close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստի ու խարխափի մեջ հյուծվող Հայաստան

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2019, 10:52
 Ստի ու խարխափի մեջ հյուծվող Հայաստան

Գուցե միամտություն է, կամ՝ համաշխարհային պատմական փորձից հետևություններ անելու անբավարար շրջահայացության արդյունք: Բայց դժվար էր ենթադրել, որ հեղափոխությունն այսքան արագ կմսխի ու կխժռի իր իսկ հայտարարած արժեքները:
Սերը, համերաշխությունն ու, ամենակարևորը՝ սոցիալական պետությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած իշխանությունն ի՜նչ արագ հոգեփոխվեց, ի՜նչ արագ դիմակազերծվեց, ի՜նչ ակնթարթային կարողացավ հասարակությունը ջլատել, բաժանելով՝ յուրայինների և գետնին <<պառկցնելու>> պոտենցիալ թեկնածուների:

Բովանդակային գործ անելու փոխարեն՝ ինչը ենթադրում էր Հայաստանի ապագայի մոդելի ընտրություն, հանրային համերաշխություն, ստեղծարար օրակարգեր, երկրի կենսական ոլորտների համար ռազմավարական, հայեցակարգային ծրագրերի մշակում, աշխարհաքաղաքական, ազգային ու գլոբալ ռիսկերի գնահատում ու վերլուծություն, հրապարակ են նետվում գաղափարներ, նպատակադրումներ և գաղափարներ, որոնք երկիրն ու հասարակությունը կանգնեցնում են ռիսկերի առաջ, ջլատում մեր հավաքական տեսլականը:

Շվեդական Nordic Monitor պարբերականն օրերս գաղտնազերծում է Թուրքիայի՝ Հայաստանի վրա հարձակվելու <<Ալտայ>> ծրագիրը, իսկ Հայաստանում՝ լռություն… Ադրբեջանն օրեցօր ահագնացնում է ռազմատենչությունը, խտացնում սահմանային կուտակումներն ու ակնհայտորեն պատերազմի պատրաստվում, իսկ Հայաստանում այս սպառնալիքներն անբացատրելիորոն չտեսնող ԻՔ-ի ականավոր ներկայացուցիչն հանդես է գալիս իր երազած Հայաստանի մասին հրապարակային-քաղաքական նախաձեռնությամբ. 10 մլն դրամով և մեկ ամիս ծառայելով, կարելի է զինվորական գրքույկ ստանալ ու բանակից ու ազգային պարտքից ազատված համարվել:
Այս անմեղսունակին ինչպե՜ս բացատրես, որ քո երազը մեր անվտանգությանը վնաս է…Իսկ գուցե այսպիսին է մեզ խաղաղության պատրաստելու դրսի օրակարգը...

Մենք՝ միամիտներս, կարծում էինք, թե իշխանությունների և պետության համար բոլոր քաղաքացիները հավասար արժեք պետք է ունենան, համոզված էինք, որ իշխանությունները բարեկեցության քաղաքականություն պետք է որդեգրեն ոչ միայն յուրայինների, այլ անվերապահորեն բոլոր քաղաքացիների և ողջ հասարակության համար։

Բայց կարծում էինք…որովհետև շատ քիչ ժամանակ պահանջվեց արձանագրելու, որ իշխանության յուրայիններն ու մնացած բոլորը տարբեր բևեռներում են, տարբեր աշխարհներում, տարբեր ակնկալիքներ ու տարբեր պահանջներ ունեն:
Թվում էր, թե ՊԵԿ-ում գաղտնազերծված պարգևավճարների սկանդալից հետո իշխանությունն իր սոցիալական քաղաքականության ու սոցիալական արդարության ընկալումներում ճշգրտումներ կանի, բայց՝ ոչ:
Ավաղ, քաղաքական բարոյականությունը չափանիշ չէ, ոչ էլ՝ պահանջարկ վայելող արժեք:

Երբ պարզվեց, որ ամիսներ շարունակ կառավարության անդամներն ու բարձր էշելոնի պաշտոնյաները գաղտնաբար 1 միլիոն և ավելի աշխատավարձ են ստացել, անգամ ներողություն չհնչեց, անօրինականությունն ու սուտը մեկնաբանվեց մերկապարանոց պատճառաբանությամբ՝ անցյալի իներցիայով:
Բայց նորերի փողասիրությունն ու շքեղասիրությունն այսքանով չի ավարտվում. մեր հարկերի և մեր հավաքական հնարավոր բարեկեցության հաշվին ԱԺ-ում վերջին տասը ամիսներին 14 անգամ պարգևավճար է բաժանվել` 1մլն 900 000 դոլարի պարգևավճար: 14 անգամ…

Նորերը նաև ճամփորդել են սիրում. 2019 թ. պետական բյուջեով կառավարության արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված տարեկան 350 մլն դրամն արդեն տարվա ընթացքում տարբեր որոշումներով հասցվել է 550 մլն դրամի, արտասահմանյան գործուղումների տարեկան բյուջեն ավելացվել 310 մլն դրամով:

2019 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային ժողովին՝ գործուղումների համար հատկացվել է 892 միլիոն 628 հազար դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 434 միլիոն 606 հազար դրամ, ինն ամսում՝ 695 միլիոն 809 հազար դրամ:

Երևանի քաղաքապետարանում էլ են փող սիրում. եռամսյակը մեկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից ավելի չափով պարգևավճար են ստանում. պարգևավճարները 700 միլիոնից հասել են 1մլրդ 900 հազար դրամ:

Իսկ անտերությունից ու անխնամությունից օրեցօր խամրող քաղաքում կրճատվում են կանաչապատման ծախսերը…

Կոռուպցիան հաղթահարած, ժողովրդավարության բաստիոն նոր Հայաստանում /այո, ասպիսի հայտարարություն էլ է եղել/ սկանդալներն հաջորդում են միմյանց, իսկ քաղաքապետն իր կամազային, արդեն չկոծկվող գործարքն արդարացնում է քաղաքի գործերը <<առաջ բրդելու>> վճռականությամբ:

Ես Հայկ Մարությանին չեմ մեղադրում. Սիթքոմից քաղաքապետի աթոռին փոխադրված Հայկն՝ իր շատ թիմակիցների պես, հավանաբար չի հասցրել սկզբունք ճշտել, որ <<առաջ բրդելու>> միակ չափանիշը ՀՀ օրենքներն են, Սահմանադրությունն ու քաղաքական պատասխանատվության ու բարոյականության գուցեև չգրված օրենքները:

Ու այս ֆոնին թվում է, թե մարզպետի վարորդի կամ եղբոր կողմից անհնազանդ վարսավիրին ահաբեկելը, մեկ այլ մարզպետի կամ իր թիմի կողմից գնդապետին ծեծելը, Մետրոյի Հանրապետություն կայարանում գալարվող ոռնոցն իբրև մշակույթ ներկայացնելը, բյուջեով նախատեսված տասնյակ սոցիալական ծրագրեր թղթին թողնելը, առանց մրցույթի պետական տասնյակ գնումներ իրականացնելը, հայագիտական առարկաները բուհերից դուրս մղելը, կեղծ հերոսներին հովանավորելը և էլի ու էլի բաներ,միլիոններ մանրուք են:
Մանրու՞ք…ավաղ, սրանք միայն առաջին հայացքից են մանրուք. Միացրեք այս խճանկարն ու կտեսնեք, թե ինչպես է ստի, տեսլականազերծ խարխափի և անարդյունավետ կառավարման մեջ հյուծվում Երկիրը, ապաոգեղենանում Հայաստանը…
Ի դեպ, կեղծ օրակարգերով հանրության ուշադրությունը շեղելու ռեսուրսներն էլ են մի օր սպառվում։

2019-ի աշնան վերջին օրը;

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica