close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առողջապահական հարկից տուժելու են 60 տոկոս «աշխատող աղքատները»․ Թադևոս Ավետիսյան

Տնտեսական

16 Դեկտեմբերի 2019, 15:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առողջապահական հարկից տուժելու են 60 տոկոս «աշխատող աղքատները»․ Թադևոս Ավետիսյան

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը ներկա տեսքով ընդունելու դեպքում կտուժեն 60 տոկոս այն քաղաքացիները, որոնք ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ՝ այսինքն, առանց այդ էլ «աշխատող աղքատներ» են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

Նա բացատրեց, որ հաջորդ տարվանից համահարթեցված՝ 23 տոկոս եկամտահարկի անցնելու պարագայում  մինչև 150 հազար դրամ ստացողները, միևնույն է, այդքան հարկվելու են՝ այդ թիվը նրանց համար չի փոխվելու, և գումարվելու է նաև լրացուցիչ 6 տոկոս առողջապահական հարկը։ Այնինչ, ավելի բարձր ստացողները 23 տոկոս հարկ են վճարելու 32 տոկոսի փոխարեն։

Թադևոս Ավետիսյանն առաջարկում է, որ առողջապահական հարկը բարձր եկամուտ ստացողների համար ավելի բարձր լինի, իսկ մինչև 150 հազար դրամ ստացողների համար գրեթե զրոյական, որպեսզի գոնե այս կերպ փոխհատուցվի համահարթեցված եկամտահարկի բացասական հետևանքը։

Բարձր եկամուտ ստացողները առողջապահական ավելի բարձր հարկ վճարելուց չեն տուժի, քանի որ այսօր, միևնույն է, վճարում են 32 տոկոս, իսկ վաղը վճարելու են 23 տոկոս․ այստեղ մոտ 9 տոկոսային կետ հարկային բեռ նրանց համար նվազեցվում է և շատ հանգիստ կարելի է դրա մեջ տեղավորել նաև 72 միլիարդ դրամը, որ լրացուցիչ պետք է հավաքվի այդ նոր հարկատեսակով՝ երբ համակարգը ներդրվի․ «Այդ 72 միլիարդ դրամը կարելի է այնպիսի դրույքաչափով բաշխել, որ հիմնական ծանրաբեռնվածությունը լինի բարձր եկամուտ ունեցողների վրա և գոնե չավելանա մինչև 150 հազար դրամ ստացողների հարկային բեռը»։

Մինչդեռ Առողջապահության նախարարության առաջարկած հայեցակարգով անկախ եկամտից բոլորը պետք է վճարեն նույն՝ 6 տոկոս առողջապահական հարկը։

«Այս պարագայում մինչև 150 հազար դրամ ստացողների համար լրացուցիչ հարկ է առաջանում, որովհետև 23 տոկոս եկամտահարկը նրանց համար չի փոխվելու և 6 տոկոս էլ հարկային բեռ է ավելանալու․ սա անհասկանալի, անընդունելի է ընդհանրապես սոցիալական,  ներառական զարգացման տեսանկյունից, քանի որ պրոգրեսիվի փոխարեն ռեգրեսիվ հարակատեսակ են մտցնում, այսինքն, ցածր եկամուտ ունեցողներին ավելի շատ են հարկում, քան բարձր եկամուտ ունեցողներին»,-պարզաբանեց Թադևոս Ավետիսյանը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հաջորդ առանցքային առաջարկն այն է, որ առողջապահական հարկը բաշխվի ոչ միայն աշխատող քաղաքացու և պետության, այլ նաև գործատուի միջև։

«Գործատուն մասնակցության իր մասնաբաժինը պետք է ունենա։ Բացի պետությունը, որ տարբեր սոցիալական խոցելի խմբերի համար պետք է պետբյուջեից ֆինանսավորի այդ ապահովագրական  վճարը, որը հաշվարկված՝ 77 հազար դրամ է՝ 1 անձի հաշվով՝ 1 տարին․ հասկանալի է, որ, այո, սոցիալական որոշ խմբերի համար, որոնք չեն աշխատում և չեն ստանում եկամուտներ, պետությունն է հոգում այդ ծախսերը։ Հասկանալի է, որ աշխատողը նույնպես մասնակցում է։ Բայց այստեղ խնդիրը մեխանիզմի մեջ է, որ հիմնական բեռը պետք է լինի բարձր եկամուտ ունեցողների վրա և, որպես կորպորատիվ պատասխանատվություն, որոշակի մաս պետք է վճարի նաև գործատուն»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նրանց գրասենյակի առաջարկով՝ գործատուն պետք է յուրաքանչյուր աշխատողի համար որոշակի չափով հաստատագրված գումար վճարի՝ այդ 77 հազար դրամի որոշակի մասը։

«Սա շատ կարևոր է, երբ նկատի ենք ունենում, որ շատ հաճախ հենց այդ աշխատողները գործատուի մեղքով է, որ ունենում են առողջության հետ կապված խնդիրներ և մասնագիտական հիվանդություններ կամ դժբախտ դեպքեր։ Սա օրենքով արդեն իսկ գործատուի պարտավորությունն է։ Ստացվում է, որ առաջարկվում է լուծում, երբ գործատուն, որը փաստացի նաև պատասխանատվություն ունի իր աշխատողի առողջության խնդիրների համար, ոչինչ չի անում, իսկ աշխատողը իր միջոցներով կատարած ապահովագրությամբ վճարում  է ցանկացած պարագայում՝ այդ թվում նաև դժբախտ դեպքի հետևանքները վերացնելու համար»,-նշեց տնտեսագետը։

Այս առաջարկները ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը կներկայացնի նախարարությանը՝ քննարկումների փուլում։

Բնակչության առողջությունը համապարփակ ապահովագրելու սկզբունքն ինքնին Դաշնակցության համար ողջունելի է։ Դեռ 2018 թ-ի համապետական ընտրություններին դա ՀՅԴ նախընտրական ծրագրի դրույթներից էր։ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ իրենց ներկա առաջարկները հիմնականում այդ առանցքից են բխում, որը 2018 թ-ի օգոստոսին Դաշնակցությունը ներկայացրել է իբրև սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթներ, որոնք բխում են սոցիալական պետության կարևոր պարտավորություններից։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica