close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2020
-6°
+1°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամ Խաչատրյանի մասին առաջին և միակ ֆիլմը. «Սուսերով պար»

Հասարակություն

12 Դեկտեմբերի 2019, 11:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամ Խաչատրյանի մասին առաջին և միակ ֆիլմը. «Սուսերով պար»

Արամ Խաչատրյանի «Սուսերով պարն» աշխարհում ամենաշատ կատարված ստեղծագործությունն է. անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է այդ փաստն ընդունել ու միջազգայնորեն ճանաչել՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այդ իրողությունը հայերիս անչափ հպարտացնում է, բայց քչերին է հայտնի, որ «Սուսերով պարը» Արամ Խաչատրյանը «Գայանե» բալետ է ներմուծել  կուսակցական «վերևների» ճնշումների ներքո։ Այդ ստեղծագործությունն ի սկզբանե բալետում չի եղել և գրվել է «Գայանեի» պրեմիերայից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ 1942-ին, երբ ֆաշիստական Գերմանիայի դեմ կատաղի մարտեր էին մղվում, Պերմ տեղափոխված Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում  ձմռանը կայանում է «Գայանեի» պրեմիերան։ Թե հոգեկան ու բարոյական ինչ ծանր վիճակում է հայտնվում Արամ Խաչատրյանը, որին ուղղակի ստիպում են անընդհատ փոփոխել բալետը, հետո բռնաճնշումներն ավելի սաստկացնելով ու փորձելով կոտրել նրա կամքի ուժը՝ ուղղակի փաստի առաջ են կանգնեցնում, ուսումնասիրել ու փորձել է էկրանին հանձնել ուզբեկ ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը։

     Մի քանի տարի առաջ կինոյի մարդկանց շրջանում խոսվում էր, որ Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ է նկարահանվելու, ռեժիսորն էլ հայ չէ։ Այդ հանգամանքը նաև դժգոհությունների, խանդի ալիք բարձրացրեց, բայց շուտով պարզ դարձավ, որ մեր պետական ատյանները խրախուսել են ֆիլմի գաղափարը և սիրով ընդունել ուզբեկ ռեժիսորի համագործակցության առաջարկը։ Արդյունքում Յուսուպ Ռազիկովն Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարել՝ առաջինն ու միակը ոչ միայն հայ, այլև համաշխարհային իրականության մեջ։ Այո, հայերս աշխարհին  հանճարեղ ստեղծագործողներ, համաշխարահային մեծեր, հզոր անհատականություններ ենք տվել, բայց բացի փաստավավերագրական կցկտուր անդրադարձերից, նրանց մասին որևէ մնայուն, արժեքավոր ֆիլմ չենք նկարել, անգամ ներկայացում չենք բեմադրել կամ գիրք գրել։ Փաստորեն, պիտի ասենք՝ փառք ու պատիվ ուզբեկ ռեժիսորին, որ հանձն է առել հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ նկարել։ Յուսուպ Ռազիկովի խորթ հայրը հայ է . հենց նրա շնորհիվ է նա ճանաչել Հայաստանն ու հայերին, ծանոթացել նաև Արամ Խաչատրյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Այդ ծանոթությունն էլ վերաճել է կոմպոզիտորի մասին ֆիլմ նկարելու գաղափարի։

    Արամ Խաչատրյանի ամբողջական կենսագրության մասին ֆիլմ դիտելու մեր ակնկալիքները Ռազիկովը միանգամից կանխում է՝ ասելով. «Ես ֆիլմ եմ նկարել Արամ Խաչատրյանի կյանքի մի կարճ ժամանակահատվածի՝ այն երկու շաբաթների մասին, երբ նա պատրաստվելիս է եղել «Գայանե» բալետի պերմիերային։ Ամենադրամատիկ իրադարձությունն է եղել իմ ուշադրության կենտրոնում, թե ինչպես է ստեղծվել «Սուսերով պարը»։ Իսկ այն ստեղծվել է օպերայի և բալետի թատրոնի տնօրինության ճնշումների արդյունքում։ Նրանց էլ ճնշել են ավելի «վերևներից»։

«Սուսերով պարն» Արամ Խաչատրյանը գրել է 8 ժամում։ Ֆիլմում կան հորինված կերպարներ, որոնց առկայությունը դեպքերի ընթացքն ավելի դրամատիկ ու տպավորիչ է դարձնում։ Առհասարակ Արամ Խաչատրյանի կյանքը զերծ է եղել բուռն վայրիմերումներից, բայց կան դիպվածներ, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել, օրինակ՝ եթե ճնշումները չլինեին, «Սուսերով պար» հանճարեղ ստեղծագործությունը չէր գրվի։ Հորինված կերպար է նաև Գեորգին։ Նա հայ է, երիտասարդ Արամ Խաչատրյանի ընկերը, պաշտպանն ու պահապանը։ Ռեժիսորն այդ հերոսին  հատուկ է ստեղծել, որպեսզի ֆիլմում  հայի խտացված կերպար լինի։ Նրան մարմնավորում է Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը։ Իսկ Արամ Խաչատրյանի դերի համար Ռազիկովն ընտրել է ռուսաստանաբնակ դերասան Համբարձում Քաբանյանին։ «Շատ թեկնածուներ կային՝ ամերիկացի, ֆրանսիացի, բայց ես հենց հայ էի ուզում։ Քանի որ խորթ հայրս հայ է, ես շատ լավ եմ ճանաչում հայերին ու գիտեմ, որ ֆիլմում հայ կարող է միայն հայը խաղալ։ Այդպես անվերապահորեն ընտրեցի Համբարձումին ու չսխալվեցի։ Նա կարողացել է էկրանից փոխանցել  Արամ Խաչատրյան հզոր անհատականության էներգետիկան»։

   «Սուսերով պարը» կինոարվեստ համարելը կամ ակնկալելը, որ այն մի օր դասական ֆիլմ կդառնա, դժվար է։ Գոհանանք, որ Արամ Խաչատրյանի մասին առաջին անգամ ֆիլմ է նկարվել, քիչ քննադատենք ու չհամեմատենք, որովհետև առանձնապես համեմատելու բան չունենք։

Նաիր Յան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica