close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+9°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հենց Լևոն Տեր-Պետրոսյանի դատախազությունը թմրանյութերի մեղադրանքը չդրեց Հրանտ Մարգարյանի դատավճռի հիմքում. Բագրատ Եսայան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 19:44
 Հենց Լևոն Տեր-Պետրոսյանի դատախազությունը թմրանյութերի մեղադրանքը չդրեց Հրանտ Մարգարյանի դատավճռի հիմքում. Բագրատ Եսայան

«Ահաբեկչական անցյալով հայտնի կառույց» Դաշնակցությանը բնութագրել են միայն թուրքերն ու ադրբեջանցիները՝ Factor.am-ի հետ զրույցում ասաց  ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Դաշնակցությանն այսպես էր բնութագրել պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ Ազգային ժողովի ամբիոնից և նշել. «Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այդ ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»:

«Ես, իհարկե, տխուր եմ, որ հայ ժողովրդի մեջ կա նման անձ, որը նման որակավորումներ տալով՝ իրեն նույնացնում է այդ ժողովրդական ընդհանրությունների՝ ադրբեջանցիների և թուրքերի հետ: Ուրիշ որևէ մեկը Դաշնակցությանը չի կարող ահաբեկչական կառույց բնութագրել»,- ասաց Բագրատ Եսայանը:

ՀՅԴ ուսանողական միության անդամների հրապարակած նամակի և դրանում նշված՝ պարտիզանական պայքարի ծրագրերի մասին դաշնակցական գործիչն ասաց՝ «պարտիզանական պայքար» տերմինը վերցված է անստորագիր մի գրությունից, որը կարող է մեկնաբանել միայն այդ գրությունը ստեղծող որևէ մեկը կամ ստեղծմանը գաղափարակից որևէ մեկը. «Ես չեմ պատրաստվում այդ գրության որևէ բառ մեկնաբանել»:

Բագրատ Եսայանը հաստատեց, որ աղմուկի պատճառ դարձած երիտասարդներն արտաքսվել են ՀՅԴ-ից: Նա, միաժամանակ, ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց արդեն նախկին դաշնակցական երիտասարդների հրապարակած փաստաթղթի առկայությունը:

«Անստորագիր մի գրություն է, որի վերևում ընդամենը կա՝ «սիրելի ընկեր»: Շատ հեշտությամբ այն կարող էին ստեղծել, և մանավանդ շահագրգիռները կան, այսօրվա իշխանությանը ծառայող բազմաթիվ ֆեյքեր կամ քարոզչական կենտրոններ: Անստորագիր որևէ փաստաթուղթ ես չեմ կարող մեկնաբանել, առավել ևս՝ լեգիտիմացնել՝ այն բնութագրելով որպես փաստաթուղթ: Ինձ համար ցավալի է նաև, որ մեր երիտասարդ ընկերներն ընկել են այդ ծուղակը»,- նշեց Եսայանը:

Արման Բաբաջանյանը ելույթում խոսել է նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի մասին՝ հայտարարելով. «Մենք շատ լավ գիտենք՝ այդ ժողովը վարած Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 90-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում, և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, որը հիմա միացել է այդ նույն խմբակին: Եվ չպետք է մոռանանք, թե «Դրո» կառույցը, «31-ի գործը» ինչի մասին էին, և թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ»:

Բագրատ Եսայանն ասաց՝ Արման Բաբաջանյանն «իր ներսում կուտակված թույնի հերթական չափաբաժինն է դուրս ցպնել»:

«Ես ուզում եմ հիշեցնել, թե ով է այդ անձը՝ բանակից կեղծիքներով փախած և սեփական մոր դեմ ցուցմունք տված անձ է: Իսկ ինչ վերաբերում է բնութագրումներին, դրանց արմատը, կարծում եմ, դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ուղեղում պետք է փնտրել: Իսկ այն, թե Հրանտ Մարգարյանը 1990-ականներին ինչով է զբաղվել, բոլորին է հայտնի. նա եղել է ղարաբաղյան ազատագրական պատերազմում պայքարի կազմակերպիչներից մեկը, ազատամարտին Դաշնակցության մարտական մասնակցության կազմակերպիչը: Մնացած բոլոր բնութագրումները վերցված են նորից այդ շատ հին՝ 1990-ականների սկզբի դեռևս քարոզչական զինանոցից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ենթակաների»,- ասաց Բագրատ Եսայանը:

Թմրանյութերի շրջանառության վերաբերյալ նա ասաց՝ կա դատավճիռ, որտեղ Հրանտ Մարգարյանի անունը մեղադրվողների ցանկում կա ընդամենը մի դրվագով՝ ապօրինի զենք կրելու մասով:

«Այն ժամանակ՝ 1994 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգի օրոք փորձ արվեց Հրանտ Մարգարյանին ներկայացնել թմրանյութերի շրջանառության մեղադրանք, որը իր իսկ դատախազության կողմից չընդգրկվեց մեղադրական եզրակացության մեջ, առավել ևս՝ չդրվեց դատավճռի հիմքում: Իհարկե՝ Հրանտ Մարգարյանն ինքը կորոշի, բայց եթե ես լինեի Հրանտ Մարգարյանի փոխարեն, միանշանակ այդ արարածին դատի կտայի և պատասխան կպահանջեի իր ակնհայտ զրպարտությունների համար»,- հայտարարեց ՀՅԴ անդամը:

Թամարա Հակոբյան


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica