close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2020
-1°
+0°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Այլևս ուժ չկա, հավանորեն, սա վերջն է». աճուրդի են հանվել Փարաջանովի՝ բանտում գրված նամակները

Մշակույթ

5 Դեկտեմբերի 2019, 18:04
 «Այլևս ուժ չկա, հավանորեն, սա վերջն է». աճուրդի են հանվել Փարաջանովի՝ բանտում գրված նամակները

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում՝ «12-րդ աթոռ» աճուրդի տանը, վաճառքի կհանվեն Սերգեյ Փարաջանովի նամակները՝ գրված բանտում, նաև՝ Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմի սցենարի օրինակներից մեկը՝ նրա ստորագրությամբ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է 12auction.ru կայքը:

Փարաջանովի նամակներից յուրաքանչյուրի նախնական գինը 325 ռուբլի է: Դրանք քրոջը և զարմիկին են ուղղված: 1976 թվականի նամակից. «Մնաց 810 օր: Այլևս ուժ չկա: Հավանորեն, սա վերջն է»: Հարազատներին գրված նամակներում նա գրում է, որ եթե հանկարծ փորձի իր գաղափարներից որևէ մեկը գրի առնել, ազատազրկման ժամկետը կավելացնեն:

Նամակների հետ վաճառվում են նաև Փարաջանովի նկարներ ու լուսանկարներ:

Սերգեյ Փարաջանովի զարմիկ Գեորգի Փարաջանովը հիշում է, թե ինչպես են հանդիպել Սերգեյ Փարաջանովն ու Անդրեյ Տարկովսկին:

«1966 թվականն էր: Սերգեյ Փարաջանովն ապրում էր Կիևում, արդեն նկարահանվել էր «Մոռացված նախնիների ստվերների ֆիլմը, որը բոլոր ժամանակների ու ժողովուրդների 100 լավագույն ֆիլմերի ցուցակում է: Տարկովսկին 1966-ին նկարահանել էր «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմը: Փարաջանովն ու Տարկովսկին միմյանց ճանաչում էին հեռակա՝ ֆիլմերով: Տարկովսկին եկել էր Կիև՝ «Անդրեյ Ռուբլյովի» պրեմիերային: Նա ցանկանում էր ծանոթանալ Փարաջանովի հետ ու հրավիրել նրան պրեմիերային»,- պատմում  է նա:

Տարկովսկու խնդրանքը Փարաջանովին հաղորդում է քանդակագործ Նիկոլայ Ռապայը և ստանում երեկոյան այցելելու հրավեր:

Փարաջանովը բնակարանը վերանորոգվում էր. երկու սենյակն էլ դատարկ էր՝ ո՛չ կահույք կար, ո՛չ հնաոճ իրեր, առանց որոնց նա չէր կարող ապրել, ի վերջո, հայրը Թիֆլիսում հայտնի էր հնաոճ իրերի իր խանութով:

Մինչ հյուրերի գալը Փարաջանովը զանգահարում է կրկեսում աշխատող իր ընկերոջն ու խնդրում 8 պարկ թեփ և փոքրիկ զեբր: Հարցին՝ ինչի՞դ է պետք, պատասխանում է՝ քո գործը չէ: Նա թեփը շաղ է տալիս բնակարանով մեկ, զեբրին տեղավորում ննջասենյակում՝ շուրջբոլորը կարմիր բողկ լցնելով:  Կահույքի միակ պարագան՝ ձվածրաձև սեղանը, ծածկում է շանտիլյի ժանյակներից ձյունաթույր սփռոցով, դնում արծաթե մեծ սկիհ, ըստ նրա՝ Պոտոցկու, և կարմիր գինի:

Երեկոյան Փարաջանովը բացում է բնակարանի մուտքի դուռը, իսկ ինքը դանդաղորեն գինի լցնում սկիհի մեջ: Լսվում է վերելակի երկաթե դռան ձայնը՝ եկել են Տարկովսկին ու Ռապայը, սակայն Փարաջանովը շարունակում է գինի լցնել, սկիհն արդեն բերնեբերան լիքն է, գինին թափվում է սփռոցին ու մեծ կարմիր հետք թողնում: Դռներում ապշահար կանգնած են Տարկովսկին ու Ռապայը. «Սերգե՛յ Իոսիֆովիչ, գինին թափվում է»: Եկածներին ուշադրություն չդարձնելով՝ Փարաջանովը շարունակում է գինի լցնել. «Մի՛ խանգարեք, ես Տարկովսկուն եմ սպասում»:

- Սերյոժա՛, մենք արդեն եկել ենք,- ասում է Ռապայը:

Փարաջանովը շրջվում է նրանց կողմը, ժպտում, ներս հրավիրում: Հանկարծ խրխնջոց է լսվում: Հյուրերը գնում են ննջասենյակ, և Տարկովսկու դեմքի արտահայտությունը փոխվում է տեսածից՝ սպիտակ պատի ֆոնին զեբրն է՝ շուրջբոլորը թեփ ու կարմիր բողկ: Երբ պատրաստվում են հեռանալ, Փարաջանովը ցանկություն է հայտնում ինչ-որ բան նվիրել Տարկովսկուն:

- Սերգե՛յ, եթե կարելի է՝ այս սփռոցը նվիրիր...

- Սփռո՞ցը, խնդրեմ, բայց դա բավական չէ...

Գնում է խոհանոց ու բերում արծաթե ինքնաեռ:

Գիշերային Կիևի դատարկ փողոցներով գնում են Տարկովսկին ու Ռապայը: Նրանց մոտ արգելակում է միլիցիայի մեքենան: Միլիցիոները հարցնում է. «Դուք երևի Փարաջանովի մոտի՞ց եք դուրս եկել: Նստեք, ձեզ տեղ կհասցնենք»:

 

 Միաձուլում
25 Հունվարի 2020, 15:17 Միաձուլում
Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica