close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ որոշեց վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2019, 16:19
 Ո՞վ որոշեց վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Շվեդական Nordic Monitor-ը՝  Ստոկհոլմյան ցանցի սկանդինավյան հետազոտությունների և մոնիթորինգի լրատվական կայքը, որում լուսաբանվում են կրոնական, գաղափարական, և ազգային ծայրահեղականությանն ու արմատական խմբավորումներին վերաբերող հիմնախնդիրները, նյութ է հրապարակել՝ սենսացիայի հավակնությամբ. ըստ yerkir.am-ի՝ Regnum-ում տպագրված հոդվածում գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Այն ստորագրված է Աբդուլլահ Բոզքուրթի կողմից, որը «ներկայումս իշխանությունների կողմից փակված «Today’s Zaman» թուրքական ամենօրյա պարբերականի մայրաքաղաքային գրասենյակի ղեկավարն է»: Պնդում են, որ նրան հաջողվել է ձեռք բերել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2-րդ մարտավարական  հրամանատարության կողմից ALTAY ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթի պատճենը, որում նկարագրված է Հայաստանին օդային հարված հասցնելու սցենարը՝ OĞUZTÜR կոդային անվանմամբ: Իհարկե, ըստ հեղինակի, դրանից որոշ էջեր են անհետացել՝ գործողության մանրամասներով: Կորուստը հայտնաբերվել է 2016-ի մայիսի 4-ին Անկարայի Աքընջը ռազմաբազայում փաստաթղթերի ստուգման ժամանակ, իսկ գրանցումը, ուղղված Գլխավոր շտաբին, թվագրվում է 2016-ի մայիսի 23-ով:  Nordic Monitor –ը չի հայտնում՝ ինչպես են «գաղտնի ծրագրերից» էջեր պակասել»,- գրում է  քաղաքագետը:

Նա ընդգծում է, որ խոսքն իրադարձությունների մասին է, որոնք տեղի են ունեցել 2016-ի ապրիլի սկզբի, երբ Լեռնային Ղարաբաղում բռնկվեց քառօրյա պատերազմը, և նույն թվականի հուլիսի միջև, երբ Թուրքիայում հուլիսի կեսին ռազմական հետղաշրջման փորձ արվեց: Թուրքական իշխանությունները պնդում են, որ այն իրականացրել են «զուգահեռ պետության» կառույցները՝ ընդունելով նաև, որ այս պատմության մեջ դեռևս շատ չհետազոտված սյուժեներ կան:

Տարասովը իրադարձությունները  փորձում է շարադրել ժամանակագրական հաջորդականությամբ, և ինտրիգային պատկեր է գծագրվում. առաջին անգամ Թուրքիայում իշխանության փոփոխության հնարավորության մասին բացեիբաց ասվեց The Wall Street Journal-ի՝ 2016 թ. փետրվարի 22-ի համարում: Եվ այն շատ արագ տարածվեց թուրքական բոլոր ԶԼՄ-ներով:  Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքեց նման ենթադրությունները, այնուամենայնիվ, Hurriyet թուրքական հրատարակությունը հոդվածաշարով պնդեց՝ երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության շրջանում ակտիվացել են «խորքային պետության» կողմնակիցները, և հեղաշրջումը կարող է տեղի ունենալ 2016-ի գարնանը:

«Մարտի կեսին համարյա ամեն օր ամերիկյան, իսրայելական, անգլիական առաջատար լրատվամիջոցները կանխագուշակում էին ներքաղաքական իրադրության կտրուկ սրացում Թուրքիայում: Սակայն դրա փոխարեն ապրիլի սկզբին սկսվեց ղարաբաղյան պատերազմը, որը շատ առումներով հանելուկային է: Կարո՞ղ էին այդ պահին հեղաշրջում նախապատրաստողները սադրանքի գնալ ու օդային հարված հասցնել Հայաստանին, որպեսզի լրջորեն բարդացնեն ռուս-թուրքական հարաբերությունները, դադարեցնեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև առկա երկխոսությունը: Բացառել չի կարելի: Եվ Բոզքուրթի ներկայացրած փաստաթուղթն այս մասով իրական է երևում, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպես կծավալվեին իրադարձությունները, եթե ղարաբաղյան պատերազմը երկարատև բնույթ ստանար: Հիմքեր կան ենթադրելու, որ Մոսկվան ի սկզբանե վերահսկում էր իրավիճակը: Սակայն շուտ չենք իմանա, թե ինչ է ասել Ռուսաստանի գլխավոր շտաբի պետն իր հայ և ադրբեջանցի գործընկերներին Մոսկվայում, ինչից հետո կնքվեց հրադադարի մասին պայմանավորվածությունը: Համապատասխան նախազգուշացնում էր ստացել նաև Թուրքիան, ինչից հետո Աքընջըի ռազմաբազա է ուղարկվել հատուկ հանձնաժողով, որն էլ 2016-ի մայիսի 4-ին հայտնաբերել է OĞUZTÜR ծրագրի էջերի պակասը: Ինչ-որ մեկը հետքեր է ծածկել: Սա ասում եմ այն առումով, որ Բոզքուրթի ձեռքն ընկած փաստաթղթերը ներգծվում են 2016-ի ապրիլ-մայիս ժամանակահատվածում տարածաշրջանում տեղի ունեցած իրական և ենթադրյալ իրադարձությունների համատեքստում: Կա վարկած, որի համաձայն՝ հենց ղարաբաղյան պատերազմից հետո Էրդողանը հավատաց, որ իր դեմ դավադրություն է հյուսվում և սկսեց պատրաստվել դրա կանխմանը՝ պաշտպանիչ պատնեշներ ստեղծելով:

Սակայն հարցեր են մնում: Ինչպե՞ս է Բոզքուրթին հաջողվել ձեռք բերել գաղտնի փաստաթուղթը, ո՞վ է Թուրքիայում նպաստել դրան: Ինչո՞ւ հենց հիմա որոշակի ուժեր որոշեցին հրապարակել այդ տեղեկությունը, որը փորձում են ներկայացնել ոչ միայն հայ-ադրբեջանական դիմակայության շրջանակում, այլ նաև՝ հայ-թուրքական հարաբերությունների: Ի՞նչ ազդանշան է և ո՞ւմ է ուղղված: Չէ՞ որ Nordic Monitor –ը ճանաչողական նպատակ չի հետապնդում և կողմնորոշված է նրանց ուղղությամբ, ովքեր հետաքրքված են Թուրքիայում և Ադրբեջանում իրադարձությունների որոշակի զարգացմամբ: Գուցե այս ամենի հետևում Անկարան է, որն այս յուրահատուկ ձևով փորձում է վերացնել պատմական ու քաղաքական հիմնախնդիրները՝ ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի հետ՝ սլաքներն ուղղելով հեղաշրջման կազմակերպիչների կողմը: Ո՞վ կպատասխանի այս հարցերին: Դեռևս միայն գործողություններ կան, սպասենք արդյունքներին»,- եզրափակում է Ստանիսլավ Տարասովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica