close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
+0°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1478.90
GBP1625.59
EUR1531.24
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը

Քաղաքական

12 Դեկտեմբերի 2019, 22:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը

Միացյալ Նահանգների Սենատը րոպեներ առաջ միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձեւը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Սենատորներից որեւէ մեկը վետո չդրեց այս անգամ փաստաթղթի քվեարկության վրա։

Բանաձեւը նախատեսում է Հայոց ցեղասպանության «պաշտոնական ճանաչում եւ հիշատակում»։

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը չի կարողացել թաքցնել արցունքները, երբ խոսել է Հայոց ցեղասպանության սարսափների մասին։

«Մենք հենց նոր ընդունեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Տեղին է եւ ճիշտ է, որ Սենատը գտնվում է պատմության ճիշտ կողմում»,- ելույթ ունենալով Սենատում՝ ասել է Մենենդեսը։

Թեդ Քրուզը նշել է, որ սա բանաձեւի ընդունման չորրորդ փորձն է։ «Արդեն երրորդ շաբաթն է, ինչ մենք ելույթ ենք ունենում Սենատի նիստերի դահլիճում՝ ձգտելով ընդունել այս բանաձեւը, եւ ես շնորհակալ եմ, որ մենք այսօր հաջողության հասանք։ Սա ճշմարտության պահն է, որը շատ երկար էր»,- ասել է Քրուզը։

«Այսօր, ընդունելով Հայոց ցեղասպանության մասին իմ բանաձեւը, Սենատը վերջապես հաստատեց պատմությունը՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անկասկած ցեղասպանություն է։ Դրա համար այլ բառ չկա։ Էֆեմիզմ չկա։ Դրանից չի կարելի խուսափել»,- բանաձեւի ընդունումից հետո սենատոր Մենենդեսը գրել է Twitter-ում։

Բանաձևի ընդունմանն է անդրադարձել նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Իր խոսքում նա իր շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ նշելով. «Սենատն այսօր միացավ Պալատին`այդպիսով մերժելով Անկարայի միջամտությունը ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման ամերիկյան ազնիվ մղումների:Սենատի այսօրվա միաձայն գործողությունն նախագահի ուշադրությունն է հրավիրում, որը շարունակում է իրականացնել Էրդողանի վետոն՝ ուղղված միլիոնավոր քրիստոնյաների աքսորի ու հիշատակի դեմ: Ժամանակն է, որ գործադիր մարմինը միանա Կոնգրեսին: Միասին, Նախագահը և Կոնգրեսը պետք է ստեղծեն կայուն և ակտիվ քաղաքականություն, որը մերժում է Թուրքիայի ստերը, մարտահրավեր նետում Անկարայի արդարադատության խոչընդոտմանը, ինչպես նաև հայ և թուրք շահագրգիռ կողմերի հետ աշխատում է այդ հանցագործության համար պահանջվող միջազգային փոխհատուցումների և այլ միջոցների ներգրավման համար»:

Բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից, բանաձեւը նաեւ մերժում է ցեղասպանության հերքման հետ ԱՄՆ կառավարության «ներգրավման կամ ասոցացման» փորձերը եւ «դրա ծագման խրախուսումն ու հասարակական ըմբռնումը»։

Վերջին ամիսներին 3 անգամ հանրապետական տարբեր սենատորներ՝ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը, արգելափակել ու թույլ չէին տվել, որ բանաձեւն ընդգրկվի Սենատի օրակարգում: Ի վերջո, 3 արգելափակումից հետո բանաձևն 4-րդ անգամ ներկայացվեց և այս անգամ առանց արգելափակման ընդգրկեց օրենսդիր մարմնի օրակարգում:

Հետաքրքրական է, որ 3 սենատորներն էլ սկզբունքորեն դեմ չեն արտահայտվել բանաձեւի ընդունմանը, սակայն նշել են, որ այժմ դրա ժամանակը չէ: Անցնող ամիսներին, բանաձևին կողմ արտահայտվելու եւ քվեարկելու ուղղությամբ համաամերիկյան աշխատանք էր ծավալել Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ Բոլոր սենատորները նրանց կազմակերպմամբ գտնվել են հայազգի ընտրողների ուշադրության կենտրոնում։

Ի դեպ, մինչ քվեարկությունը, գրեթե դրանից մեկ ժամ առաջ Քիմ Քարդաշյանն էլ է արձագանքել Հայ Դատի հանձնախմբի կոչին եւ իր ինստագրամյան էջում, շուրջ 135 միլիոն հետևորդներին կոչ արել զանգահարել սենատորների գրասենյակ եւ պահանջել կողմ քվերակել ներկայացված բանաձեւին։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ այս բանաձեւից անկախ, գրեթե նույն բովանդակությամբ բանաձև էր ընդունել նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը։

Հայոց ցեղասպանությունը դատապարտող 2 բանաձևերի ուղերձների մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Հայ Դատի արևմտյան գրասենյակը։ 

Նշվում է, որ միանման (Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ H.Res.296-ը և Սենատի կողմից ընդունված՝ S.Res.150-ը) երկու բանաձևերը ունեն երեք կարևոր ուղերձ՝

1․ Բացառում են ԱՄՆ-ի մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը

2․ Խրախուսում են ԱՄՆ-ի շարունակական ոգեկոչման ու ճանաչման միջոցառումները՝ միտված հիշատակելու այս մարդկության դեմ կատարված միջազգային հանցագործությունը

3․ Աջակցում են ԱՄՆ հանրակրթական հաստատություններում Հայոց Ցեղասպանության առարկայի դասավանդումը՝ կանխարգելելու մերօրյա նմանօրինակ հանցագործությունները։

ԱՄՆ Սենատը օժտված է դեսպանների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների հաստատման ուժով, ուստի բոլոր առաջադրվելիք թեկնածուները պետք է այլևս հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի ենթարկելով իրենց իսկ հեղինակությունն ու աշխատանքը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica