close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերենում բոլոր բառերն առանց սեռի են. Զարուհի Բաթոյանը՝ «զուգընկեր» եզրույթի և Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Հասարակություն

25 Նոյեմբերի 2019, 16:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերենում բոլոր բառերն առանց սեռի են. Զարուհի Բաթոյանը՝ «զուգընկեր» եզրույթի և Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Հայերենում բոլոր բառերն առանց սեռի են, «ուհի» վերջավորությունն ավելացել է արհեստականորեն՝ ռուսերենի ազդեցությամբ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Իբրև օրինակ՝ բերեց «աշակերտ», «նախարար», «բժիշկ» բառերը, նաև նշեց, որ երբ ասում ենք՝ «ամուսիններ», խոսում ենք և՛ կնոջ, և՛ տղամարդու մասին։

Այս տրամաբանությամբ արդյո՞ք ավելորդ չէ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «զուգընկեր» բառի ներմուծման ուղղությամբ աշխատանքը, որն, ինչպես գիտենք, բողոք է առաջացրել հանրության շրջանում և մտավախություն, որ դա ուղղված է նույնասեռ ամուսնություններին Հայաստանում ևս «ընտանիք» կարգավիճակը շնորհելուն։

«Ո՛չ, որովհետև խոսքը պաշտոնապես գրանցված ամուսնության մասին է, եթե դա նշանակեր ոչ պաշտոնական, ապա կներառեր բոլորին։ Օրենքով ամրագրված է, որ ՔԿԱԳԳ-ում գրանցում ունեցող ամուսինների մասին է խոսքը»,- ասաց նա։

Այսինքն՝ արդարացվա՞ծ է մտավախությունը, որ ՀՀ օրենսդրությամբ «ընտանիք» համարվում են գրանցված կինն ու տղամարդը, իսկ «զուգընկեր» բառի ներմուծումը կարող է խարխլել դա, նախարարը պատասխանեց. «Այո՛, այսինքն՝ ամուսնությունը ֆորմալ և ոչ ֆորմալ։ Ոչ ֆորմալ ամուսնության մասին է խոսքը, եթե մարդիկ ոչ ֆորմալ ընտանիք են, զուգընկերներ են, ամուսնացած չեն, և բռնություն է կիրառվում, որպեսզի կարողանանք ընտանիքում բռնության մասին օրենքը տարածել նաև այդ անձանց վրա»։

Նախարարը պարզաբանեց, որ բավարար է թերթել հայերենի բառարանը՝ հասկանալու համար, որ «զուգընկեր» կարող է լինել մարդը, որի հետ ապրում են քաղաքացիական ամուսնությամբ: «Որովհետև պաշտոնապես գրանցված ամուսնությունը պարտադիր պայման չէ ընտանիք կազմելու համար։ Որպեսզի մենք կարողանանք պաշտպանել նաև այն անձանց, որոնք ոչ պաշտոնապես են գրանցել իրենց ամուսնությունը, բայց համարվում են ընտանիք  և բռնության են ենթարկվում այդ անձի կողմից, պիտի կարողանանք պաշտպանության մեխանիզմներ ունենալ, իսկ օրենքը դա թույլ չի տալիս այս պահին»,- ընդգծեց նախարարը։

Նա ասաց, որ ներկա օրենսդրությամբ դատավորին կամ քննիչին շատ լայն լիազորություններ են տրված՝ կամայական որոշումներ կայացնելու։ Այս փոփոխությունը ուղղված է նաև դա նվազեցնելուն և ընտրությունը դատավորին, քննիչներին կամ իրավապահ մարմիններին չթողնելուն. «Օրենքով պետք է ամրագրել, որ ընտանեկան բռնությունը կարող է կիրառվել նաև զուգընկերոջ կողմից, որը մարդն է, ում հետ ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէ»։

Նախարար Բաթոյանի մտքով չէր անցել, որ «զուգընկեր» հասկացությունը կարելի է մեկնաբանել ամուսնությունից առաջ ունեցած կապի դեպքում, բայց չհերքեց, որ դա ևս հնարավոր է. «Դրան միտված չէ, զուգընկերը՝ նախկին է, ներկա է, կարևոր չէ, եթե զուգընկերն է, ուրեմն զուգընկերն է։ Եթե նրա կողմից է բռնության ենթարկվել, մենք այստեղ խոսում ենք բռնության կոնտեքստում։ Եթե մարդուն պետք է աջակցություն ցուցաբերենք, որպեսզի հասկանանք՝ կարող ենք այս կամ այն մարդու հանդեպ իրավական այս նորմը կիրառել, մենք պիտի կարգավիճակը հասկանանք։ Սրա տակ այլ թեմաներ փնտրել ամենևին պետք չէ։ Նպատակը մեկն է՝ մարդուն պաշտպանել այն իրավիճակում, որը կա Հայաստանում»։

Զարուհի Բաթոյանի համոզմամբ՝ սա հայաստանյան տիպիկ իրավիճակ է, և պետք է օրենքները հարմարեցնել պրակտիկային։

Իրավիճակը տիպիկ հայաստանյա՞ն է, թե՞ ոչ, թերևս կպարզի Բուլղարիայի օրինակը, որտեղ կանանց դեմ բռնության կանխարգելման Ստամբուլյան կոնվենցիան Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել՝ մեկնաբանելով, որ կառավարությունն առայժմ պատրաստ չէ հանրության հետ խոսելու այս թեմայով։ Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը պատրաստ է այս թեմայով խոսել հանրության հետ այս պահին, երբ կոնվենցիայի դեմ ստորագրահավաքներ են նախաձեռնվում, Բաթոյանն ասաց՝ հարցն իրեն ուղղված չէ, ԱԺ-ն պետք է որոշի։ Իր դիրքորոշումը հստակ է. «Իմ անձնական դիրքորոշումն է, որ կանայք պետք է պաշտպանված լինեն բռնությունից»։

Ավելի վաղ Yerkir.am-ը հարցազրույց էր անցկացրել Եվրոպայի կանանց լոբբիի՝ Բուլղարիայի հարթակի համահիմնադիր և նախագահ Իլիանա Բալաբանովայի հետ, որը՝  «Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է նաև Եվրոպայի մի մասում. ինչո՞ւ է Բուլղարիայի ՍԴ-ն մերժել փաստաթուղթը», հրապարակման մեջ խոսել է իրենց երկրում Ստամբուլյան կոնվենցիայի փշոտ ճանապարհի մասին։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում։   

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica