close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած բողոքի ընթացք տալը իշխանության համար նոր վախ է իշխանությունը կորցնելու․ ՀՅԴ ՀԵՄ ցուցարարներ

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2019, 23:14
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած բողոքի ընթացք տալը իշխանության համար նոր վախ է իշխանությունը կորցնելու․ ՀՅԴ ՀԵՄ ցուցարարներ

Այս իշխանության համար ցանկացած բողոքի ընթացք տալը մեկ քայլ հետ է իրենց իշխանությունից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Սևակ Նազարյանը՝ մեկնաբանելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համառությունը իր հրաժարականը պահանջող ցուցարարների հետ հանդիպումից խուսափելու հարցում։

«Այս պարագայում ցանկացած նահանջ, ամենափոքր նահանջն իսկ նրանց համար հավասարազոր է իշխանության մի հատված կորցնելուն»,-ասաց նա։

Նա փաստեց, որ միշտ վախի տեղ են ունենալու մարդիկ, ովքեր իշխանության են եկել հիմնականում պոպուլիստական ելույթներով, խոստումներով, ամպագոռգոռ արտահայտություններով, հայհոյանքով և հասարակության լայն զանգվածի համար ինչ-որ չափով նաև մակերեսային արտահայտություններ անելով և ովքեր չունեն այն ամբողջ հիմքը, որի վրա հզոր կանգնած կլինեն որպես պետական իշխանություն։

«Եվ փոխանակ փորձեն իրենց ստացած վստահությունը կապիտալացնել, դարձնել ավելի հիմնավոր, հասարակության մոտ իրական վստահություն ձևավորել արդեն տեսողական առումով, միայն լսողական չէ, խուսափում են դրանից»,-ասաց Սևակ Նազարյանը։

Նա նկարագրեց մի իրավիճակ, երբ նախարարն իջնում է և մի արտահայտություն անում, որի համար ստիպված է լինելու նորից վատ դրության մեջ հայտնվելու․ «Ամեն նմանատիպ քայլ իշխանության համար նոր վախ է, նոր կորուստներ ունենալու մեծ հնարավորություն է։ Դրա համար, կարծում եմ, իրենք լավ իմանալով՝ ինչ է նշանակում փողոց, լավ իմանալով, որ փողոցում շատ բաներ անկանխատեսելի կարող են լինել, անկառավարելի կարող են լինել հենց իրենց համար, մաքսիմալ փորձում են խուսափել այդ ամենից»,-ասաց Սևակ Նազարյանը։

ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանի համար անհասկանալի է՝ ինչն է խանգարում ԿԳՄՍ նախարարին՝ շփվելու քաղաքացիների հետ՝ այն դեպքում, որ հենց Արայիկ Հարությունյանն է մեկ տարի առաջ հայտարարել, որ այլևս կուլիսային հանդիպումներ չեն լինելու, ոչինչ փակ չի լինելու, հրապարակային է լինելու ամեն ինչ՝ ժողովրդավարության սկզբունքներով․ «Ի՞նչն է խանգարում այդ մարդուն, որն այդ արժեքներն է կրում, գալ և հանդիպել իր երկրի քաղաքացիների հետ»,-ասաց նա։

Գոռ Սարգսյանը նկատեց, որ եթե իրենց նշած կետերից որևէ մեկը կատարվի, ասենք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը չեղարկվի, դա իրենք կգրանցենք որպես հաջողություն և կշարունակեն առաջ գնալ։

Նախարարի հետ դեմառդեմ հանդիպում են ակնկալում, նրա առաջարկած՝ էլեկտրոնային փոստով շփումը ՀՅԴ երիտասարդների համար ընդունելի չէ։

Պրոֆեսորադասախոսական կազմի հետ նշված հարցի քննարկման մթնոլորտը ևս նրանց դուր չի եկել․ «Չենք էլ ակնկալում այդպիսի մթնոլորտ, այդպիսի մթնոլորտի դեպքում Արայիկ Հարությունյանը ուղղակի կփաստի, որ  ժամ առաջ ինքը պետք է հեռանա այս նախարարությունից»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Ոստիկանությունը բռնի ուժ էր  կիրառել ԿԳՄՍ նախարարության դիմաց անհնազանդության խաղաղ գործողություն իրականացնող ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների նկատմամբ․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել ․ 19 հոգու տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, ևս 5 հոգու՝ Էրեբունու բաժին։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց և ակնկալում էին նախարարի հետ հանդիպում։ Նախարարությունից, սակայն, հայտնեցին, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ, որից հետո երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը՝ բիրտ մեթոդներ կիրառելով, հեռացրեց ցուցարարներին։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica