close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլյան քառօրյային զինվորներին զինամթերք հասցնող Հայկ Թորոյանն այսօր կդառնար 34 տարեկան

Հասարակություն

11 Դեկտեմբերի 2019, 17:51
 Ապրիլյան քառօրյային զինվորներին զինամթերք հասցնող Հայկ Թորոյանն այսօր կդառնար 34 տարեկան

2016 թ. ապրիլի 2-ի առավոտյան, երբ մայոր Հայկ Թորոյանն իմանում է, որ մարտական դիրքում զինամթերքի պակաս կա, որոշում է հենց ինքը տանել զենք-զինամթերքը։  Հայկը հրետանավոր էր, հետևաբար, պետք է գտնվեր թիկունքում, բայց համածառայակից վարորդի՝ Հրանտ Ղարիբյանի հետ շարժվում են դեպի առաջնագիծ։ Մեքենայով դիրքեր բարձրանալու ժամանակ հայտնվում են ադրբեջանցիների շրջափակման մեջ: Հրանտը զոհվում է, իսկ ոտքից վիրավորված Հայկը շարունակում է մարտը: Սակայն անհավասար կռվում նույնպես զոհվում է:

Ապրիլյան դեպքերը Հայկի զինվորական կյանքում առաջինը չէին՝ Yerkir.am-ին ասաց հայրը՝ Վահան Թորոյանը.  «Փակ, չարտահայտվող երիտասարդ էր և ես գիտեի, որ նա էլի որոշ դեպքերի է մասնակցել, որի մասին փաստում են նրա մեդալները, շքանշանները»։

Ջավախեցու և արցախցու ընտանիքում Հայկ Թորոյանը ծնվել է 1985 թ.-ին՝ Երևանում: Ծնողները նրան կնքել են Հայկ Նահապետի անվամբ։ Մոր խոսքով՝ սպիտակ, թմբլիկ, չաղլիկ, աշխույժ, կատակասեր, ծիծաղկոտ երեխա էր։ «Երբ ծնվեց աղջիկս, սկսեց խանդել, ասում էր՝ «քուրիկին դիր, Հակոյին գրկի»։ Աղջկաս դնում էի բազմոցի վրա, կողքն էլ բարձ էի դնում, որ չգլորվեր, գալիս, նստում էր ոտքերի տակ, ձեռքը այնպես էր հարմարեցնում, որ կպներ քուրիկին»,- պատմում է Հայկի մայրը՝ տիկին Լյուդմիլան:

Դեռ մանկուց Հայկի սիրած խաղալիքները տանկերը, հրացանները, հետագայում համակարգչային խաղերն էին, ասում է հայրը, հետո հասկացան՝ Հայկը ձգտում ունի դեպի ռազմարվեստ. «Կենցաղում կենսուրախ, դպրոցում նորմալ սովորող, ընկերասեր տղա է եղել, ում կյանքը եղել է լի արկածներով՝ որսորդություն Հրազդանի ձորում և այլն»:

Վահան Թորոյանը նշեց, որ Արցախյան գոյամարտը մեծ ազդեցություն է ունեցել պատանի Հայկի աշխարհընկալման վրա. «1990-ականների սկզբին, երբ դեռ դպրոցական էր, երգում էր հայրենասիրական երգեր, օրինակ, «Սարերից իջան մի խումբ ձիավոր» և այլն: Նա այդ ոգով է մեծացել և, գուցե, դրա համար էլ ընտրել է այդ ճանապարհը»,– ասաց հերոսի հայրը:

Հայկ Թորոյանի հոր քեռին ու հորեղբայրը մասնակցել են Հայրենական պատերազմին և չեն վերադարձել։ Այս բոլոր պատմությունները հայրը պատմել է որդուն. «Այդ թթխմորը, մերանը միշտ էլ եղել է և այդ ինֆորմացիաները պատմվել է մեր երեխաներին»,– ասաց նա:

Հիշում է՝ ինչպես էին որդու հետ «կռիվների մասնակցում» համակարգչային խաղերով. «90-ականներին էլեկտրական հոսանքը գնում-գալիս էր: Հայկը գիտեր ժամերը: Գիշերն արթնացնում էր ու ասում՝ «պապա արի Աստղային պատերազմներով կռիվ անենք»»:

Գերազանց սովորելով Մոնթե Մելքոնյանի վարժարանում՝ շարունակել է ուսումը ՌԴ Պեմզա քաղաքում, որն ավարտելուց հետո գալիս է հայրենիք, ծառայում Արցախի ՊԲ Գլխավոր շտաբում։ Ապա տեղափոխվում է Մարտակերտի զորամաս, այնուհետև Մատաղիս: 2016 թ. փետրվարի 2-ին Հայկ Թորոյանը հրավիրվում է Պաշտպանության նախարարություն՝ Պաշտպանություն բանակից ՊՆ տեղափոխման համար, որը պետք է տեղի ունենար 2 ամսվա ընթացքում, այսինքն, մինչև ապրիլի 2-ը: Մարտի 31-ին արձակվեց տեղափոխման հրամանը, որը, ցավոք սրտի, չիրագործվեց:

Քչախոս, անսահման համեստ, զենքի արվեստին խորությամբ տիրապետող, բազմակողմանի զարգացած, բարի ու նպատակասլաց Հայկն ասում էր՝ «գեներալ եմ դառնալու»: Չհասցրեց:

Հայկ Թորոյանը և՛ ծառայության ժամանակ, և՛ նահատակվելուց հետո արժանացել է մեծաթիվ պարգևատրումների՝ «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Մարտական ծառայություն», «Հայրենիքի պաշտպանության համար» և այլ մեդալների:

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Մարտական խաչ 1-ին աստիճանի ասպետ, մայոր Հայկ Թորոյանը կդառնար 34 տարեկան:

Երևանի Ծովակալ Իսակովի անվան 132 դպրոցում ամեն տարի անցկացվում են Հայկ Թորոյանին նվիրված Հայկյան խաղերը, իսկ դպրոցի դասասենյակներից մեկը կրում է Հայկի անունը:

Արգամ Եղիազարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica