close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից․ Զոհրաբ Մնացականյանը՝ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունների ծրագրի մասին

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2019, 21:13
 Առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից․ Զոհրաբ Մնացականյանը՝ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունների ծրագրի մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման, Հայաստանի դեմ Թուրքիայի մշակած ռազմական գործողությունների ծրագրի և այլ կարևոր խնդիրների մասին հարցերին, Yerkir.am-ի տեղեկացմամբ, պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սպուտնիկ Արմենիա. Պարո՛ն Մնացականյան, երկու հարց ունեմ Ձեզ ուղղված: Առաջինը վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ձեր հանդիպմանը, որն այսօր հաստատվեց՝ դեկտեմբերի 4-ը: Կցանկանայի՝ օրակարգից խոսեիք և ներկայացնեիք, թե ինչ հարցեր պետք է քննարկվեն, արդյո՞ք բուն կարգավորման մասին է խոսքը, թե՞ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, հումանիտար քայլերի մասին: Եվ երկրորդ հարցը. Ադրբեջանում տեղի են ունենում  որոշակի քաղաքական գործընթացներ. նոր խորհրդարանական ընտրությունների մասին է խոսքը: Հաշվի առնելով, որ ներքին իրավիճակը միշտ ազդեցություն է թողել նաև արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես՝ բանակցային գործընթացի, արդյո՞ք որևէ փոփոխություն կամ ազդեցություն ակնկալում եք բանակցության վրա: 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցերի համար: Ես այսպես կպատասխանեմ, որ մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որի մեջ կան բուն կարգավորմանը առնչվող հարցեր և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որտեղ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: Եվ բոլորը շատ մեծ նշանակություն ունեն իրենց ամբողջության և համապարփակության մեջ: Այսօրվա դրությամբ դուք գիտեք մեր դիրքորոշումները, որոնք վերաբերում են բուն կարգավորման մեջ մեր գերակայություններին: Կրկնեմ, որ դրանք մեկ նախադասությամբ առնչվում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին: Եվ, բնականաբար, մենք շարունակելու ենք փորձարկել և մշակել այն մոտեցումները, համադրումները, որտեղ մեզ անհրաժեշտ է լինելու տեսնել, որ մեր գերակա, կարևորագույն հարցերը ստանում են իրենց համապատասխան արտահայտությունը: Ինչ վերաբերում է հավասարաչափ կարևոր մյուս հարցերի շարքին, որոնք առնչվում են միջավայրին, սրանք նույնպես կարևոր հարցեր են: Գիտեք, որ մենք ունեցանք որոշ համեստ արդյունք անցած ամսվա ընթացքում և շարունակելու աշխատել այդ ուղղությամբ: Իհարկե՛, մեզ համար սա կարևոր է և հետաքրքրական: 

Հավասարաչափ ընդգծում եմ բոլոր այն մեխանիզմների, միջոցառումների կարևորությունը, որոնք ուղղված են ռիսկերի էսկալացիայի նվազեցմանը: Վստահ եմ, որ շաբաթ օրը դուք տեսաք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որտեղ մենք ատահայտեցինք մեր դիրքորոշումը շփման գծում Արցախի ՊԲ զինծառայողի վիրավորման առնչությամբ: Բնականաբար, այդ մեխանիզմների, միջոցառումների իրականացումը, դրանք իրատեսական դարձնելը, զինադադարի ռեժիմի և անհրաժեշտ մյուս բոլոր միջոցների ամրապնդումը, որոնք նպաստում են և ապահովում էսկալացիայի ռիսկերի նվազեցում, նույնպես համարվում են չափազանց կարևոր հարց մեզ համար: 

Երկրորդ հարցի կապակցությամբ կարող եմ ասել, որ մենք հավատարիմ ենք խաղաղ կարգավորմանը։ Մենք այս մեկուկես տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողությունները և լրջությունը՝ խաղաղ գործընթացի մեջ ներգրավվելու և արդյունավետ աշխատելու: Մենք աշխատում ենք չորեքշաբթի օրը տեղի ունենալիք հանդիպման ուղղությամբ: Մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու, մենք ունենք մեր գերակայությունները և աշխատելու ենք դրանց շուրջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներքին զարգացումներին, ես զերծ կմնամ որևէ մեկնաբանություններից: Մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու: Այս պահի դրությամբ՝ երևի թե այսքանը: Շնորհակալություն:

Առավոտ օրաթերթ. Պարո՛ն Մնացականյան, խնդրում եմ երկու հարցի արձագանքել. առաջինը վերաբերում է շվեդական կայքի հրապարակած փաստաթղթերին, ըստ որոնց Թուրքիան ռազմական գործողությունների ծրագիր է մշակել Հայաստանի դեմ: Հայկական դիվանագիտական գերատեսչությունը  ի՞նչ մեկնաբանություն ունի այս առնչությամբ: Եվ թույլ տվեք նկատել, որ թուրքական իշխանական մամուլը ոչ թե հերքել է այդ փաստաթղթերի գոյությունը, այլ դրանք հրապարակող գյուլենական շարժմանը հարող լրագրողներին հայտարարել դավաճաններ:

Երկրորդ հարցը վերաբերում է Չավուշօղլուի հայտարարությանն առ այն, որ հայկական կողմն է ձախողել հայ-թուրքական արձանագրությունների ընթացքը՝ դրանք կասեցնելով և ապա առ ոչինչ հայտարարելով: Չավուշօղլուն նաև Հայաստանի նոր իշխանության մոտեցումները հայ-թուրքական արձանագրությունների և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անվանել է հակասական: Կխնդրեի պարզաբանել՝ որքանո՞վ են առկա փոփոխություններ Հայաստանի նոր իշխանության շրջանակներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցերի համար: Ինչ վերաբերում է Ձեր առաջին հարցին և այդ հրապարակմանը, որ մենք բոլորս տեսել ենք, ես, անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, առաջին հերթին թուրքական կողմը պետք է դա անի, և որևէ արձագանք դեռևս նրանցից չենք լսել: Բնականաբար, հարցը իր մեջ պարունակում է լուրջ մտահոգություն, և մենք շարունակելու ենք դրան հետևել: Բայց առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից: 

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ Ցյուրիխյան գործընթացին և արդյո՞ք հայկական կողմն է ձախողել․ անկեղծ ասած՝ մի հարց է, որի շուրջ խոսելը տարօրինակ է այն առումով, որ այս ամենը տեղի է ունեցել մեր աչքերի առաջ. բոլորս ականատես ենք եղել, միջազգային հանրությունը նույնպես ականատես է եղել, և այդ ամենը շատ թարմ է, թե ինչ է տեղի ունեցել 10 տարի առաջ՝ Ցյուրիխում, և ինչ զարգացում է տեղի ունեցել դրանից հետո: Դա այսօրվա պատմություն է։

Եթե Թուրքիան ներկայացնող մարդիկ որևէ բարդույթ չունեն խեղաթյուրելու մերօրյա պատմությունը, չեղարկելու իրենց հանձնարարությունները, արձանագրությունների տակ դրված իրենց ստորագրությունը, ձախողման մեջ մեղադրելու ուրիշներին, մասնավորապես՝ մեզ, ակնհայտ է, թե  ինչ մեկնաբանություններ կարող են ունենալ 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի և փաստերի վերաբերյալ... Եթե իրենք խոսում են պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին, դա ոչ քիչ, ոչ շատ առաջարկ է համաձայնվելու ժխտողականությանը:

Ձեր երրորդ հարցը վերաբերում էր, որ մենք հակասական քաղաքականություն ենք վարում: Որևէ հակասություն մեր քաղաքականության մեջ չկա: Շատ հստակ է մեր քաղաքականությունը, մենք ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների առանց նախապայմանների, բայց դրա համար երկու կողմ է պահանջվում, իսկ երկրորդ կողմի քաղաքականությունն աշխատում է ամբողջովին այլ ուղղությամբ: Այո՛, Թուրքիայի սպառնալիք լինելն արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ, իր գործողություններով և իր հռետորաբանությամբ: 

Դուք նշեցիք այն հրատարակումը, նշեցի, թե դրա իսկության վերաբերյալ որտեղից ենք մենք սպասում մեկնաբանություն, սակայն բացի դրանից, այն, ինչ որ մեր աչքերի առջև է տեղի ունենում՝ Հայաստանի շարունակվող շրջապատումը, հարաբերություններ հաստատելու ցանկության բացակայությունը, այդ ուղղությամբ որևէ քայլի բացակայությունը, Ադրբեջանին ռազմական-քաղաքական անվերապահ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի կոնտեքստում. այս ամենն իր ամբողջության մեջ արտահայտում է այն, ինչ կոչվում է անվտանգային սպառնալիք Հայաստանի համար: Որևէ հակասություն մեր մոտեցման կամ մեր քաղաքականության մեջ չկա. սպառնալիք է, որը բխում է իրականացվող քաղաքականությունից, գործողություններից և հռետորաբանությունից: Բայց նորից եմ կրկնում՝ Հայաստանը իր դիրքորոշումը արտահայտել է և մնում է հավատարիմ այդ դիրքորոշմանը: 

Ինչ վերաբերում է Ցյուրիխի արձանագրություններին, Ցյուրիխի արձանագրությունները ժխտել է Թուրքիան, մերժել է Թուրքիան, իր հավատարմությունը իր իսկ ստորագրություններին ձախողել է հենց Թուրքիան: Շնորհակալություն:

ԱրմԻնֆո. Պարո՛ն Մնացականյան, հարցս Նժդեհի վերաբերյալ է: Գիտենք, որ մամուլում հիստերիա է շարունակվում այս հարցի շուրջ: Նաև հայտնվել են հրապարակումներ այն մասին, որ Ռուսաստանի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում ապամոնտաժվել է հուշատախտակը: Կցանկանայինք իմանալ Երևանի պաշտոնական դիրքորոշումը: 

Զոհրաբ Մնացականյան. Եղել է մեկնաբանություն տեղի հայ համայնքի կողմից, որ հանվել է վերանորոգման նպատակով. դա համայնքի մեկնաբանությունն էր: Անկեղծ ասած, այս պահի դրությամբ, դեռևս երևում է որպես տարօրինակ պատմություն: Որոշ չափով ավելի համապարփակ տեղեկատվության կարիք ունենք և այդ ուղղությամբ մենք, մեր գործընկերները, Մոկվայում մեր դեսպանությունը աշխատում ենք: Պետք է ընդգծեմ, որ դա եկեղեցու տարածքում է, իր սեփականություն հանդիսացող տարածքում է, եկեղեցին գործում է առանձին, և՛ եկեղեցին և՛ պետությունը միմյանցից տարանջատված են: Եվ այդ առումով ես ուղղակի որոշ չափով զգուշություն պետք է ցուցաբերեմ իմ մեկնաբանությունների մեջ: Բնականաբար չէի ցանկանա, որ այս հարցը նաև այնպիսի զարգացում ստանա, որ վերաբերեր կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, տաներ մեզ կրոնական փոքրամասնությունների իրավունքների հարթություն: Այդ առումով է, որ դեռևս, հաշվի առնելով, որ առկա է եկեղեցու համայնքի կողմից արված հայտարարությունը, որոշ չափով լրացուցիչ տեղեկության կարիք ունենք և  կշարունակենք հետևել: Շնորհակալություն: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica