close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր աճպարարությունն ու մակեդոնացիական մեծամտությունն են տիրում մեր երկրում. Կարին Տոնոյան

Մշակույթ

30 Նոյեմբերի 2019, 13:56
 Այսօր աճպարարությունն ու մակեդոնացիական մեծամտությունն են տիրում մեր երկրում. Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանի հետ Yerkir.am-ի հարթակում քննարկվել է իշխանությունների վարած կրթամշակութային քաղաքականությունը:

 

- Տիկին Տոնոյան, ինչպե՞ս կորակեք ՀՀ կրթության ոլորտի ընդհանուր վիճակը:

- Սիրտանոթային համակարգի լրջագույն խնդիրներով հիվանդ օրգանիզմ, որի ախտանիշերը սակայն փորձում են վերացնել կոսմետիկ միջոցներով:

- Ձեր կարծիքով ո՞րն է այսօր կրթության ոլորտի թիվ 1 խնդիրը:

-Իմ խորին համոզմամբ ուսուցչի, դասախոսի աշխատավարձի բարձրացումն ու նրանց հասարակական դիրքի կարևորումը՝ բոլոր հնարավոր միջոցներով, հակառակ դեպքում մենք շուտով պարզապես մանկավարժական բուհ դիմող ու որակյալ մանկավարժ չենք ունենա:

- Մոտ մեկ ամիս է, ինչ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը լուրջ վեճերի, բանավեճերի, ուսանողական-երիտասարդական բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այդ նախագծի մասին:

- Այդ նախագծի մասին ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսելու, քանի որ ես ներկայացնում եմ հանրակրթությունը, և նման լրջագույն ոլորտի մասին կուզեի խոսեին հենց այդ ոլորտի մասնագետները, բայց վերաբերմունքը, որ տեսնում եմ այդ նախագծում և դրա շուրջ ծավալվող իրադարձություններում, ինձ մտահոգում է, որովհետև չի կարելի գրել օրենք, այդքան անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով այն կյանքի կոչողների նկատմամբ: Այդ ամենի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս երիտասարդների ընդվզումն ու նախաձեռնողականությունը.... հիանալի է, որ նման երիտասարդներ ունենք, և նրանց կոտրելն ուղղակի հանցագործություն կլինի:

- Հայագիտական առարկաների՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներից դուրսմղումը հետքայլ չէ՞ ազգային դաշտում:

- Հետքայլը կլինի հետո, իսկ հիմա ես այն ավելի շուտ կորակեմ դավադիր հարված թիկունքից: Այսօր, երբ հայերենի վիճակը և նրա նկատմամբ վերաբերմունքը ուղղակի ողբալի է մեր երկրում, սկսած արտաքին գովազդից, վեջացրած հեռուստաեթերի, պաշտոնյաների լեզվախեղումներով ու հայ իրականության մեջ հայկական անձնանունների, ապրանքների ու կառույցների զավեշտի հասնող օտարաշունչ անվանումներով, մայրենի լեզվի նկատմամբ ընդհակառակը՝ ընդգծված, ես կասեի անգամ մի քիչ չափազանցված հարգալից վերաբերմունք է պետք հենց իշխանությունների կողմից: Բայց ես արդեն, կարծես, համոզվում եմ, որ այսօր աճպարարությունն ու մակեդոնացիական մեծամտությունն են տիրում մեր երկրում․ այն բոլոր խնդիրները-գորդյան հանգույցները, որոնք դժվարանում են լուծել, փորձում են հեռացնել թրի մեկ հարվածով, բայց չէ՞ որ Մակեդոնացին իրականում կտրելով չքանդեց հանգույցը և չարժանացավ հանգուցալուծման պարգևին.... նա այդպես էլ չտիրեց Ասիային:

Ցավոք այսօր պատմությունը կամ չգիտեն, կամ էլ դասեր չեն քաղում դրանից:

-Շատերը գտնում են, որ Արայիկ Հարությունյանն ու նրա շրջապատը տրամադրված են հայկականության դեմ, Դուք է՞լ եք այդպես կարծում:

- Ես ավելի շուտ կարծում եմ, որ մեզ դեռ անհայտ վարագույրների հետևում քաղաքական առևտուր է կատարվում, և արտաքին ուժերի պահանջների ճնշման կամ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու» երևույթների ենք մենք ականատես.... Ուստի անձերի փոփոխությունն ինձ ավելի քիչ է հետաքրքրում, քան տարվող քաղաքականության փոփոխությունը:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատը զարմացնում ու զայրացնում այս ամենում:

- Զարմացնում է այն, որ վարչապետը չի նկատում կամ չի ուզում նկատել իր թիմի անճարակությունը, և չի փորձում պահպանել իրեն քվե տվողների հավատը: Չի նկատում, որ բացի սևից ու սպիտակից երկրում կան այլ գույներ, որոնք չեն ուզում իր ձախողումը, որոնք պատրաստ են հանուն երկրի և ազգի հզորացման ամեն ինչով օգնել իրեն, և որոնց վրա հենվելն է միայն իր հաջողության գրավականը, անգամ արտաքին ուժերին դիմակայելու լավագույն պատվարը: Զայրացնում է այն, որ արհեստական փորձեր են արվում ազգայինը հակադրել համամարդկայինին, այլասերվածությունը մատուցել մարդու իրավունքների սոուսով, հնադարյան սոդոմ-գոմորիզմը դարձնել առաջադիմության խաղաքարտ: Զայրացնում է այն, որ ժողովրդին համառորեն ուզում են ամբոխ դարձնել ու այդպիսին էլ պահել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica