close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդարադատության նախկին նախարարը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել

Հասարակություն

11 Դեկտեմբերի 2019, 23:26
 Արդարադատության նախկին նախարարը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել

Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները ներկայացրել է Pastinfo.am-ը.

Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչեւ իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: 

Արդարադատության նախարարը Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձեց հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաեւ Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ:

Ստորեւ ներկայացնում եմ արդարադատության նախարարի փաստարկները եւ դրանց վերաբերյալ իմ դիտարկումները:

Փաստարկ 1. Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի ինստիտուտը նորություն չէ ՀՀ իրավական համակարգում, եւ գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված է նման հնարավորություն:

Նախագծի եւ գործող կարգավորման էական տարբերությունը նրանում է, որ գործող նորմը վաղ կենսաթոշակի գնալու իրավունք նախատեսել է միայն այն դատավորների համար, ովքեր 2015թ․ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահի դրությամբ առնվազն 12 տարի պաշտոնավարել են ՍԴ դատավորի պաշտոնում (այս պահին այդ կարգավիճակն ունեցող երկու դատավոր կա՝ Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը)։ Գործող կարգավորումը իսկապես տրամաբանական է եւ արդարացված ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է։ Տարածել նման մոտեցումը այն դատավորների վրա, որոնք պաշտոնավարում են 12 տարուց պակաս, որեւէ առումով հիմնավորված չէ:

Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ ՍԴ դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միեւնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն, CDL-AD(2019)024)։

Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել նաեւ մեկ այլ հանգամանքի վրա։ Եթե գործող օրենքը վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում նախատեսում է միայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով կենսաթոշակ (որն ավելի ցածր է, քան դատավորի պաշտոնում նրա աշխատավարձն ու հավելավճարները), ապա նախագիծը վաղ հրաժարական ներկայացնող դատավորներին տրամադրում է անհամեմատ ավելի մեծ «պարգեւ»՝ կենսաթոշակ, որը հավասար է հրաժարականի պահին դատավորի ստացած պաշտոնային դրույքաչափին եւ հավելավճարներին։

Փաստարկ 2. Նախագծի նպատակը 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելն է:

Դեռեւս Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ, ինչպես նաեւ նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորումներում ի հայտ են գալիս միմյանց հակասող հիմնավորումներ։ Մի կողմից՝ նախագծի ընդունման հիմնական անհրաժեշտությունը Կառավարության կողմից պայմանավորվում է 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։ Առանց որեւէ իրավական հիմքի, անտեսելով Սահմանադրության 213-րդ հոդվածը, Կառավարությունը պնդում է անում, թե 2015թ․ Սահմանադրության փոփոխություններով ներդրվել է սահմանադրական դատարանի «մոդել», որը պետք է անհապաղ կյանքի կոչվեր, սակայն «իրավակիրառ պրակտիկայի» բերումով իբրեւ թե կյանքի չի կոչվել։ Իրականում սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձեւավորել միանգամից եւ միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։

Սահմանադրության 213-րդ հոդվածը նույնքան պարտադիր է օրենսդրի համար, որքան սահմանադրական դատարանի ձեւավորման նոր կարգը նախատեսող Սահմանադրության հոդվածը, ուստի հակասահմանադրական եւ անթույլատրելի է օրենքով սահմանադրի կամքի նման խեղաթյուրումը։

Փաստարկ 3. Նախարարի կողմից որպես փաստարկ նաեւ հղում է կատարվում միջազգային փորձին: Վկայակոչվում է Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Դանիայի եւ Ավստրալիայի փորձը։ Միեւնույն ժամանակ նախարարը պնդում է, որ նախագծով առաջարկվող մոդելը «ամբողջությամբ համընկնում է» Վրաստանի մոդելի հետ։

Դեռեւս Նախագծի վերաբերյալ ներկայացված սկզբնական պարզաբանումներում միջազգային փորձի առումով որպես լավագույն օրինակ արդարադատության նախարարության կողմից մատնանշվում էին Լեհաստանը եւ Հունգարիան, որտեղ ներդրվել էր պարտադիր վաղ կենսաթոշակի ինստիտուտը: Նախարարության կողմից մատնանշված փորձը չդիմացավ քննադատության եւ հետագայում նախարարությունը հրաժարվեց Լեհաստանի եւ Հունգարիայի փորձը վկայակոչելուց: Սակայն սկսեցին հղումներ արվել այլ երկրների փորձին: Ցավոք, պատկերը կրկնվեց եւ միջազգային փորձը ներկայացվելիս խեղաթյուրվեց այնպես, ինչպես նախկինում՝ Լեհաստանի եւ Հունգարիայի պարագայում:

Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում (1) եւ Ուկրաինայում (2) առկա կարգավորման եւ Կառավարության կողմից առաջարկվող նախագծի էական տարբերությունը նրանում է, որ նշված երկրներում վաղ կենսաթոշակի ինստիտուտը գործում է բոլոր դատավորների համար, գործում է առանց ժամկետային սահմանափակման եւ նախատեսում է միայն միանվագ վճար եւ կենսաթոշակ եւ ոչ թե աշխատավարձի պահպանման իրավունք։

Դանիայում բոլոր դատավորների պաշտոնավարման տարիքը լրանում է 70 տարեկանում։ Սակայն, հաշվի առնելով կենսաթոշակային ընդհանուր տարիքը, Դանիայում (3) սահմանադրական մակարդակով նախատեսվել է, որ ընդհանուր կենսաթոշակային տարիքի հասած դատավորները (ընդ որում՝ խոսքը գնում է բոլոր դատավորների մասին) իրավունք ունեն հրաժարական տալու եւ մինչեւ 70 տարեկանը ստանալու հրաժարականի պահին ստանալիք աշխատավարձի չափով դրամական ապահովում: Այսպիսով, Դանիայում առկա է սահմանադրական կարգավորում եւ խոսքը գնում է միայն 65 տարին լրացած դատավորների մասին, ուստի Դանիայի օրինակը որեւէ առնչություն չունի ներկայացված նախագծի հետ։

Ավստրալիայում (4) դատավորը կարող է կենսաթոշակի գնալ 60 տարեկանում՝ 10 տարի որպես դատավոր աշխատելուց հետո, իսկ առանձին տարածաշրջանի դատավորները՝ նույն պայմանով, 55 տարեկանում՝ ստանալով օրենքով սահմանված կենսաթոշակ: Սակայն այս պարագայում, խոսքը ոչ թե աշխատավարձի պահպանման, այլ կենսաթոշակի մասին է եւ ի տարբերություն նախագծով առաջարկվող մոդելի՝ տարածվում է միայն որոշակի ստաժ ունեցող բոլոր դատավորների վրա (առնվազն 10 տարվա) եւ չունի որեւէ ժամկետային սահմանափակում:

Նախարարի կողմից մեջբերված երկրներից նախագծի հետ համադրելի է միայն Վրաստանի փորձը, քանի որ Վրաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կիրառվել է դատավորների վաղ կենսաթոշակային սխեմա՝ միայն որոշակի դատավորների նկատմամբ, ժամկետային սահմանափակմամբ եւ աշխատավարձի պահպանմամբ։ Բայց նույնիսկ Վրաստանի փորձը խեղաթյուրված է ներկայացվել։ Նախագծի հիմնավորման մեջ Վրաստանի մասով ներկայացված սխալ տեղակատվությունը (5) ներկայացվել է նաեւ ԱԺ նիստում։ Նշվում է, որ Վրաստանում այն կիրառվել է եւ՛ Գերագույն դատարանի եւ՛ ՍԴ դատավորների նկատմամբ, մինչդեռ իրականում այն կիրառվել է միայն Գերագույն դատարանի դատավորների նկատմամբ։

Երկրորդ, հարց է առաջանում՝ որքանո՞վ է Վրաստանը այս պարագայում լավագույն օրինակ վկայակոչման համար, եւ որքանո՞վ է Վրաստանում այդ ռեֆորմը տվել անկախ դատական համակարգ ձեւավորելու ցանկալի արդյունք։ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2007թ․ զեկույցում (6) անկողմնակալ քննադատություն է հնչում Վրաստանում կիրառված այս ռեֆորմների վերաբերյալ՝ դրանք բնութագրվելով որպես մի շարք փորձառու կադրերի ռեզերվ ուղարկելու, երկար ժամանակ դատարանները փորձառու կադրերով համալրել չկարողանալու, դատական համակարգը կառավարության ազդեցության տակ դնելու, իսկ Գերագույն դատարանի պարագայում՝ «դատավորներին սպառնալու միջոցով հրաժարական պարտադրելու» գործընթաց (7)։ Ի դեպ` Վրաստանի նշված փորձը ներկայումս բացասական է գնահատվում նաեւ Վրաստանում (8):

Փաստարկ 4. Որպես հիմնավորում նշվում է նաեւ Վենետիկի հանձնաժողովի՝ նախագծի վերաբերյալ արտահայտած կարծիքը:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքում կառանձնացնեի երկու կարեւոր տարր` կամավորությունը եւ ընթացիկ դատական գործընթացների վրա ազդելը:

Ազգային ժողովում որեւէ հիմնավորում չբերվեց, թե ինչպես են բավարարվում այս երկու պայմանները: Թերեւս պատճառն այն է, որ նման հիմնավորումներ ուղղակի գոյություն չունեն, քանի որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ երկու ամսով, նախագծի հեղինակները այդ երկու պայմանները դարձրին ֆիկցիա։ Անգամ Վրաստանում կիրառված եւ հիմնովին քննադատված մոտեցումը նախատեսում էր դրանից օգտվելու ավելի երկար ժամկետ՝ մեկ տարի։

1.Закон Российской Федерации О статусе судей в Российской Федерации, 15-րդ հոդվածի 2-րդ մաս, հասանելի է հետեւյալ հղումով:

2. Law of Ukraine on the Judiciary and Status of Judges, 142-րդ հոդվածի 2-րդ մաս, հասանելի է հետեւյալ հղումով:

3.The Constitutional Act of Denmark, հոդված 64, հասանելի է հետեւյալ հղումով:

4.Judges' Pensions Act 1968, հոդված 4, հասանելի է հետեւյալ հղումով:

5. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Վրաստանում դատական համակարգի փոփոխությունների համատեքստում կարգավորում է նախատեսվել, որը հնարավորություն է տվել 2005 թվականի հունվարի 1-ից 2006 թվականի հունվարի 1-ը Գերագույն դատարանի դատավորներին՝ այդ պաշտոնում 3 տարի աշխատելու եւ Սահմանադրական դատարանի դատավորներին՝ այդ պաշտոնում 5 տարի աշխատելու դեպքում հրաժարական ներկայացնելիս ցմահ ստանալ իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձի չափով դրամական ապահովում՝ անկախ տարիքից:

6.Transparency International’s Global Corruption Report 2007, էջ 205:

7.Տե՛ս նաեւ Bertelsmann Transformation Index 2006, էջ 5։

8.https://factor.am/206087.html

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica