close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամբիցիոզ է, պատրաստ չէ քննարկման, վաստակաշատ դասախոսների հետ խոսում է սարկազմով․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԿԳՄՍ նախարարի մասին

Քաղաքական

29 Նոյեմբերի 2019, 17:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամբիցիոզ է, պատրաստ չէ քննարկման, վաստակաշատ դասախոսների հետ խոսում է սարկազմով․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԿԳՄՍ նախարարի մասին

Բազմաթիվ հարցերում աջ ձեռքով փորձում են բռնել ձախ ականջը, և արդյունքում ունենում ենք այս աղճատված իրավիճակը տարբեր ոլորտներում. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ նկատի ունենալով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում Արայիկ Հարությունյանի ձախողումները։  

«Երբ այս աջապսանդալը փորձեցին սարքել՝ նախարարությունների միքսը, «Բարգավաճ Հայաստան»-ն ասել է, որ դա չի աշխատելու, որ դա օպտիմալ չէ, և այսօր մենք քաղում ենք դեռևս առաջին ծաղիկները»,- ասաց նա։

Զոհրաբյանի կանխատեսմամբ՝ հետագայում շատ ավելի լուրջ, համակարգային խնդիրների առջև են կանգնելու այդ համակարգերը: «Հատկապես, որ այդ համակարգերի գլխին կանգնած է մի մարդ, ով ամբիցիոզ է, պատրաստ չէ քննարկման, ով իրեն կարող է իրավունք վերապահել վաստակաշատ դասախոսների հետ խոսել «գոնորով», խոսել իրոնիայով և խոսել սարկազմով»,- ասաց նա։

ԲՀԿ խմբակցությունում, ասաց, Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը չեն քննարկել։ ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների՝ ԿԳՄՍ նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու առաջարկով՝ ԲՀԿ-ին փոխացած նամակի մասին դիրքորոշումը, ըստ Զոհրաբյանի, կախված կլինի Արայիկ Հարությունյանի և ուսանողների հանդիպումից ու ուսանողների գնահատականից։

Հայոց լեզուն, հայ գրականությունը և հայոց պատմությունը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում կամընտրական դարձնելու նախաձեռնությանը Նաիրա Զոհրաբյանի վերաբերմունքը հստակ է. «Երբ նայում ենք բուհական ընդունելությունների թեստերը, ամենացածր գնահատականները մեր ուսանողները ստանում են հենց հայոց լեզվից, հայ գրականությունից, հայոց պատմությունից, իսկ դա նշանակում է, որ հանրակրթական դպրոցներում այդ դասավանդումը կատաստրոֆիկ վատ մակարդակի է։ Եթե մենք բարձր մակարդակ կարողանանք ապահովել, հետագայում եկեք քննարկենք նաև բուհերի հայեցողությանը թողնելու հարցը։ Բայց եթե այդ մակարդակը չենք ապահովում, մեր ինքնությունից մեզ կտրել և ասել, որ դա հետադիմական է, այդպես կարող է մտածել ամենավերջին գավառամիտը։

Քո ինքնությանը հավատարիմ լինելը խիստ առաջադիմական է, և նրանք, ովքեր մտածում են, որ դա հետադիմություն է, այդպես կարող են մտածել միայն գավառական թափթփուկները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Լրատվամիջոցները գրեցին, որ եթե անգամ պատգամավորների խմբերի փոխայցելություններ լինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Ադրբեջանից խնդրանք կա, որ Նաիրա Զահրաբյանին չուղարկեն։ ԲՀԿ պատգամավորն այս լուրերը ժպիտով է ընդունում. «Այն, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան որևէ պատճառ չունի ինձ սիրելու, դա բնական է, որովհետև, 12 տարի լինելով ԵԽԽՎ-ում, իմ և ադրբեջանցի պատգամավորների փոխհրաձգությունները կարելի է որպես պատերազմական հատուկ ժանր արձանագրել»։

3 տարի առաջ, երբ ԵԽԽՎ-ում փորձ էր արվել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև քննարկում  կազմակերպել, ԵԽԽՎ ԳՔ Պեդրո Ագրամունտն անձամբ դիմել էր հայկական պատվիրակության ղեկավարին և խնդրել, որ այդ քննարկմանը Նաիրա Զոհրաբյանը չմասնակցի։ Բնականաբար, հայկական պատվիրակության ղեկավարը մերժել էր, և նա ներկա եղավ։

1990-ականներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախ լրագրողների փոխայցեր եղան, ապա՝ մտավորականների և պատգամավորների։ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ այդ այցերը բացարձակապես անարդյունավետ էին։

«Քանի դեռ այդ հասարակության մղիչ ուժը հայատյացությունն է, ես չեմ կարծում, որ մեր քննարկումները կարող են լինել արդյունավետ»,-ասաց նա։

Փոխայցերը, նրա խոսքով, հավանաբար նախաձեռնում են ինչ-որ տաբուներ կոտրելու համար, բայց այս պահին Նաիրա Զոհրաբյանը ՕԳԳ չի տեսնում. «Այդ նախաձեռնությունները չեն կարող կոտրել տաբուները, քանի այդ երկիրը դեռ պատրաստ չէ վստահության մթնոլորտի ձևավորմանը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica