close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղաղության քարոզ պետք անել այնտեղ, որտեղից կրակում են, ոչ թե այնտեղ, որտեղից պատասխանում են. Կարեն Հովհաննիսյան

Հարցազրույց

13 Դեկտեմբերի 2019, 13:07
 Խաղաղության քարոզ պետք անել այնտեղ, որտեղից կրակում են, ոչ թե այնտեղ, որտեղից պատասխանում են. Կարեն Հովհաննիսյան

Yerkir.amզրուցակիցը «Հայոց հզոր բանակ» ծրագրի և «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական, իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր-ղեկավար, ռազմական փորձագետ, քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն է:

-Պարոն Հովհաննիսյան, արդեն մի քանի տարի է, որ Դուք աշխատում եք բանակի հետ՝ բանակի համար: Այս տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել բանակում, առաջընթացը նկատելի՞ է:

Բանակում ամեն օր առաջընթաց կա, ամեն օր մի նոր բան է տեղի ունենում՝ դրական առումով: Բանակի առաջընթացի շրջանը ես բաժանում եմ երկու մասի՝ հրադադարից հետո, և Ապրիլյան պատերազմից հետո: Այն, ինչ կատարվել է ինչ պետության կողմից արվել է  հրադադարից հետո, անգնահատելի է, զրոյից ստեղծվել է ռազմական կառույց: Սակայն, ինչ տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմից հետո, դա պարզապես հրաշք կարող եմ անվանել: Մեծ թափով սկսվեց առաջնագծում տեսանկարահանող սարքերի տեղարդումը, ստորաբաժանումներում ժամանակակից նյութատեխնիկական սարքավորումենրի ներդրումը, նոր չափորոշիչների ընդունումն ու դրան համապատասխանացնելը: Եվ այս ամենն արվում ու արվում էր ո՛չ միայն պետության կողմից, այլ նաև ամբողջ հայ ազգի կողմից: Փոփոխությունները բանակում ակնառու են և շարունակական:

-Դուք բոլոր հարցազրույցների ժամանակ կոչ եք անում զինվել: Այս պահին պատերազմի վտանգն ինչքա՞ն մեծ է:

-Պատերազմի վտանգ միշտ էլ կա, ամեն պահի այն կարող է վերսկսվել: Կապ չունի, թե այդ պահին հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, միջնորդները, ամեն պահի կարող է Ադրբեջանը պատերազմ սկսել: Այսօր օրակարգում է հասարակությանը խաղաղության պատրաստելու հարցը, սակայն, այդ պայմանավորվածությանը չի հետևում Ադրբեջանը: Այսօր, քան երբևէ, Ադրբեջանում կատարվում է հակահայկակական քարոզչություն, հասարակությանը փոխանակ պատրաստեն խաղաղության, պատրաստում են «հանուն Ղարաբաղի զոհվելուն»: Եվ սա արվում է պետական մակարդակով: Բացի այդ, Ադրբեջանում այս տարի տեղի է ունեցել շուրջ 90 տարբեր տեսակի զորվարժություն, որն աննախադեպ է, իսկ այդքան զորավարժություն, այդքան զենքի ձեռքբերումը, այդքան ռազմական պայմանագրերը հենց այնպես չեն արվում: Այո, ամեն պահի կարող է այն սկսվել, և մենք պետք է թե՛ հոգեպես, թե՛ ռազմապես պատրաստ լիենք դրան:

-Այսօր հանրության շրջանում հայտնվել է մի զանգված, ցավոք՝ ոմանք նաև իշխանության շարքերում են, ովքեր անընդհատ ինչ-որ խաղաղության ու հայ-ադրբեջանական հաշտության, հարևանության մասին են խոսում: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ինչպես վերևում նշեցի, այսօր օրակարգում կա հասարակությանը խաղաղության պատրաստելու հարցը: Գիտե՞ք, միայն հիվանդ երևակայության տեր մարդը խաղաղություն չի ուզի: Սակայն, ասյտեղ մի բան պետք է մենք միշտ հաշվի առնենք, մենք երբեք նախահարձակ չենք եղել, երբեք առաջինը չենք կրակել, մեր գործողություները միշտ եղել են ի պատասխան: Միշտ եղել են մարդիկ , որ խաղաղություն ասվածն այլ կերպ են ընկալել, մտածել են, որ խաղաղությունը թրքասիրությունն է, այնինչ՝ խաղաղությունը հզորության մեջ է: Ադրբեջանում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը խաղաղության համար ոչինչ չեն ասում, նրանք այս հարցում համակարծիք ու միաբան են, նրանք բացառապես ուզում են Արցախը և Զանգեզուրը, իսկ Ալիևը՝ նաև Երևանն ու Սևանը: Այնպես որ  խաղաղության քարոզ նախ և առաջ պետք անել այնտեղ, որտեղից կրակում են, ոչ թե այնտեղ, որտեղից պատասխանում են:

-Լարված ներքաղաքական վիճակը որևէ կերպ անդրադառնու՞մ է մե զինվորների վրա:

Մինշանակ կարող եմ ասել, որ ոչ, ոչ մի կերպ զինվորի վրա չի անդրադառնում մեր ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները: Զինվորները մշտապես իրականացնում են իրենց առաջադրանքները, որոնք բացառապես ուղղված են մեր երկրի անվտանգության  ամրապնդմանը:

-Հիմա ամենաշատն ինչի՞ կարիք ունեն նրանք:

-Զինվորները մշտապես կարիք ունեն թիկունքից գնացող ջերմության ու ուշադրության: Նրանց, երբ հարցնես իրենց ողջությունը, միշտ կասեն, որ լավ են, չնայած դա խիստ հարաբերական է, իրենք մշտապես թիկունքից ակնկալում են ուշադրություն, ջերմություն, աջակցություն:

-Վերջում կխնդրեի, որ պատմեիք Ձեր ՀԿ-ի մասին. Ինպե՞ս որոշեցիք, ի՞նչ եք արել, ի՞նչ եք անելու:

2016թ-ի Ապրիլյան պատերազմից հետո, մայիս ամսին հիմնադրեցի «Հայոց Հզոր Բանակ» ծրագիրը, որի նպատակը դիրքապահ զինվորի անվտանգության և առողջության պայմանների բարելավումն էր: Համացանցում ընկերներով համախմբվեցինք և սկսեցինք դրամահավաք իրականեցնել, որի արդյունքում արդեն երեք ու կես տարի դիրքերին ապահովում ենք անհարաժեշտ նյութատեխնիկական սարքավորումներով: «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի հիմքի վրա էլ ստեղծեցինք «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական և իրավապաշտպան ՀԿ-ն, որի նպատակը նույնն է, ինչ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի, պարզապես այն բերեցինք իրավական դաշտ որոշ հարցերի համար: Այժմ մեր ծրագրին մասնակցում են ավելի քան 700 մարդ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Այսօր նաև ծրագրի կառավարումն իրականացվում խորհրդի միջոցով, որտեղ ընդգրկված է նաև նախկին դիրքապահ զինվոր, ում դիրքում եղել եմ ծրագրի շրջանակներում և նա զորարցվելուց հետո միացավ մեզ: Մեր ծրագրի շրջանակներում իրականցնում ենք տարբեր միջոցառումներ, բարեգործական համերգներ, որոնց հասույթն ամբողջությամբ նյութատեխնիկական սարքավորումների տեսքով ուղղվում է բանակ, դիրքեր: Մենք աշխատում ենք բաց և թափանցիկ, ամեն փուլի համար հանդես ենք գալիս մանրամասն հաշվետվությամբ:

Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բարերարներին և ասել , որ ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔ:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica