին բանաստեղծությունն է թելադրում Անահիտ Շահիջանյանին։ Դրանով իսկ եզրափակվում է նրա գրական գործունեությունը, որ աննախընթաց վերելք ունեցավ մեր գրականության մեջ ու հանգավ ստեղծագործական կարողությունների ամենաբեղմնավոր շրջանում։ Ահավասիկ այդ տխուր մեղեդին՝ արտաքուստ անհոգ և սակայն սուր հեգնանքով.

Գինով եմ, գինով, ես էլ

Թեթև եմ, անհոգ, լեզվանի,

Օրորի՛ր մեզ պանդոկ կարուսել,

Օրորի՛ր, օրորի՛ր մեզ գինի։

 

Պոետ մի անտեր ու անտուն,

Գիտեմ ես՝ կորա՜ծ եմ, կորա՛ծ.

Բայց դեռ երգն իմ երգում է տենդում-

Օ՜, երա՜զ է, երա՜զ ու երա՜զ…

 

Ինչ քա՜ղցր է նստել այստեղ,

Ժպտալ քո խոսքին սեթևեթ,

Իսկ ներսում իմ, ներսում իմ ասեղ

Ասղնդում է՝ ննջե՜լ առհավետ…

 

Պարում են, երգում, վետերում,

Սահում ենք, եթեր առ եթեր․

Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում

Եվ ժպտաս՝ «հանգա՜վ ի տեր»…

***

«Այդ ամբողջ գիշեր՝ հունվարի 6 լույս 7-ի, նա չքնեց բնավ։ Մի քանի անգամ խնդրեց շորերը հագցնել, նստեցնել բազկաթոռի վրա, սակայն այնպես թույլ  էր, այնքան ուժասպառ ու հյուծված, որ միանվագ 5 րոպե անգամ չէր կարողանում նստել։ Ոտներն ու ձեռներն արդեն փայտացել էին, խնդրեց տրորել։ Զարմանալի կերպով հանգիստ էր նա այդ միջոցին։ Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից. տեսնելով այդ՝ Վահանը խնդրեց լաց չլինել և ապա հարցրեց՝ ի՞նչ եմ կարծում, ու՞մ է դժվար՝ նրան, ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…

․․․Մարմինը բոլորովին սառեց. ոչինչ չէր կարողանում ընդունել, այլևս դժվարությամբ էր խոսում, հազիվ լսելի շշնջյունով, սակավ րոպեներ իսկ չէր կարողանում քնել, մեռնող կոկորդի ջղաձգություններն էին տանջում նրան։ Չնայած այս բոլորին՝ անվերջ ասում էր ինձ.

-          Գնանք, շուտով Մոսկվա գնանք. . .

Առավոտյան ես գնացի մեկնումի վերջին պատրաստությունները տեսնելու։ Այն ժամանակ ոչ ես, ոչ Վահանը չգիտեինք, որ այնքան մոտ է մահը։

Անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո կեսօրին՝ ժամը 11-12-ին, տուն վերադարձա։ Ահավոր պայքարն արդեն իր վախճանին էր մոտենում։ Խնդրեց բժիշկ հրավիրել։ Սահնակով ման եկա ամբողջ քաղաքում, սակայն ոչ մի բժիշկ չճարեցի, ծննդյան տոնն էր և ոչ ոք չէր ուզում տանից դուրս գալ։ Նորից տուն դարձա, հոգնած, հուսաբեկ ու մարդկանցից դառնացած։

Բժիշկներից հույսը կտրած Վահանը խնդրեց ինձ, որ իրեն կամֆորա սրսկեն… Ամենայն արագությամբ մեկնեցի մեր ռազմա-սանիտարական գնացքը, որով եկել էինք Սամարայից։ Գնացքը, ինչպես տեղեկացա, դեռևս կանգնած էր Օրենբուրգ II կայարանում, քաղաքից հեռու։ Այնտեղ ես հույս ունեի գտնել մեր բուժակին։

Մի ժամից, երբ մենք երկուսով տուն վերադարձանք, նրա երակը այլևս չէր զարկում, սակայն ակհայտնի կերպով ճանաչեց ծանոթ բուժակին և խիստ ուրախացավ։ Առանց մի րոպե կորցնելու՝ բուժակը գործի անցավ…

Սրսկման միջոցին Վահանը խոսում էր և հարցրեց մեզ, թե հնարավո՞ր է արդյոք անվերջ այդպես ծակոցներ անել և այդպիսով կյանքը երկարացնել նորից մի շաբաթ։

Կամֆորայի սրսկումից հետո, շուրջ երկու ժամ, նա դեռևս գիտակցում էր։

Նկատելի կերպով աշխուժացավ, ասես «գերբնական» մի զվարթություն եկավ վրան ու ցավերը գրեթե մեղմացան…

Ապա ինձ խնդրեց մոտը հանգիստ նստել, լաց չլինել ու չհեռանալ։ Հանդարտ նստեցի կողքին, ինքը խաղաղ ու անդորր պառկեց և միայն վերջին րոպեին կիսով չափ բարձրացավ և․ «Ու՞ր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica