close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 35

Քաղաքական

28 Նոյեմբերի 2019, 17:31
 Հայ դիվականության պատմություն - 35

Այդ թեզը վերջին հաշվով իրականացվեց Վազգեն Սարգսյանի կողմից, բայց ոչ թե կոմունիստների,այլ Դեմիրճյանի հետ կնքված դաշինքի շնորհիվ։ Վերջինս 1999թ. գարնանը շտապ կարգով ստեղծեց «սեփական» ժողովրդական կուսակցություն եւ անցկացրեց նրա հիմնադիր համագումարը։ Ըստ երեւույթին, Վազգենը որոշեց խուսափել այն ավելորդ դժվարություններից,որոնք կապ ունեին «կարմիր վտանգի» հետ,եւ հենվել Կարեն Դեմիրճյանի վրա,որի անունը կարող էր ապահովել կոմունիստներից ոչ պակաս կողմնակիցների զանգված: Հանրապետական եւ Ժողովրդական կուսակցություններից ստեղծված նախընտրական «Միասնություն»,ավելի ճիշտ՝ «Դեմիրճյան-Սարգսյան» բլոկի մասին ձեւականորեն հայտարարվեց գիտությունների ազգային ակադեմիայում կայացած ղեկավարների հանդիպման ժամանակ։ Բլոկի նշանաբանն էր՝ «Կառուցել եւ պաշտպանել»։ Այդ հանդիպման ժամանակ սպարապետը, հիմնավորելով նման քաղաքական դաշինքի ստեղծումը,նշեց. «Անցյալ տարի մենք մեծ սխալ գործեցինք եւ այժմ այդ սխալը պետք է ուղղենք»։ Այս միտքը որեւէ մեկնաբանության կարիք չունի։ Բոլորի համար պարզ դարձավ,որ Ռոբերտ Քոչարյանի համար պատրաստվել է լավագույն դեպքում անգլիական թագուհու դերը,որն, ինչպես հայտնի է, չի ղեկավարում երկիրը։

Ընտրություններից մի քանի օր անց երկիրը սկսեց ղեկավարել Վազգեն Սարգսյանը։ «Միասնություն» դաշինքը պառլամենտում ունեցավ տեղերի 70 %-ը։ Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ,իսկ Դեմիրճյանին դարձրեց Ազգային ժողովի խոսնակ։ Սակայն իր իշխանության ընթացքը Վազգենը սկսեց երկու կոպիտ սխալով, որոնք էլ,հավանաբար,4 ամիս անց հանգեցրին նրա վախճանին,իսկ 10 ամիս անց՝ նրա կրտսեր եղբոր տապալմանը։

Սխալներից մեկն այն էր,որ նա բռնի ուժով սկսեց լրացնել պետական բյուջեն,իսկ, բացի դրանից,վարչական բոլոր հանգուցային պաշտոնները հանձնեց Տեր-Պետրոսյանի վարչակարգի տհաճ գործիչներին՝ Վահան Շիրխանյանին,Շահեն Կարամանուկյանին,Տիգրան Հակոբյանին,Անդրանիկ Քոչարյանին եւ այլոց։ Թիմը լրացնելու համար գուցե պակասում էր միայն Վանիկ Սմբատովիչը։

Թվարկված այս բոլոր գործիչները Վազգենի կենդանության օրոք կարող էին հավակնել իրենց կողմից ստեղծված ամբողջատիրական իշխանության մեքենայում միայն պտուտակի դերի։ Բացառված չէ,որ սպարապետը միգուցե ինչ-որ չափով ուներ նրանց վարչական փորձի եւ անվիճելի տաղանդի կարիքը։

Սակայն սրանք Վազգենի սպանությունից ընդամենը մեկ ժամ անց հայտնվեցին այնպիսի քաղաքական խաղերի ու դավադրությունների մեջ,որ նրանց իսկական էության եւ նպատակների մասին բոլոր կասկածները ցրվեցին։ Նկատի ունեմ նրանց կողմից Քոչարյանին ներկայացված վերջնագիրը,որը պարունակում էր բազմաթիվ պահանջներ,այդ թվում նաեւ՝ կադրային փոփոխությունների մասին։ Այս իրողության վրա մենք դեռ կանգ կառնենք։ Այժմ միայն նշեմ,որ հաջորդ վարչապետ Արամ Սարգսյանը նույնպես նրանց պահեց իր մոտ՝վերջում դառնալով նրանց քաղաքական դավադրությունների զոհը։

Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի առաջին, իմ կարծիքով, ամենալուրջ սխալին, ապա այն հանգեցրեց առանց այն էլ հազիվ շնչող երկրի տնտեսության կաթվածահարությանը։

Արդեն 1994թ. աշնան սկզբին վայնասուն բարձրացրին արտադրողները,հետո՝ մանր ու միջին առեւտրական ձեռնարկությունների տերերը, թե «խլում են վերջին ունեցածը»։ Պարզվեց,որ Վազգենը կարգադրել էր պետական եկամուտների նախարարին (հարկային եւ մաքսային պետական ծառայությունները միավորվել էին), իսկ նախարարը՝ իր աշխատակիցներին,որ տուրքերը գանձվեն նախօրոք երկու-երեք ամսվա համար։ Պե՞տք է արդյոք ասել,որ այդ կասկածելի նորամուծությունը վերջնականապես արյունաքամ արեց բնակչությանը,իսկ մաքսավորների եւ հարկահավաքների չարաշահումները, պետության պարտքերը բյուջետային հիմնարկներին բոլորովին չպակասեցին։ Դրանով իսկ սկիզբ դրվեց երկրի տնտեսական անկմանը։

Կացությունն էլ ավելի վատթարացավ Վազգեն–վարչապետի մեկ այլ չարդարացված միջոցառման հետեւանքով։ Հայտարարված «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակներում վարչապետն անձամբ իր մոտ կանչեց խոշոր արտադրողներին եւ նախաձեռնողներին,այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց առաջարկեց անցած տարիների ընթացքում թալանած հարստությունը կիսել եղբայրաբար՝ ինը մեկի հարաբերությամբ՝ հօգուտ ավագ եղբոր,այսինքն՝ պետության։ Որոշ հավաստի տեղեկությունների համաձայն՝ մինչեւ հոկտեմբերի 27-ը գանձման ենթակա 50 տոպրակներից բացվեցին ոչ ավելի քան 10 տոպրակ։ Մնացածները մնացին տերերի մոտ,որոնք երախտապարտ մնացին նախախնամությանը։ Բացառված չէ,որ նախախնամությունն էլ հենց իրենք վճարել էին եւ շատ ավելի քիչ,քան պիտի վճարեին պետական բյուջեին։

Ի՞նչ հասցրեց անել Վազգեն Սարգսյանը չորս ամիսների ընթացքում։ Նախ՝ անմիջապես իր ձեռքը վերցրեց փող բերող բոլոր գործակալությունները (տուրքերի եւ մաքսերի) եւ բնագավառները,ինչպես նաեւ իր վերահսկողության տակ վերադարձրեց բենզինի վաճառքի առյուծի բաժինը։ Վերաձեւեց ուժային դաշտը՝ անջատելով Ազգային անվտանգության նախարարությունը։ Ներքին գործերի նախարարությունը հանձնեց իբր թե իրեն հավատարիմ՝ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին։ Քաղաքապետ նշանակեց իր մարդուն՝ Ալբերտ Բազեյանին։ Եւս մեկ բան՝ քաղաքական կյանքը սառել էր։ Կուսակցությունները հիմնականում դարձել էին գունատ ստվերներ. պառլամենտում անելիք չունեին,հրապարակներում՝ առավել եւս։ Բոլորն, առանց բացառության, հարմարվում էին Վազգենի վարքագծին եւ նայում նրա բերանին։ Իսկ նա շարունակում էր իշխել եւ ջերմորեն ընկերություն անել Կարեն Սերոբիչի հետ՝ հարազատի նման նրան ՔԵՌԻ անվանելով։

Պատմում էին,թե ինչ ջանքեր էր նա գործադրում Դեմիրճյանին համոզելու համար,որ վերջինս պահպանի աշխատակարգը, եւ նախագահին արտասահմանյան ուղեւորությունների ճանապարհ դնելիս,թե ինչպես էր նա աճում, բառիս բուն իմաստով,փորձելով թափանցել նախկինում իր համար աղոտ տնտեսական եւ ֆինանսական բնագավառները,թե որքան ընկճված էր սեպտեմբերի վերջին Վաշինգտոն պաշտոնական այց կատարելուց հետո,որտեղ ամերիկացիները կոպտորեն մերժեցին նրան վարկեր տրամադրել (վարկածներից առաջինը) կամ ներկայացրին կաշառակերների ցուցակը,որոնք նույնիսկ ամերիկյան չափանիշներով բավական հսկայական գումարներ էին պահում արտասահմանյան բանկերում (վարկածներից երկրորդը)։ Այսպես, թե այնպես պարզվում էր,որ Վազգենի փոխհարաբերությունները Արեւմուտքի հետ չեն դասավորվում,ի տարբերություն Ռուսաստանի։    

Ի դեպ,արդեն սկզբից էլ պարզ էր, որ արեւմտյան քաղաքական շրջանակները զգուշությամբ են մոտենում Վազգեն Սարգսյանի բարձրացմանը եւ ուժեղացմանը՝ նրան մեղադրելով ռուսասիրական տրամադրությունների մեջ եւ նրա մեջ տեսնելով Հայաստանում ազատ տնտեսվարության գերեզմանափորին։ Համաշխարհային բանկի տնօրեն Վոլֆենսոնը,դեռեւս վարչապետի պաշտոնում Վազգենի հաստատվելուց առաջ,պայմանավորվածություն ձեռք բերեց Հայաստանի իշխանությունների հետ,ըստ որի՝ համագործակցությունը Հայաստանի հետ կշարունակվի այն դեպքում,եթե նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը նշանակվի էկոնոմիկայի նախարար։   

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica