close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 37

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2019, 18:03
 Հայ դիվականության պատմություն - 37

Գոյություն ունի նաեւ այն տարբերակը,անշուշտ, ենթադրական,որ ահաբեկիչների ղեկավարը եւ նրա եղբայրը հաճախ այցելում էին Թուրքիա ու ամիսներով ապրում այնտեղի 5 աստղանի թանկարժեք հյուրանոցներում։ Հետագայում քննության եւ դատավարության ընթացքում այս իրողության վերաբերյալ ցանկացած հարց սարսափելի նյարդայնացնում էր հանցագործների ղեկավարին։ Վերադառնանք այն վարկածի էությանը,որի համաձայն՝ իբր թե Թուրքիան եղբայրներին պատրաստում էր ահաբեկչության՝ միաժամանակ նրանց վարժեցնելով զենք գործածելուն։ Ամբողջովին տրամաբանությունից զուրկ է,քանի որ անհասկանալի է մնում,թե այս դեպքում ինչո՞ւ էին նրանց պահում թանկարժեք հյուրանոցներում։ Նույնիսկ եթե այդպես է,ապա ինչո՞ւ էին նրանց տվել շքեղ հյուրանոցների վճարումների ստացականները,իսկ ահաբեկիչներն էլ պահել էին դրանք։

Իրականում այդ ամենը «Քոչարյանի» եւ «դաշնակների» նկատմամբ ստեղծված կեղծ հետքի նման մեկ այլ կեղծ հետք ստեղծելու փորձ էր։ Չարամտությա՞մբ,թե՞ հիմարությամբ (հազիվ թե) շարժվեց հետաքննությունը,որը վարում էր զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Այս անձնավորությունը դեռեւս 1995թ. տխուր հռչակ ձեռք բերեց պառլամենտական ընտրությունների ժամանակ կատարած իր քաջագործություններով։ Լինելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ջհանգիրյանը, բառիս բուն իմաստով, ղեկավարում եւ թելադրում էր ընտրությունների ընթացքը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը,ավելի ճիշտ՝ ՀՀՇ-ն նրան «դեն նետեց» ու չնշանակեց խոստացած գլխավոր դատախազի պաշտոնում,իսկ Վազգենը վերցրեց ու նրան հարմարեցրեց իր պահանջներին,որի բերումով էլ համարվում էր Վազգենի մարդը։ Ջհանգիրյանը ծայրահեղ ինքնավստահ, ինքնասիրահարված եւ գոռոզամիտ անձնավորություն էր եւ իրենից ներկայացնում էր դավաճանի ու խառնակչի դասական կերպար,որն ընդունակ էր տրորել ցանկացածի։

Վազգեն Սարգսյանի բարեկամները եւ գործընկերները,ինչպես նաեւ գեներալները կտրականապես եւ իրավացիորեն չէին վստահում այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ենթադրում էին,որ նա նպաստել է մի շարք սպանությունների հետաքննությունների տապալմանը։ Հոկտեմբերի 27-ի դեպքից մի քանի օր անց նրանք պնդեցին եւ կարողացան հասնել Աղվան Հովսեփյանի,ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ու Սուրեն Աբրահամյանի պաշտոնազրկմանը,սակայն,դժբախտաբար,անհասկանալի կերպով վստահում էին Ջհանգիրյանին,պահանջում էին,որ հետաքննությունը հանձնարարվի զինվորական դատախազությանը։ Հասան իրենց նպատակին եւ հավատում էին, որ ՆԱ արագ կկոտրի ահաբեկիչներին եւ կբացահայտի,թե ո՞վ է կանգնած նրանց հետեւում։

Սակայն Ջհանգիրյանը չբացահայտեց,որովհետեւ չէր ուզում, միտումնավոր կերպով բռնել էր «քոչարյանական» կեղծ հետքը եւ դրանով իսկ հետաքննությունը շեղելով հանցագործության իրական հովանավորներից։ Ջհանգիրյանը կարողացավ ահաբեկիչների ղեկավարից ցուցմունքներ կորզել նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին եւ բանտարկեց նրան, որպեսզի կարողանա  մենախցում tet-a-tet պարզել, թե վարչապետ Վազգեն Սարգսյանը ներկայացրե՞լ է, արդյոք, Ջհանգիրյանի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի համար։ Բացասական պատասխան ստացավ իր հարցին, հոգին վշտացավ եւ չափազանց անկեղծացավ կալանավորի հետ. «Եթե ես այսօր գլխավոր դատախազ լինեի, դու, իհարկե,չէիր նստի…»։

 Գլխավոր դատախազ լինելու ցանկությունը բարդույթ, անբուժելի հիվանդություն էր, որը զինդատախազին մղում էր խառնակությունների եւ նույնիսկ ստորությունների։ Դրա վառ օրինակն է 2000 թ. գարնան սկզբին իրականացված՝ Ջհանգիրյանի հերթական կեղտոտ խաղը։ Նա վարչապետին (Վազգենի եղբորը),գլխավոր դատախազին,պառլամենտի մեծամասնության ղեկավարին (ապագա վարչապետին) ինչ-որ անհասկանալի մամուլի ասուլիսի քարշ տվեց՝ խոստանալով,որ Քոչարյանին ոչնչացնող ցնցող բացահայտումներ է անելու։ Դրանով  նա մամուլի ասուլիսի մասնակիցներին ստիպեց հրապարակել «Երկրապահների» ծայրահեղ հականախագահական հայտարարությունը,որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի պահանջվող X ժամին,այսինքն՝ պետք էր պատրաստ լինել ջհանգիրյանական բենեֆիսին։

Հասկանալի է,որ ստացվեց ոչ թե սենսացիա,այլ իսկական դատարկաբանություն, որը կտրուկ հարված հասցրեց հասարակության կողմից վարչապետի եւ զավեշտալի խաղի մնացած մասնակիցների հանդեպ վստահությանը։ Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին,ապա նա հենց դրան էլ ձգտում էր։ Նա հույս ուներ,որ այդպիսի վարչապետի թեւի դեմ երեխայական հարձակումների շնորհիվ ձեռք կբերի նախագահական թեւի հարգանքը եւ, ի վերջո, արդեն նախագահի ձեռքից կստանա գլխավոր դատախազի պաշտոնը։

Դրա հետ միասին ես համոզված եմ,որ 27-ի գործով քննության անփառունակ տապալումը սխալ կլիներ բացատրել միայն Ջհանգիրյանի անհատական նկրտումներով։ Այս տապալման արդյունքում անխուսափելի է այն եզրակացությունը, որ այդ արյունոտ հանցագործությունը հայկական պառլամենտում իրականացրել են ոչ մեկի կողմից չուղղորդվող մի խումբ հանցագործներ,սա ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ մաս էր կազմում,որի նպատակը պետական հեղաշրջման իրականացումն էր։ Եվ այդ հեղաշրջումն անպայման տեղի կունենար,քանի որ հատուկ ծառայությունները հուսալքված էին,նախագահը շփոթության մեջ էր, եւ այդ զինվորականները հիստերիայի մեջ էին։ Հեղաշրջումն անպայման տեղի կունենար, եթե չլիներ Պաշտպանության նախարարության հատուկ ծառայության գունդը, որը ենթարկվում էր Պաշտպանության նախարարության վարչության պետ Ազոյանին, եւ եթե չլինեին ռազմական ոստիկանության ստորաբաժանումները՝ Գասպարյանի հրամանատարությամբ,որոնք էլ ճակատագրի բերումով դարձան սահմանադրական վարչակարգի փրկիչներ։ Իրադարձությունների սկսվելուց 15 րոպե անց նրանց զինված ջոկատները շրջապատել էին պառլամենտի շենքը եւ կարողացան վերահսկողություն հաստատել իրավիճակի վրա,հենց նրանք առաջինը ցույց տվեցին բնակչությանը,որ երկրում գոյություն ունի օրինական իշխանություն ու սկսել է գործել։ Բարձրաստիճան գեներալները վերոնշյալ գնդապետներից ավելի ուշ բանակը բերեցին բարձր մարտական պատրաստականության։ Այն ժամանակ նախագահն իզուր էր բողոքումեւ հետագայում էլ չէր թաքցնում իր վիրավորվածությունը,որ բանակը չսպասեց իր՝ գլխավոր հրամանատարի հրամանին։ Եթե գնդապետները եւ պաշտպանության նախարարը մի քիչ էլ ուշացնեին իրենց գործողությունները,ապա նրանցից հետո հենց իր կաբինետում պատանդների շարքում կարող էր հայտնվել նախագահ Քոչարյանը (հիշենք վերջնագիրը)։

Հակազդեցությունը վրա հասավ արդեն հաջորդ օրվա առավոտյան, երբ ահաբեկիչները զենքերը վայր դրեցին։ Նախորդ օրվա ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը ուղղաթիռով Գորիսից շտապ վերադարձավ Երեւան։ Օդանավակայանում կարողացավ խուսափել երկրապահների մի խմբի հետ հնարավոր պարզաբանումներից,որոնք ուզում էին պարզել, թե այդ ինչպես է պատահում,որ Ղարաբաղ կատարած նրա բոլոր այցելությունների ժամանակ Երեւանում գնդակահարում են գեներալի,իսկ այս անգամ իրեն՝ սպարապետին։

Կրքերը ծայրաստիճան շիկացած էին,բայց կարծես Ռոբերտ Քոչարյանն արդեն հասկացել էր,որ հետ նայելու ժամանակ չկա, եւ կացությունն ինքնըստինքյան չի հանդարտվի։ Սպանվածների թաղումից անմիջապես հետո,սովորականին հակառակ,սկսեց ակտիվորեն վերականգնել ոտնահարված քաղաքական դաշտը՝ արդարացիորեն համարելով,որ ուժերի հավասարակշռության վերականգնման մեջ է իր անձնական փրկությունը։ Անհրաժեշտ էր վերականգնել հռչակավոր ՎԱՀԱՆԸ, եւ նախագահն այդ դերի համար ընտրեց Վազգենի կրտսեր եղբայր Արամին,որը մինչ այդ հարազատ Արարատում գրավում էր ցեմենտի գործարանի տնօրենի պաշտոնը։

Հայտնի չէ՝ այդ ընտրությունը կատարվեց մտքի պայծառացմա՞ն,թե՞ մտորումների շնորհիվ,բայց արդարացրեց գլխավոր հույսը. լարվածությունը մեղմացավ։ Վազգենի թիմը մասամբ հանգստացավ, կրտսեր եղբոր վարչապետությունը երաշխավորում էր կլանի շահերի պաշտպանությունը եւ բացառում էր ազդեցության ոլորտների վերանայումը։

Ավելի առաջ Ռոբերտ Քոչարյանը շահեց մի կարեւոր խաղ իր հակառակորդների նկատմամբ։ Նա համաձայնեց «Վազգենի մարդ» համարվող Ջհանգիրյանին հանձնել հոկտեմբերի 27-ի գործը եւ դրանով իսկ ցրել իր շահագրգռվածության նկատմամբ եղած կասկածները։ Բացառված չէ,որ Քոչարյանը սկզբից հասկացավ, թե ինչով է այս ամենը վերջանալու…

Շարունակությունն այլեւս հետաքրքիր չէ։

Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը (Ազգային անվտանգության նախարարությունից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին տեղափոխվելով) կես տարվա ընթացքում հեշտությամբ հաղթանակ շահեցին Արամ Սարգսյանի թիմի միամիտ քաղաքական գործիչների նկատմամբ,որոնք բոլորը, միասին վերցրած, չունեին Վազգեն Սարգսյանի հեղինակությունը եւ կարողությունները։ Ընդ որում՝ Արամի անկումը տեղի ունեցավ նրա շրջապատի օգնությամբ,որը վարչապետին դրդում էր հակադրվել նախագահին, ինչից հաջողվել էր խուսափել հոկտեմբերի 27-ից հետո։ Դա այնքան էլ չէր թաքցվում։ Օրինակ՝ թունդ ՀՀՇ-ական Տիգրան Հակոբյանը, որն Արամ Սարգսյանի օրոք ղեկավարում էր Տեղեկատվության պետական վարչությունը, բազմիցս հայտարարել էր,որ ինքը կառավարության մեջ ուզում է ստեղծել ճգնաժամ եւ իշխանությունը վերադարձնել ՀՀՇ-ին։ Այդ հայտարարությունների ձայնագրությունը դրվեց վարչապետի սեղանին։ Վարչապետը լսեց այն,ժպտաց եւ ասաց,որ «չարաճճին կատակել է»։

Հետո նշանակվեց նոր վարչապետ,որը նույնպես ներկայացնում էր պառլամենտի չարաբաստիկ մեծամասնությունը ,այս անգամ՝ավելի շփոթված ու գլխատված։ Ներքին քաղաքական կյանքը հիշեցնում էր հին երգեհոնիկ,որն անվերջ երգում էր իր տափակ ու անհամ երգը…

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica