close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրեթե ոչ ոք չի դիտարկում Կոմիտասին որպես մեր ինքնության գաղտնագիրը բացահայտողի. Գագիկ Գինոսյան

Բլոգեր

3 Դեկտեմբերի 2019, 12:36
 Գրեթե ոչ ոք չի դիտարկում Կոմիտասին որպես մեր ինքնության գաղտնագիրը բացահայտողի. Գագիկ Գինոսյան

Ազգագրագական պարերի մասնագետ, «Կարին» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Գագիկ Գինոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Կոմիտասյան տարին ավարտվում է, սակայն հավերժ Կոմիտասի դարն է:

Ավարտվում է մշակույթային տարին, որը նաև Կոմիտասյան էր՝ Կոմիտասի 150֊ամյա հոբելյանի տարին: Համերգներ, գիտաժողովներ, զեկույցներ, հեռուստաֆիլմեր, հաղորդումներ։ Կարծես տարին ավելի քան հագեցած էր Կոմիտասով:
Սակայն, չգիտես ինչու, բոլորը Կոմիտասին դիտում են, քննարկում են, վերլուծում և մեկնաբանում են բացառապես որպես լավ, միգուցե բացառիկ կամ նույնիսկ հանճարեղ երաժշտագետի, որը փրկել ու դարերի ժանգից, ցածրաճաշակ օտարոտի ներառումներից մաքրել է մեր երաժշտական գոհարներն ու բանաձևել Հայկական երաժշտությունը։

Սակայն գրեթե ոչ ոք չի դիտարկում Կոմիտասին որպես մեր ինքնության գաղտնագիրը բացահայտողի։

Չհասկացանք, որ Կոմիտասի համար երգն ու պարն ընդամենը միջոց էին դեպի մեր ինքնություն, և որ Կոմիտասը երգ չէր փրկում, այլ երգի միջոցով մեր ինքնությունը։ Նա ոչ թե մեր երաժշտությունն էր բանաձևում, այլ հենց մեր ինքնությունը: Կոմիտասի առաքելությունը դիտարկելով որպես բացառիկ մեղեդի, հանճարեղ ելևէջ՝ մենք նորովի փորձում ենք սպանել Կոմիտասին, նորովի նրան՝ ամենահանճարեղին, ամենաՀԱՅին, ամենաիմաստունին, ամենասթափին ու ամենաբանականին, ստիպում ենք, պարտադրում ենք երկրային կյանքից հետո էլ հոգեբուժարանում գոյատևել՝ գիտակցելով իսկ, որ նա, միևնույն է, չի խենթանա, քանզի Աստվածային է իր բանականությունը:

Փորձում ենք ամեն ինչ անել, ամեն ապականություն, ամեն հակաբանական երևույթ ու մեր ինքնությունը ոչնչացնող ամեն ինչ, որ հոգեհան անենք նրա անմահ հոգին, որն այսօր էլ սավառնում է Հայոց երկնքում և ամպհովանի դառնում բոլոր նրանց, ովքեր ոչ թե մշակույթ են արարում կամ փրկում, այլ մշակույթի միջոցով մեր ինքնությունն են փորձում վերածնել:

Կոմիտասի անմահ հոգին են ուզում հոգեհան անել։
«Դե եկ վարդապետ, ու մի խենթանա»:

Հայի հոգու սրբապատկերին, ամենասուրբ Հային Հայ եկեղեցին էլ զլացավ սրբադասել:
Բայց, ինչպես կյանքն ապացուցեց, նրանց բոլորի ջանքերը զուր են: Նրանք՝ թիթեռի կյանք ունեցող և արագ գարշահոտող տեսակը, անզոր են կասեցնել հավերժի ճամփորդ Կոմիտասին ու իր շնորհիվ ինքնությունը վերածնող և իր շնորհիվ հոգին փրկող ազգի անմահությունը: Ազգն այդ հավերժի հզոր թևին պիտի մշտնջենապես ճախրի, քանի կա մարդկությունը, ու պիտի շարունակի հավերժել, հոգևորի ու Աստվածայինի դասեր տալ աշխարհին։

Կոմիտասը Գիսավոր է: Նա իր մահով, իր անկումով անգամ լուսավորեց Հայոց Հոգևոր երկնակամարը:
Աստվածայինին, երկնային ելևէջի մոգին, Հայ հոգու մարգարեին մի՛ փորձեք կարգել շարքային կոմպոզիտոր: Մի՛ շփոթեք Հայ հոգին, Հայոց ինքնությունը բանաձևողին նոտաների համադրումներ որոնողների հետ:

Անհամեմատելի՜ են: Մի՛ համեմատեք անհամեմատելին:

Կոմիտասը դեպի պալատ խոնարհումի տանող գորգապատ ճանապարհ չէ, այլ մեր հոգու տաճար, դեպի մեր ինքնության բարձունքեր տանող մի կածան: Կոմիտասի վերաբացահայտված կածանով քայլելը յուրաքանչյուրիս խաչն է, որի ավարտին մեր ինքնությամբ արարվող Հայու անմահությունն է:»

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica