close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2020
-1°
+0°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ես թույլ մարդ եմ, և տոկուն այլախոհ ինձնից դժվար թե ստացվի». Սերգեյ Դովլաթովի կյանքի կանոնները

Մշակույթ

10 Դեկտեմբերի 2019, 22:11
 «Ես թույլ մարդ եմ, և տոկուն այլախոհ ինձնից դժվար թե ստացվի». Սերգեյ Դովլաթովի կյանքի կանոնները

Մասնագիտությունս ռուս հեղինակ լինելն է:

Ինձ չէին տպագրում: Ես չէի կարողանում վաստակել գրականությամբ: Ես հոգեկան հիվանդ դարձա, սկսեցի շատ խմել: Ինձ շրջապատում էին նույնպիսի` իրենց խմիչքին տված չճանաչված հանճարներ: Սակայն ուր էլ տարել եմ պատմվածքներս, ամբողջ կյանքում միայն հաճոյախոսություններ եմ լսել: Ոչ ոք երբեք կասկած չի հայտնել գրականությամբ զբաղվելու` իմ իրավունքի վերաբերյալ:

Ես չեմ ափսոսում աղքատ օրերի համար: Եթե հավատանք Հեմինգուեյին, աղքատությունը գրողի համար անփոխարինելի դպրոց է: Աղքատությունը մարդուն զգոն է դարձնում: Հետաքրքիր է, որ Հեմինգուեյը դա հասկացավ, երբ հարստացավ:

Ես մեկնեցի, որ գրող դառնամ:

Էմիգրացիայում սիրում են խոսել ապրած տառապանքների մասին: Ինձ ոչ ոք դուրս չի գցել, չի նեղել, չի արտաքսել: Պարզապես կյանքն այդպես դասավորվեց: Ինձ ոչ ոք ձեռնաշղթաներով չստիպեց այնտեղ մեկնել, պարզապես խորհուրդ տվեցին:

Ամերիկայում ես այդպես էլ չդարձա հարուստ կամ բարգավաճող մարդ: Երեխաներս դժկամությամբ խոսում են ռուսերեն: Ես դժկամությամբ խոսում եմ անգլերեն:

Ես թույլ մարդ եմ, և տոկուն այլախոհ ինձնից դժվար թե ստացվի:

Ինձ փաստերը չեն հետաքրքրում, շփոթում եմ, շատ ստում, մանրուքներին անուշադիր եմ, ոչ ակտիվ, կարճ ասած` լրագրող չեմ, թեև ամբողջ կյանքս դրանով եմ փող վաստակել: Հայտնվելով էմիգրացիայում` ինձ համար նոր ժանր եմ մշակել: Քանի որ չգիտեի ամերիկյան կյանքը, վատ գիտեի ամերիկյան մամուլը, չէի հետևում ամերիկյան արվեստին, ներդրեցի ժանր, որը Ռուսաստանում կոչվում է «Հայացք ու ինչ-որ բան»: Դովլաթովը շաղակրատում է ինչի մասին պատահի:

Ռուսաստանում հաջողությունը միանշանակ հասկացություն է: Այն ներառում է փող, փառք, հարմարավետություն, հանրահայտություն, դրական արձագանք, կարգին մարդու համբավ և այլն: Ամերիկայում հաջողությունները կարող են լինել տասը, տասներկուսը, տասնհինգը: Կա շուկայական հաջողություն, կա հաջողություն համալսարանական պրոֆեսորների շրջանում, կա հաջողություն քննադատների, հասարակ մարդկանց շրջանում: Իմ դեպքն անգլերենով կոչվում է critical acclaim` նկատվել է քննադատների կողմից:

Արդեն երիտասարդ չեմ, ու պարզվում է, որ ո՛չ Լև Տոլստոյ, ո՛չ Ֆոլքներ ինձնից չի ստացվել, թեև ինչ գրում եմ, հրատարակվում է: Եվ առաջին պլան են մղվել ինչ-որ տարօրինակ բաներ: Պարզվում է, որ ընտանիք ունեմ, որ ամուսնությունը պարզապես փաստ չէ, դա գործընթաց է: Պարզվում է, որ երեխաները կապիտալի ներդրում չեն, խրատներիդ օբյեկտ չեն և ոչ էլ` նվաստ էակներ, որոնց, չգիտես` ինչու, պիտի դաստիարակես` ինքդ էլ մի բան չլինելով, այլ Աստծո արարածներ, որոնցից դու կախված ես, որոնք քեզ քննադատում են, և որոնց հետ դու ամեն գնով պիտի պահպանես նորմալ մարդկային հարաբերություններ: Սա, պարզվում է, ամենակարևորն է:

Հեգնանքն անպաշտպանների սիրելի և, գլխավորը, միակ զենքն է:

Երեք բան կարող է անել կինը ռուս գրողի համար: Կարող է կերակրել նրան: Կարող է անկեղծորեն հավատալ նրա հանճարեղությանը: Եվ վերջապես, կինը կարող է նրան հանգիստ թողնել: Ի դեպ, երրորդը չի բացառում երկրորդն ու առաջինը:

Կյանքը կարճ է, մարդը` միայնակ: Հուսով եմ` այս ամենը բավականաչափ տխուր է, որ ես կարողանամ շարունակել զբաղվել գրականությամբ:

Ըստ Esquire ամսագրի

Թարգմանությունը` Yerkir.am

 

 Միաձուլում
25 Հունվարի 2020, 15:17 Միաձուլում
Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica