close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արևելյան գեներն ավելի ուժեղ են, այդ պատճառով ես մայրիկինն եմ». Միխայիլ Պիոտրովսկին 75 տարեկան է

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 19:22
 «Արևելյան գեներն ավելի ուժեղ են, այդ պատճառով ես մայրիկինն եմ».  Միխայիլ Պիոտրովսկին 75 տարեկան է

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին նշում է իր 75-ամյակը` հայտնում է Yerkir.am-ը: Գիտնականին արդեն շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա շնորհավորական հեռագրեր է ստացել աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում` Հայաստանի` իր գործընկերներից:

Միխայիլ Պիոտրովսկին Էրմիտաժի բազմամյա տնօրեն, հայտնի ուրարտագետ, հնագետ Բորիս Պիոտրովսկու և հայագետ, արևելագետ Հռիփսիմե Ջանփոլադյանի որդին է: Ինքն էլ պատմաբան-արևելագետ է, արաբագետ, թարգմանիչ: Ծնվել է Երևանում, դպրոցն ավարտել` Լենինգրադում: Ապրել ու աշխատել է Եգիպտոսում, այնուհետև` Եմենում: Հոր մահից հետո ստանձնել է Էրմիտաժի տնօրենի պաշտոնը և մինչ օր պատվով է իրականացնում այդ պատասխանատու աշխատանքը:

Yerkir.am-ը ներկայացնում է օրերս «Ռոսիյսկայա գազետա»-ին նրա տված հարցազրույցից մի հատված, որում Միխայիլ Պիոտրովսկին պատմում է իր հայկական արմատների մասին: 

- Մեկ անգամ ևս վերադառնանք Ձեր արմատներին: Դուք հայրիկինն ե՞ք, թե՞ մայրիկինը:

-Մայրս հայ է, իսկ հայրս` ռուս` լեհական արմատներով: Գոյություն ունի գենետիկա գիտությունը, ըստ որի`արևելյան գեներն ավելի ուժեղ են: Հասկանո՞ւմ եք: Այդ պատճառով ես մայրիկինն եմ և… հայրիկինը: Թեև արտաքնապես ավելի շատ մորս եմ նման:

- Իսկ բնավորությա՞մբ:

-Կարծում եմ` ոչ մեկին: Ցանկանում եմ հավատալ, որ իմը միջինացվածն է` ամենալավը համատեղողը: Հայրս իմաստուն էր, հանդարտ, ոչ փութկոտ, գուցե ոչ այնքան իշխանատենչ: Մայրս, ինչպես վայելի է հայ կնոջը, ղեկավարում էր ամբողջ ընտանիքը` ինչպես փոքր, այնպես էլ մեծ: Արևելքում կանայք միշտ են այդպես անում: Հայրս ձգտում էր ոչ այնքան հանձնարարականներ տալ, որքան  կիրառում էր «Արա ինձ պես» սկզբունքը: Նրան նայելով` ես ու եղբայրս կողնորոշվում էինք, թե ինչպես ապրել: Կարծում եմ` մեր ընտանիքում չկար մայրիկինը-հայրիկինը բաժանում: Դժվար է ասել, թե մայրիկն ում էր ավելի շատ սիրում, հայրիկն` ում: Ես ու եղբայրս չէինք զգում ծնողական ուշադրության պակաս: Մենք մեծ շրջապատ ունեինք` պետերբուրգյան ընտանիք, հայկական ընտանիք… Միահյուսում:

- Մայրիկի կողմից էլ լավ արմատներ ունեք:

-Ավելի քան: Ջանփոլադյանները հայտնի ցեղ են: Վերջերս ինձ շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացիություն, և ես հիշեցրի, որ առաջին ստացիոնար թատրոնը քաղաքում կառուցել է իմ ապուպապը` Եսայի Բաբաևիչը: Այն այդպես էլ կոչվում էր` Ջանփոլադյանի թատրոն: 20-րդ դարի սկզբին Երևանը գավառական քաղաք էր, հարուստ հայերն ապրում էին Թիֆլիսում կամ Բաքվում:

-Ինչպե՞ս է թարգմանվում ազգանունը:

- Պողպատե սիրտ: Մեր նախնին Իրանի հայերից էր, աչքի էր ընկել մարտի դաշտում. թշնամիները նրան չէին կարողացել սպանել` կրակել էին, բայց գնդակները մնացել էին զրահի մեջ: Այդտեղից էլ նրան անվանել են Ջանփոլադ: Լիբանանում կա հայտնի ընտանիք` Ջումբլատ: Դա նույնն է` նույն պարսկա-թուրքական արմատը: Բուլատ` պողպատ:

- Հայերեն գիտե՞ք:

-Դե, խոսակցական, փողոցային: Մանուկ ժամանակ վատ չէի խոսում: Մենք ամեն ամառ անցկացնում էինք Երևանում, ես շփվում էի տեղի տղաների հետ, այդպես սովորեցի: Բացի դրանից` կարևոր էր իմանալ, թե ինչի մասին են զրուցում մայրիկն ու տատիկը` ընտանեկան գաղտնիքներից հետ չմնալու համար: Իհարկե, հայկական ռադիո լսել չեմ կարող, չեմ հասցնում իմաստն ընկալել: Եվ դասախոսություն դժվար թե կարդամ, սակայն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալիս ճառ ասացի: Հավաքվածներն ինձ հասկացան… 

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica