close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը վաճառում է ժամանակակից զենք, սակայն ամենանորը, ամենաառաջատարը և ամենամահաբերը պահում է «փակագծերում»

Աշխարհ

2 Դեկտեմբերի 2019, 19:27
 Ռուսաստանը վաճառում է ժամանակակից զենք, սակայն ամենանորը, ամենաառաջատարը և ամենամահաբերը պահում է «փակագծերում»

Միջազգային շուկայում ինչպիսի՞ն են ռուսաստանյան սպառազինությունների իրական դիրքերը: Արդյո՞ք վտանգավոր չէ այն, որ Ռուսաստանը վաճառքի է հանում պաշտպանական նորագույն տեխնոլոգիաներ. ըստ Yerkir.am-ի՝ հարցադրումներ է անում «Վզգլյադ» թերթը և վերլուծում միջազգային շուկայում Ռուսաստանի հնարավորությունները:

Ըստ թերթի՝ ներկայումս ՌԴ-ն զենքի միջազգային շուկայում երկրորդն է՝ համաշխարհային վաճառքում 21 տոկոս մասնաբաժնով: Ռուսաստանյան զենքի արտահանումը զգալի գումար է ապահովում  պետական բյուջեի համար՝ չնայած սեփական ռազմական ծախսերով Ռուսաստանը աշխարհում 6-րդն է՝ ԱՄՆ-ից,  Չինաստանից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից և Ֆրանսիայից հետո, իսկ ՀՆԱ-ում ռազմական ծախսերի մասնաբաժնով՝  նույնիսկ 10-րդ տեղում:

«Ազնվորեն ասենք՝ ռուսաստանյան «պաշտպանական» ձեռնարկությունների համար սպառազինությունների արտահանումը եթե ոչ գոյատևման, ապա երաշխավորված զարգացման հնարավորություն է՝  սեփական, ազնվորեն աշխատած գումարներով: Սակայն որքանո՞վ է անվտանգ ժամանակակից զենքի արտահանումը. փաստացի, այդ պարագայում Ռուսաստանը զինում է այլ երկրների, որոնց հետ համագործակցությունը կարող է ապագայում փոխվել»,- գրում է «Վզգլյադ»-ը:

Եվ այսպես, ըստ  թերթի, 21-րդ դարի 19 տարիների ընթացքում Ռուսաստանը վաճառել է ավելի քան 165 մլրդ դոլարի զենք, իսկ նոր կնքված և հաստատված պայմանագրերի ընդհանուր գումարը 230 մլրդ դոլար է:

Զենքի համաշխարհային շուկան մշտապես փոփոխվում է, սակայն Ռուսաստանի մասնաբաժինը գործնականում կայուն է, ինչը նշանակում է, որ ռուսական զենքը պահանջարկ ունի և համապատասխանում է պատվիրատուների պահանջներին, ընդ որում՝ անսպասելիորեն ռուսական զենքը դուրս է եկել նաև ՆԱՏՕ-ի երկրների շուկաներ: Եվ խոսքն ամենևին Վարշավյան պայմանագրի նախկին երկրների և Բալթյան երկրների՝ խորհրդային ժամանակներից մնացած զենքերի վերանորոգման կամ դրանց պահեստամասերի վաճառքի մասին չէ, այլ՝ Կալաշնիկովի  նորագույն ինքնաձիգների և Ս-400 զենիթահրթիռային համակարգերի:

«Թվում է՝ Ռուսաստանը պոտենցիալ հակառակորդներին կարևորագույն պաշտպանական տեխնոլոգիաներ է վաճառում, սակայն այդպես չէ»,- գրում է թերթը ու «գաղտնիք» բացահայտում՝ ամեն ինչ թաքնված է Է (Э) ինդեքսի տակ: Օրինակ՝  Սու-57 հինգերորդ սերնդի կործանիչներն արտահանվում են Սու-57Է տարբերակով, որում շատ մարտական ու գործառնական հնարավորություններ գիտակցաբար սահմանափակված են և վաճառքի փաթեթում չեն ներառվում:

Նույնը վերաբերում է այլ զինատեսակների, այդ թվում՝ զենիթահրթիռային համալիրներին՝ «Պանցիր- Ս1Է», «Տոր-Է2», «Վիկինգ», «Իսկանդեր Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգին (ի դեպ, ՀՀ ԶՈւ-ին տրամադրված-խմբ.). սրանք ռուսական զինանոցում առկա տեսակների՝ փոքր-ինչ վատ հնարավորություններով տարբերակներն են:

Ըստ թերթի՝ արտահանվող Ս-400 համակարգերն էլ, հավանորեն, սահմանափակումներ ունեն, թեև որևէ լրացուցիչ ինդեքս չի նշվում:

«Ռուսաստանի համար սպառազինությունների արտահանումը համաշխարհային շուկայում առկա լինելու կարևոր գործոն է: Հեռանալ այդ շուկայից՝ նշանակում է կորցնել ոչ թե ինչ-որ վերացական ազդեցություն, այլ նաև դավաճանել դաշնակիցներին կամ համակիրներին, որոնք կարող են ապագայում դաշնակից դառնալ»,- գրում է թերթը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը վաճառում է իսկապես ժամանակակից զենք, սակայն ամենանորը, ամենաառաջատարը և ամենամահաբերը, այնուամենայնիվ,  պահում է «փակագծերում»:

«Մինչ Հունաստանը զսպում է Թուրքիային ռուսաստանյան Ս-300-ներով, իսկ Թուրքիան էլ՝ Հունաստանին՝ ռուսաստանյան Ս-400-ներով, Ռուսաստանը մշակում է հաջորդ սերնդի համալիրները՝ Ս-500-ը, որոնք մի գլուխ կգերազանցեն նախորդ մշակումները»,- ամփոփում է թերթը՝ հավելելով, որ ՌԴ ռազմարդյունաբերությունը ֆինանսավորվում է նաև արտահանման պայմանագրերի հաշվին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica