close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե չեք մեծարում Գրիբոյեդովին, առնվազն պետք է հարգանքով վերաբերվել. Արթուր Եղիազարյան

Բլոգեր

3 Դեկտեմբերի 2019, 09:46
 Եթե չեք մեծարում Գրիբոյեդովին, առնվազն պետք է հարգանքով վերաբերվել. Արթուր Եղիազարյան

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Դարեր առաջ, Շահ Աբասի կողմից արևելահայության տեղահանման հետևանքով, Արևելյան Հայաստանում (ավելի շուտ Երևանի խանությունում՝ ներկայիս ՀՀ-ի տարածքի մեծ մասում և Նախիջևանում, ինչպես նաև Արցախում) բնակչության հազիվ 20-30%-ն էր հայ մնացել, որոնք հիմնականում ապրում էին անկախ-կիսանկախ Արցախում, Սյունիքում և հայ առաքելական եկեղեցու սրբավայրերում՝ Վաղարշապատում, Օշականում և այլն։ 1813 թվականից հետո, հիմնականում հատկապես 1827-29 թվականներին, պարսկահայերի ու թուրքահայերի ներգաղթով՝ Արևելյան Հայաստանում կրկին հայությունը դարձավ բնակչության մեծամասնություն։ Շնորհիվ Պարսկաստանում դեսպան Գրիբոյեդովի։

Ցարական իշխանությունը, Պարսկաստանից գրավելով (ոչ թե ազատագրելով) Արևելյան Հայաստանը, այնտեղ, ի հակակշիռ տեղի մահմեդական մեծամասնություն կազմող քուրդ, թուրք և պարսիկ բնակչության՝ ցանկանում էր բնակեցնել սլավոնական (ռուսական) հնադավաններով ու աղանդավորներով (մոլոկաններ, դուխաբորներ և այլն), ինչպես նաև կոզակական ընտանիքներով։ Մի կողմից Ռուսաստանի տարածքն ազատում էր ռուս ուղղափառ եկեղեցուն չհետևող այլ հոսանքներից ու անհնազանդ ռազմականացված տարրերից, մյուս կողմից՝ սլավոնական բնակչություն էր ստեղծում նորագրավյալ տարածքներում։ Բայց այլադավանների թիվը մեծ չէր, հնարավոր չէր թիկունքն ապահովող վստահելի հակակշիռ հոծ բնակչություն ստեղծել։ Այսօր էլ այդ բնակավայրերից որոշները կան՝ այդ ժամանակ վերաբնակեցվածների ժառանգներով։ Դրանք հիմնականում ռազմավարական ճանապարհների վրա գտնվող բնակավայրեր էին (մասնավորապես Երևանից դեպի Կովկասյան փոխարքայության նստավայր Թիֆլիս ուղղությամբ)։

Դոնի կոզակների մի մասին էլ նոր հողեր խոստանալով՝ սայլերով ու կառքերով մի քանի հազար ընտանիքներով տեղափոխեցին Արարատյան դաշտ, որտեղ նրանք հիմնեցին Արաքսյան կազակությունը։ Հայերի մասին առանձնապես մտածող չկար։ Բայց, հայության բախտից՝ կոզակների գալու տարվա ամառն այլանդակ շոգ եղավ, որի հետևանքով համաճարակային հիվանդություններ տարածվեցին կոզակների մեջ և չդիմանալով մերձարաքսյան տափաստանային շոգ եղանակին՝ նրանք կրկին վերադարձան այնտեղ, որտեղից եկել էին։

Հենց այդ ժամանակ էլ, բնականաբար առաջին հերթին ռուսական կայսրության շահերից ելնելով, հայության բարեկամ Գրիբոյեդովը համոզում է ռուսական ցարին՝ մեծ միջոցներ տրամադրել Պարսկաստանից և Օսմանյան կայսրության տարածքից, ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներից անմիջապես հետո՝ հայերի ներգաղթ կազմակերպելու համար։ Որպես ռուսներին ավելի վստահելի ու նրանց դրական ընդունող քրիստոնյա տարր՝ ի հակակշիռ այդտեղ ապրող մահմեդականների։

Շահ Աբասի կողմից դարեր առաջ Պարսկաստան բռնագաղթեցված հայերի ժառանգներից և Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի հայ բնակչությունից հազարավոր մարդիկ ներգաղթեցին, որոնք հիմնականում հաստատվեցին ներկայիս Վայոց Ձորի, Արարատի ու Արմավիրի մարզերում, Արցախի մի շարք բնակավայրերում ու Հադրութի շրջանում։

Վերաբնակ տաճկահայերը հիմնականում հաստատվեցին ներկայիս Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերում, Ջավախքում և այլ նախկինում հայաբնակ, բայց այդ ժամանակ գրեթե ամբողջությամբ հայաթափված շրջաններում։

ատմությունից կհիշեք, որ այդ և հետագա դեռ մի 90 տարի, սովորույթի ուժով՝ մինչև 1918 թվականը, «Հայաստան», «Էրգիր» ասելով հասկանում էին բացառապես Արևմտյան Հայաստանը, քանի որ Արևելյան Հայաստանի՝ ներկայիս ՀՀ-ի վարչաքաղաքական տարածք հանդիսացող մասը գրեթե ամբողջությամ, շուրջ 200 տարի՝ հայաթափված էր։

Հետևաբար, Գրիբոյեդովի այդ նախաձեռնությունը, կամա թե ակամա՝ հիմք դարձավ Արևելյան Հայաստանի կրկին հայացման, ձևավորվեց ռուսական կայսրության հայկական՝ Երևանի նահանգը, որն էլ հետագայում դարձավ այն միջուկը, որի հիման վրա ՀՅԴ-ն՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ և մյուս Մեծ Այրերի անձնատուր նվիրվածությամբ , նախաձեռնեց հայկական պետականության վերականգնումը բուն Հայաստանի տարածքում՝ կենտրոնական պետականության կորստից (1045թ.-ից) 873 տարի անց (1918թ.-ին), հռչակելով անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Ելնելով այս ամենից, անուղղակիորեն, բայց Գրիբոյեդովին ու իր գործն էլ պետք է հիշել, ու եթե ոչ մեծարելով, առնվազն հարգանքով վերաբերել։ Հատկապես, որ այդ ամենն իրեն արժանացավ կյանքի գին, որը նա վճարեց Թեհրանում՝ զոհ գնալով մահմեդական կրոնամոլ ամբոխի ձեռքին։

Հետգրություն.
Ճակատագրի հեգնանքով՝ ցեղասպանության արդյունքում այսօր հայաթափված է Արևմտյան Հայաստանը և կրկին հայացած, ավելին՝ անկախ հայկական պետություն է դարձել Արևելյան Հայաստանի զգալի հատվածը, որը մի քանի դար գրեթե կորած էր հայության համար։ Բայց տարածաշրջանային կտրուկ փոփոխությունների արդյունքում՝ պատկերն ամբողջական փոխվեց։ 1800 թվականին ոչ ոք չէր պատկերացնի, որ ուղիղ երեք տասնամյակ անց՝ Արևելյան Հայաստանը կրկին կհայանա։ Սա հատուկ շեշտում եմ նրանց համար, որոնք հոռետես են ու կարծում են, թե Արևմտյան Հայաստանը կորած է հայության համար։

Մերձավոր Արևելքը կրկին քաղաքական եռուզեռի ու նոր բաժանումների շրջանում է։ Չի իմացվի, թե ինչ շրջադարձեր կարող են լինել ոչ հեռու ապագայում, ինչպես եղավ 200-210 տարի առաջ։ Ու որպեսզի ազգովի շահող դուրս գանք, հետ բերենք Հայրենիքի կորուսյալ արևմտյան հատվածը՝ պետք է պատրաստ լինենք այդ օրվան, համախմբվենք ազգային օրակարգերի շուրջ, հզորացնենք ու կայունացնենք ՀՀ-ն ու Արցախը։ Եվ ունենանք այնպիսի ազգային-պետական այրեր, ինչպիսին ժամանակին՝ 19-րդ դարի առաջին կեսում Ներսես Աշտարակցին, Հարություն Ալամդարյանը, Խաչատուր Աբովյանը և այլ մեծ ազգային մտածողներն ու գործիչներն էին, որոնք ճիշտ պահին, ճիշտ տեղում կարողացան ազգային շահը ձևակերպել այլոց շահերի բախման առանցքում և շահող դուրս գալ։

#Համառոտ_վերհիշենք_մեր_պատմության_ևս_մեկ_հատված»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica