close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+24°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 33

Քաղաքական

26 Նոյեմբերի 2019, 17:14
 Հայ դիվականության պատմություն - 33

Բոլորին հայտնի է, որ 1992թ. պատերազմի տաք շրջանում Լ.Տ.Պ-ն ձգտում էր միջազգային շրջանակների աչքում պահպանել «աղավնու»՝ իր հեղինակությունը,որի համար անհրաժեշտ էր կատարել դերերի վերադասավորում,հատկապես՝ իր եւ Վազգեն Սանուկյանի միջեւ,ու նա Վազգենին թելադրեց հագնել բազեի դիմակ։ Ճիշտ այդպես էլ,բացառված չէ,որ 1998թ. նա ինքն առաջարկեց մի թատերգություն խաղալ,որի անհրաժեշտությունը պայմանավորված էր իբր թե մեծ քաղաքականությունից նախագահի հոգնածությամբ։ Իսկ իրականում,անշուշտ,դա փախուստ էր բոլոր պատասխանատվություններից։ Հերթական անգամ նա բոլորին խաբեց,ավելի ճիշտ խաբեց բոլոր նրանց,ովքեր ուզում էին խաբվել։

Բեմանկարների փոփոխության ծրագրի շարժիչ զսպանակը երկու Սարգսյանների՝ Վազգենի եւ Սերժի համագործակցությունն էր, եւ այդ զսպանակն արդեն պատրաստ էր գործելու։ Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա նրա անունից ճառող քաղաքական գործիչների վրա ոչ մեկն ուշադրություն չէր դարձնում,ինչպես դա տեղի է ունենում պալատական բոլոր հեղաշրջումների ժամանակ։ Կար մի նկատառում,որն արժանի էր մեծ ուշադրության. դա միջազգային արձագանքն էր։ Երկու հզոր ուժայիններ իշխանության գլուխ են բերում Ղարաբաղի «բազեին»,ինչը նշանակում էր որոշ պայմանավորվածությունների կամ խաղի կանոնների խախտում, որոնք կարող էին վտանգավոր հետեւանքներ ունենալ։ Ուրեմն նախատեսված վերադասավորումը պահանջում էր գաղափարախոսական հիմնավորում,օրինակ՝ այն տարբերակով,որ անհրաժեշտ է տպավորություն ստեղծել,թե երկրում նախընտրական արշավի ժամանակ տեղի է ունենում կատաղի պայքար այս շուկայական տնտեսվարության կողմնակից «բազե» Քոչարյանի եւ մի անձնավորության միջեւ,որը մարմնավորում է անցյալի անիծյալ ամբողջատիրական վարչակարգը,որի օգնությամբ,սակայն, կարելի է զսպել ժողովրդավարության ջատագովներին։

… Պատմում են,որ Կարեն Դեմիրճյանը լուրջ դիմադրություն էր ցուցաբերում իր համար նախատեսված դերը ստանձնելու համար։ Ինչպես բոլոր նախորդ տարիներին, նա մերժում էր կոմունիստների բոլոր խնդրանքները,առաջարկությունները,պնդումները եւ հիմնավորումները՝ «հարազատ» կուսակցության ընտրարշավը ղեկավարելու եւ կոմունիստական դրոշի տակ նախագահի պաշտոնի համար պայքարելու առաջարկությունը։ Բայց նրա վրա ճնշում գործադրվեց,ըստ լուրերի՝ ուղղակի վախեցրին,որ գործարանի տնօրեն նրա որդին կարող է դժվարություններ ունենալ։ Իբր նույնիսկ Սերժ Սարգսյանը երկու անգամ,մի խորհրդավոր թղթապանակ թեւի տակ,այցելել է Կարեն Դեմիրճյանին, եւ, դեպքերի այդպիսի ընթացքից ցնցված,  նա ստիպված եղավ Ստյոպիկի փրկության համար անցնել իր վերջին քաղաքական Գողգոթան։ Հուրախություն ոմանց եւ ի տխրություն մյուսների՝ դա Գողգոթա չէր, ավելի շատ հիշեցնում էր վերջին դատաստանը կամ Հիսուսի երկրորդ գալուստը,քանզի սկսվել էր համազգային ուրախությունը՝  երբեմն վերածվելով զանգվածային խենթության։

Հասարակության մեծ մասը կրկին,ինչպես 10 տարի առաջ, վերածվեց կատարյալ ամբոխի,որը երկրպագում էր Դեմիրճյանին։ 1998թ. Դեմիրճյանի բացառիկությունը նման էր 1988թ. ՀՀՇ-ի բացառիկությանը,ինչը նշանակում էր,որ ազգի հոգեբանական բարդույթը որեւէ փոփոխության չի ենթարկվել, եւ նա շարունակում է սեփական նկարագրին համապատասխանող կուռքեր ստեղծել իր համար։

Ասեմ միայն,որ Դեմիրճյան կուռքին ստեղծողներին մեծ դժվարությամբ,բարոյական ու նյութական մեծ լարվածությամբ հաջողվեց կրկին վերադարձնել շշի մեջ։ Նույնիսկ մի այնպիսի պահ ստեղծվեց,երբ ինքը՝ Դեմիրճյանը,լինելով ծայրահեղ աչալուրջ եւ զգույշ մարդ, հավատաց սեփական հաղթանակին եւ հեռուստատեսությամբ հայտարարեց. «Փոխանցեք բոլորին,որ Դեմիրճյանը վերադառնում է»։ Փոխանցեցին ամբողջ աշխարհով մեկ,Ռուսաստանի НТВ-ով ու նրան աշխարհով մեկ խայտառակեցին,քանի որ Դեմիրճյանը իշխանության էր գալիս ոչ թե հպարտ մեծությամբ,այլ «հին գիշատիչ կուսակցական նոմենկլատուրայի» հետ,չնայած,իհարկե, հստակ էր,որ, նոր չինովնիկների պահանջմունքների հետ համեմատած, նրանց ախորժակը չնչին էր։ Այնուամենայնիվ, նոմենկլատուրայի գործոնը Դեմիրճյանի դեմ էր գործում եւ ոչ միայն արտաքին հեղինակության իմաստով (դրա վրա Կարեն Սերոբիչը թքած ուներ), այլեւ քվեարկությունների արդյունքների իմաստով։

Երկրորդ փուլում,այսինքն՝ ամենավճռական պահին հայ կոմունիստները բաժանվեցին։ Ոմանք հիշեցին իրենց անկեղծ վրդովմունքն այն առիթով,որ կուսակցական եւ խորհրդային ղեկավարությունը նրանց լքեց ու ծախեց։ Մյուսները չէին ներում Դեմիրճյանի դավաճանությունը,որ նա հրաժարվեց իրենց կուսակցությունից։ Այդ մտահոգությունների հիման վրա էլ ՀՀՇ-ն հաջողություն արձանագրեց ու կրկին հաղթեց Դեմիրճյանին,բայց ոչ՝ ամբոխավարությամբ,ինչպես 1988թ. ,այլ այս անգամ վարչական լծակների օգնությամբ։ Որեւէ գաղափարախոսական սկզբունք այս հարցում որեւէ դեր չկատարեց։ Պարզապես Դեմիրճյանը ոչ մի կերպ չէր համապատասխանում հետխորհրդային տարիներին ձեւավորված համակարգին, ստեղծված կացության մեջ նա օտար էր, եւ այդ համակարգը,բնականաբար, մերժեց Դեմիրճյանին: Եվ այսպիսով,թվում էր,թե Սերոբիչը, գիսաստղի նման փայլատակելով, կանհետանա քաղաքական բեմից, կանցնի վաստակած հանգստի,որը կոչվում է «առաջնորդի աշուն»,եթե ինքը հասկանալի պատճառներով չգայթակղվեր իշխանության համով, եւ եթե գոյություն ունեցող կացության տրամաբանությունը ընդամենը մի քանի ամիս անց նրան կրկին չհրավիրեր ներքաղաքական խաղերին մասնակցելու։ Դեւերի ծրագրերի իրականացումը շարունակվում էր։

 

ԴԵՎԵՐԻ ՀՐՃՎԱՆՔԸ    

Անցնելով իմ՝ առանց այն էլ տխուր պատմության ամենաողբերգական մասին, այնուամենայնիվ,հույս ունեմ,որ այն կլինի վերջինը,քանի որ դիվականությունը չի կարող,իրավունք չունի եւ չպետք է անվերջ շարունակվի։ Աղոթում եմ,որ նրա ավարտը համընկնի ցնորված ու ողբերգական անցյալ դարի ավարտի հետ,որ ավարտվի ամենամռայլ (հավանաբար) եւ ամենակործանարար (հաստատ) ժամանակաշրջանը մեր պատմության մեջ,որը չափից ավելի հագեցած էր արատավոր կրքերով, քաղաքական տգիտությամբ եւ վարչական զառամախտով, աղոթում եմ, որ գիծ քաշվի այն հրեշային ժամանակաշրջանի տակ,որը տեւեց 1988-ից մինչեւ 2000 թվականը։   

Շարունակելի

Նավթի գներն աճել են
3 Հուլիսի 2020, 12:34 Նավթի գներն աճել են
Առաքելութիւն
3 Հուլիսի 2020, 11:15 Առաքելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica