close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առողջության ապահովագրության ի՞նչ մեխանիզմ է առաջարկում նախարար Թորոսյանը և ո՞ւմ ականջներն է տեսնում իրեն թիրախավորողների ետևում

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2019, 13:11
 Առողջության ապահովագրության ի՞նչ մեխանիզմ է առաջարկում նախարար Թորոսյանը և ո՞ւմ ականջներն է տեսնում իրեն թիրախավորողների ետևում

«Բազմաթիվ անհայտներով բանաձև»․ ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրույցում այսպես բնորոշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համակարգը։

Սա նշանակում է՝ վերջնական որևէ բան հստակ չէ, հրապարակված հայեցակարգը կարող է փոփոխվել ըստ անհրաժեշտության և ըստ առաջարկների։

Այս պահին հստակ է, որ ամբողջ բնակչությանն ապահովագրելու համար 250 միլիարդ դրամ է պետք, իսկ պետբյուջեն կարող է տրամադրել 109 միլիարդը: Մնացյալ մասը, եթե բաժանենք աշխատող քաղաքացիների մեջ՝ կստացվի, որ նրանք իրենց աշխատավարձից ամսական 6 տոկոս պետք է տրամադրեն պետությանը, որպեսզի պահանջվող գումարը լրանա և ամբողջ բնակչության առողջությունն ապահովագրվի՝ հրապարակված հայեցակարգի մոդելով։

Նախարարությունը նախատեսում է ստեղծել պետական  ապահովագրական 1 ընկերություն, որտեղ կկուտակվեն առողջապահական ապահովագրության համար հատկացվող գումարներն ու կբաշխվեն ըստ անհրաժեշտության։

Հայեցակարգը նախատեսում է առողջապահական ծառայությունների լայն սպեկտր՝ սրտանոթային հիվանդությունների բուժում, վիրահատություններ, քաղցկեղային գոյացությունների ճառագայթային և քիմիաթերապևտիկ բուժում, վիրահատություն, քրոնիկ հիվանդությունների դեպքում պարբերաբար դեղորայք կտրամադրվի, ատամները կզննեն, կհեռացնեն, կպրոթեզավորեն, բայց չեն բուժի և այլն։

Այստեղ էլ սկսվում են «բազմաթիվ անհայտները»։ Նախ՝ արդյո՞ք նպատակահարմար է, որ աշխատող քաղաքացիները վճարեն նաև չաշխատողների առողջության ապահովագրության համար։ Նախարարն ասաց՝ քննարկվում է․ եթե ապահովագրենք միայն աշխատող քաղաքացիների առողջությունը, ապա բավարար կլինի, որ նրանք իրենց աշխատավարձից միայն 1,5-2 տոկոս հատկացնեն առողջության ապահովագրման հիմնադրամին։

Այս տարբերակը քննարկվում է այն ենթատեքստում, որ նախ՝ ապահովագրվի միայն աշխատող քաղաքացիների առողջությունը, հետո բոլորը տեսնեն, որ լավ բան է, հանրային պահանջ ձևավորվի, այնուհետև 10 տարվա ընթացքում ապահովագրությունը տարածվի ամբողջ բնակչության վրա։

Առողջապահության ապահովագրման համակարգ ներդնելու նախաձեռնության դեմ բողոքի հսկայական ալիք է սկիզբ առնում մասնավոր այն ընկերություններից, որոնք իրենց աշխատակիցներին արդեն ապահովագրել են իրենց նախընտրած՝ ապահովագրական մասնավոր ընկերությունում։ Նրանք ասում են՝ ներկա պահին էլ իրենց ցանկացած առողջապահական ծառայությունները ստանում են իրենց ուզած բուժհիմնարկներում, պետական ապահովագրությանը միանալու դեպքում ստիպված կլինեն կրկնակի վճարել՝ բժշկական նույն ծառայություններից օգտվելու համար։

Նախարարի հակափաստարկը հետևյալն է․ «Քանի որ մենք առաջարկում ենք առողջապահական ծառայությունների շատ լավ փաթեթ, որն ավելի ընդգրկուն է, քան իրենց ունեցածը, նրանք կարիք չեն ունենա կրկնակի վճարել, պարզապես անցում կկատարեն պետական ապահովագրությանը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կցանկանան նաև մասնավոր ապահովագրական ընկերությունից օգտվել, կարող են ապահովագրել միայն այն լրացուցիչ բուժծառայությունները, որոնք մեր փաթեթում չկան և որոնք խիստ փոքրաթիվ են»։

Մասնավոր ընկերություններում ապահովագրությունը Արսեն Թորոսյանը վատ մեխանիզմ է համարում, քանի որ, ասում է, այդ դեպքում պետությունը կունենա 0 ազդեցություն ապահովագրական ընկերության աշխատանքի արդյունավետության վրա, չի կարող ստուգել և չի կարող երաշխավորել որակը։

Ըստ նախարարության ներկայացրած հայեցակարգի՝ շահառուները հնարավորություն չեն ունենա ընտրելու՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր ընկերություններում ապահովագրել իրենց առողջությունը, ստիպված կլինեն պարտադիր օգտվել պետականից։ Նախարարն ասաց՝ սա նախընտրելի է, քանի որ, եթե շահառուների թվից հանենք մասնավոր ապահովագրական ընկերություններից օգտվելու ցանկություն ունեցողներին, կտուժի առողջապահության ապահովագրության ընդհանուր համակարգը․ այդ դեպքում՝ պետականից օգտվողների ֆինանսական հատկացումների տոկոսն ավելի բարձր կլինի։

«Դա կլինի վատագույն լուծումը, որովհետև կստացվի, որ սուրճի վրայից կրեմը վերցնում ենք, թողնում միայն չոր ըմպելիքը»,-ասաց նա։

Այս պահին ապահովագրական մասնավոր ընկերություններում առողջությունը ապահովագրել է միայն 100 հազար քաղաքացի՝ ասաց նախարարը․ նախատեսվում է, որ նրանք ևս անցնեն պետական ապահովագրության։

Հաջորդը՝ հարցեր է առաջացնում այն է, թե՝ ո՛ր բուժհաստատություններից պետք է օգտվեն շահառուները և ի՛նչ որակի բուժսպասարկում պետք է ստանան։ Առողջապահական ծառայությունների որակյալության վրա նախարարը վստահ է։

Քննարկվում է նաև սկզբնական շրջանում բնակչության ավելի շատ կատեգորիաների պետպատվերի շրջանակում բուժում տրամադրելու հարցը։ Նախարարն ասաց՝ պետպատվերի շրջանակում բուժում ստացողների խմբերն ընդլայնելու ուղղությամբ աշխատանք տարվում է․ այս տարվա բյուջեում լրացուցիչ 20 միլիարդ դրամ է հատկացվել, որով հնարավոր կլինի բոլոր կենսաթոշակառուներին ևս պետպատվերի շրջանակում բուժում տրամադրել։

Արդյո՞ք Արսեն Թորոսյանի քաղաքական թիմը սատարում է Առողջության համապարփալ ապահովագրության ներդրման հայեցակարգը․ նախարարն ասաց՝ քաղաքական հենարան չունենալու հարցն ինքը հռետորական է համարում, քանի որ մի քանի կոնկերտ հանձնաժողովի բացասական կարծիքը դեռ չի նշանակում, որ ինքը կորցնում է քաղաքական հենարանը։

ԱԺ խմբակցությունների հետ այս թեմայով ընդհանրապես չեն խոսել։ Կառավարության անդամների հետ արդեն 1,5 տարի ոչ հանրային մթնոլորտում քննարկում են։ Վարչապետի մոտ առնվազն 2 անգամ բաց քննարկում է եղել։ Առողջության պարտադիր ապահովագրության համակարգ ներդնելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է նախ՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս։

Հայեցակարգի մասին ֆինանսական բլոկից միասնական և վերջնական կարծիք առայժմ չունեն։

Իր անձը և պաշտոնը թիրախավորելու ետևում ո՞ւմ «ականջներն է տեսնում»՝ հարցին Արսեն Թորոսյանը պատասխանեց․ «Ականջներ փորձում եմ չտեսնել, կարող եմ դեմքեր տեսնել մաքսիմում։ Բայց նույնիսկ եթե կա ներկուսակցական մրցակցություն՝ տարբեր պատասխանատվություններ ստանձնելու համար, դա նորմալ է, ներկուսակցական ժողովրդավարության դրսևորում է, ոչ մի պաշտոն հավերժ չէ և ես փորձում եմ մտքերս շատ չծանրաբեռնել դրանով»։

Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica