close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+21°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շան արժանապատվություն (Ամանորի առթիվ)

Հասարակություն

2 Հունվարի 2020, 07:51
 Շան արժանապատվություն (Ամանորի առթիվ)

Այն օրվանից, երբ Ջավախքի N գյուղում ապրող տերերը լքեցին տունը և տեղափոխվեցին Ռուսաստան, շան աչքերին թախիծ իջավ։ Բաժանվելուց զգացել էր ամեն ինչ, և երկար, շատ երկար փաթաթվեց տիրոջ ընտանիքի անդամների ոտքերին, բոլորին՝ մեծից փոքր, սեփական թաթերով ամուր-ամուր սեղմեց ոտքերը՝ դունչը երկարելով մեկ աջ, մեկ ձախ, մեկ վերև՝ առ Աստված, որն այդ պահին սեփական տիրոջ տեսքով հեռանում էր իրենից։

Տիրոջ գերդաստանի՝ միջին հասակի մարդիկ չոր տոնով հեռացրին նրան՝ իրենց ոտքերից պոկ չեկող շանը, երեխաները՝ ուրախ գրկեցին, և միայն ծերության դուռը թակող պապիկ-տատիկի աչքերին արցունքներ երևացին այդ տեսարանից. դժվար էր բաժանվել տարիներով իրենց հավատարմորեն ծառայած մեկից, լքել՝ առանց որևէ պատճառի, առանց հոդաբաշխ բացատրության, բաժանվել հանկարծակի՝ անհասկանալի և անորոշ վիճակում թողնելով նրան։

Իսկ շունն այնքան էլ այդ վիճակում չէր. նա ամեն ինչ հասկացել էր: Ավելին, ի տարբերություն տերերի՝ նա հասկացել էր նաև, որ այդ սրբազան օջախը ֆիզիկապես լքելու բարոյական իրավունքը չունի, թե ինչու չունի՝ այդ պահին չէր կարող բացատրել, ավելի ճիշտ՝ տրամադիր էլ չէր բացատրության համար մտքերը ժողովելու։ Նա պարզապես ապրում էր այդ դժոխային պահը։ Կատաղի բնավորություն չուներ, կյանքում շատ քչերի վրա էր հարձակվել, այն էլ՝ ստիպված, բայց այդ պահին նրա հոգին անասելի կատաղած էր, և Աստված մի արասցե, որ այդ խռովահույզ պահին մեկը նրան մոտենար և խանգարեր։

Շունը երկար, շատ երկար նստեց, կարելի է ասել՝ գրեթե մի ողջ օր չհեռացավ բակի այն մասից, որտեղից բաժանվել էր տերերից կամ, ավելի ստույգ, որտեղ տերերը լքել էին նրան։ Եվ ոչ միայն նրան… Երբեմն վեր էր կենում, ոչ համաչափ շարժումներով հոտոտում գետինը՝ այն մասերը, որտեղ վերջին անգամ դիպել էին տերերի ոտքերը, անգամ լիզում էր նոր–նոր ծլարձակող և քիչ կոխկրտված մայիսյան կանաչ խոտը։ Հետո դունչը կտրուկ վերև բարձրացնում և հոտոտում օդը, կրկին նստում տեղում և դունչը հարմարեցնում ոտքերի վրա՝ այնպես, որ հայացքով դառնա դեպի հեռուները, դեպի այն վայրերը, որտեղ մուժի մեջ անհետացավ տերերին տանող մեքենան։ 

Տերերի գնալուց հետո հարևանները փորձեցին նրան տանել իրենց հարկի տակ՝ կերակրելու և անտեր չթողնելու։ Բնականաբար, նման փորձերը ոչ միայն անհաջողությամբ պսակվեցին, այլև ավարտվեցին հարևանների համար վնասակար հետևանքներով. կյանքում միշտ բարի հայացքով, խոհեմ վարքուբարքով հայտնի շան փոթորկված հոգին որևէ մեկին չհանդուրժեց. հարևաններն այդպես էլ չհասկացան, որ նա կյանքում ծառայել էր մի տիրոջ, և բոլոր այն քայլերը, որոնք շեղում էին նրան այդ սկզբունքներից, ստորացուցիչ էին և անընդունելի։

Անցան օրեր, ամիսներ, մոտեցան աշունն ու չարաբաստիկ ձմեռը։ Շունը, հավատարիմ իր սկզբունքներին, ապրեց միայնակ, իր այրող հուշերի, իր նախկին պայծառ օրերի մտորումների մեջ։ Այդ մտորումներն ստիպում էին նրան անընդհատ շրջել տան շուրջը և հոտոտել այն տեղերը, որտեղ հաճախ էին քայլել տերերը, տիրոջ երեխաները, որտեղ իրեն սիրել ու փաղաքշել էին, կերակրել։ Այդ պահերին նա մի պահ մոռանում էր ճնշող զգացումների մասին և նրան թվում էր, թե ինքն էլի շրջապատված է նրանցով, և ահա ուր որ է՝ նրանցից մեկը կկանչի իրեն, և ինքը ուրախ ոստյուններով կսլանա դեպի նրանց։ Նման պահերն ավարտվում էին հանկարծակի, ավարտվում էին շեշտակի, և փոխարինելու էր գալիս իրականությունը՝ դառն ու ամայի։ Իսկ մտորումների այդպիսի ավարտներ հաճախ էին տեղի ունենում. գրեթե միշտ, երբ ակամայից հայտնվում էր այն ճակատագրական և անցանկալի վայրը, բակի այն հատվածը, որտեղ տեղի ունեցածն իրեն հասցրեց այդ վիճակին։

Շունը երբեմն մտածում էր քարեր կամ ինչ-որ առարկաներ լցնել այդ վայրում՝ կորցնելու, ջնջելու համար բաժանումի հետքերը, բայց հետո մտածում էր՝ հետքերը կարող է կորցնել, բայց սրտի վերքերն էլի կմնան ու կտանջեն իրեն, հետևաբար՝ անիմաստ էր համարում դա իրագործել։

Ջավախքի խստաշունչ ձմռան բերանին մի օր իրենց դռանը հայտնվեց մոտակա գյուղի իրենց բարեկամը, ուրախ ողջունեց իրեն՝ արժանանալով փոխադարձ ջերմ ընդունելության։ Քիչ անց, երբ հասկանալի դարձավ բարեկամի նպատակը՝ շունը հարձակվեց նրա վրա ևս։ Այդուհանդերձ, բարեկամը կարծես նախապատրաստվել էր այդ ամենին. հրավիրեց հարևաններին և համատեղ ուժերով մեքենան հրեցին կատաղության աստիճան վիրավորված շանը։

Պարզ էր՝ մոտեցող ձմռանը չէր կարելի անտեր թողնել նրան, և բարեկամի նպատակներն էլ բարի էին։ Շունը ևս հոգու խորքում հասկանում էր դա և նրան կատաղեցնում էին ոչ թե մարդկանց քայլերը, այլ այն իրողությունը, որ մարդիկ չեն հասկանում՝ ինքը ոչ մի հարկի տակ չի կարող ջերմություն գտնել, որ ինքն ունի սկզբունքներ և արժանապատվություն, որ, եթե մարդկանց համար սեփական տունը լքելը և այլ տեղ ջերմություն գտնելը կարող է սովորական լինել, ապա իր տեսակի համար դա անընդունելի է, ստորացուցիչ և անպատվաբեր։

Նոր տիրոջ կողմից վզին դրված շղթաները կրծոտելը, ծռմռելով և գլուխն արյունոտելով վզից հանելը և բլուրները հոտոտելով արագ տուն սլանալը եղավ շան առաջին գործը, և նա այդ տանջանքներից շունչ քաշեց միայն այն պահին, երբ կրկին իր հարազատ օջախում էր՝ սեփական հարկի տակ։ Մարմինը, հատկապես՝ գլուխն ու վիզը, շատ էին ցավում, հոգնած էր ֆիզիկապես, բայց հոգին այժմ հարաբերականորեն հանգիստ էր և, ամենակարևորը, արժանապատվությունը՝ վերականգնված։

Մոտենում էր Նոր տարին։ Շունն առաջին անգամ պետք է այն դիմավորեր մենակ՝ հուզերի, ապրումների և հետզհետե մարող հույսերի մեջ։ Գյուղում լսվող տոնական ճայթյունների հնչյունների տակ երբեմն քայլում էր դեպի գոմը, նստում այնտեղ, որտեղ տերերն ամեն տարի հավաքվելով մսացու անասուններ էին մորթում, և ինքն անպայման իր պատվաբեր բաժինն ուներ այդ արարողությունից։ Հարևանները հաճախ էին տեսնում այդ պատկերները և, մտածելով, թե շունը սոված է, Ամանորի տոնի առիթով մորթված իրենց անասունների մնացորդներից առատորեն բաժին հանեցին նաև նրան։ Շունն էլի կատաղեց այդ քայլից, և նրան վերստին կատաղեցրեց ոչ թե հարևանների բարի քայլը, այլ զարհուրելի փաստը՝ իրեն կրկին չեն հասկանում, իր ողջ ապրումները, իր դարդուցավը, իր հուզախռով տեսքը կապում են սոսկ ստամոքսի հետ։

Ապացուցելու համար, որ իր վիշտն ամենևին էլ կապ չունի նյութականի հետ՝ շունը մոտիկ չեկավ հարևանների բերած բարիքներին։ Արհամարհանքով նայելով այդ կողմը՝ գնաց և նստեց բակի՝ իր համար այդքան սիրելի և այդքան ատելի դարձած բաժանումի տեղը, դունչը դրեց թաթերի վրա, հայացքը՝ ապագայի հորիզոնները…

Հարևանները շատ կանչեցին նրան, համոզեցին, բայց ընդամենը արժանացան արհամարական հայացքի և վե՛րջ։

Ամանորի գիշերն ինչպես ողջ գյուղը կամ այն, ինչ մնացել էր գյուղից, քեֆի և ուրախության մեջ էր։ Տոնական տրամադրություն ունեին նաև գյուղի մնացած շները. դեմները լիքը ուտելիք, հատկապես՝ մսեղեն, կուշտ կերած և պառկած էին իրենց տաքուկ բներում։

Տան մարած լույսերի մեջ շունը թաքուն հույսեր էր փայփայում, որ Ամանորին կգան նրանք, նրանք՝ իր տերերը, դրանից լքված տունը կլցվի ուրախությամբ և կվերականգնվի իր կյանքի բնականոն ընթացքը։

Այդ ապրումներով նա գրեթե չէր կարող հանգիստ գտնել բնի մեջ, վայր, որտեղ վերջին 7-8 ամիսներին գրեթե հազվատեպ էր մտնում. հոգին անհանգիստ էր՝ բա որ հանկարծ մեկը մոտենա և վնասի իր տերերի օջախը, լքված, բայց իր համար՝ սրբազան օջախը, գողանա այնտեղի իրերից, հետո ի՞նչ կասեն կամ ի՞նչ կմտածեն իր մասին, հատկապես իր ամենաթանկի՝ արժանապատվության մասին։ Այդ ապրումները հանգիստ չէին տվել շանը ողջ ամռանն ու աշնանը, և նա գիշեր ու ցերեկ անընդհատ շրջել էր տան շուրջը՝ այդպես էլ չիմանալով, որ լքված տանն արդեն գողանալու ենթակա որևէ իր չկա…

Ամանորի՝ մինչև լույս ձգված տոնախմբության ավարտին, երբ հունվարյան ծռված արևը դեռ նոր-նոր էր շառագունել Աբուլի գագաթները, Ջավախքի N գյուղի՝ արդեն նախորդ տարի լքված տան բակում մարդիկ կրկին տեսան հավատարիմ շանը։ Նա կրկին նստած էր բակի այն նույն՝ հավետ բաժանումի և սպասումի վայրում՝ հայացքը հառած նույն հորիզոններին։ Նրա կողքով անցնելիս՝ մարդիկ ուզեցին մի բան նետել նրա առաջ՝ հուսալով, որ այս անգամ կվերցնի։ Սակայն այս անգամ շան հայացքը անշարժ էր։ Մարդիկ մոտեցան ավելի ու ավելի՝ փոքր-ինչ երկմտելով՝ հանկարծ նորից չհարձակվի իրենց վրա։ Սակայն շունը համառորեն չէր շարժվում։

Մարդիկ հասկացան կատարվածը... Նրանք ակամայից հանեցին գլխարկները և խոնարհվեցին նրա առջև: Նրա, այդ հպարտ կենդանու առջև, ով Ամանորի գիշերը հոգին ավանդեց սեփական տան բակի սառույցների վրա: Նա մեռավ մռայլ, սակայն այն նույն հպարտ դիրքում, ինչպես ապրել էր ողջ կյանքում: Եվ նրանից ոչ-ոք ի զորու չեղավ խլելու իր արժանապատվությունը և, ամենակարևորը, սեփական հարկի տակ ապրելու և պատվով մեռնելու իրավունքը: Նա մեռավ հոգեկան տանջանքների ու սրտի անհուն ցավերի մեջ՝ այդպես էլ չտեսնելով, որ մարդիկ, ի վերջո, հասկացան իրեն, հասկացան ոչ միայն իրեն, այլև իր ապրած կյանքի խորհուրդը…

Եվ մարդիկ թաց աչքերով իր անշնչացած, բայց հպարտ դիրքի առջև կամացուկ շշնջացին. «Այս կենդանու մահվան պատճառը մենք ենք, և նրա առջև մեղավոր ենք ամենքս: Եկեք Ամանորին մաղթենք, որ նոր տարում ոչ-ոք այլևս չլքի իր տունը…»:

Վահե Սարգսյան  

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica