close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թերուսումնասիրված մոլորակ. տարօրինակ և անակնկալ փաստեր Երկրի մասին

Խճանկար

25 Նոյեմբերի 2019, 14:24
 Թերուսումնասիրված մոլորակ. տարօրինակ և անակնկալ փաստեր Երկրի մասին

Երկիրը, հավանորեն, Արեգակնային համակարգի միակ բնակեցված մոլորակն է: Ընդ որում՝  կյանքն այստեղ ի հայտ է եկել գործնականում դրա ձևավորումից անմիջապես հետո՝ 4.25 մլրդ տարի առաջ: Այդ ընթացքում մոլորակի շուրջը հասցրել է առաջանալ ու քայքայվել օղակների համակարգ, մոլորակից մի կտոր պոկվել ու տիեզերք է սլացել, իսկ ցիանոբակտերիաները հանգեցրել են Homo sapiens-ի ի հայտ գալուն: Yerkir.am-ը ներկայացնում է ՌԻԱ «Նովոստի»-ի հոդվածն այս և այլ հետաքրքիր փաստերի ու վարկածների մասին:

 

Երկիրն օղակներ ուներ, ինչպես Երևակը (Սատուրն)

Մոտ 715 մլն տարի առաջ Երկիրն ամբողջությամբ պատված էր ձյան ու սառույցի շերտով: Նույնիսկ հասարակածում՝ մոլորակի ամենատաք մասում, ջերմաստիճանը -20 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի,  չէր բարձրացնում:

Այդ ժամանակաշրջանը, որը տևեց 120 մլն տարի, գիտության մեջ կոչվում է որպես Համաշխարհային սառցակալման շրջան:Վարկածներից մեկի համաձայն՝ հենց ձյան ու սառցի հավերժական թագավորությունը ծնեց Քեմբրիի պայթյունը՝ տարբեր կենդանի օրգանիզմների կտրուկ աճը: Իսկ սառցակալումն այլ համաշխարհային իրադարձության՝ Երկրի շուրջ օղակների ձևավորման հետևանք էր: Ամերիկացի գիտնականներ Փիթեր Ֆոսեթը և Մարկ Բոսլոուն ենթադրում են, որ մինչև սառցե գունդ դառնալը մեր մոլորակի վրա աստղակերպ է ընկել: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ դրանից առաջացած քարաբեկորները, ընկնելով միջերկրային տարածություն, ձևավորել են օղակներ: Դրանց ստվերը խանգարել է Արեգակի ճառագայթներին՝ թափանցել մոլորակի արևադարձային շրջանները, ինչն էլ հանգեցրել է սառցակալման: Սակայն օղակների համակարգն անկայուն է եղել և բավականին արագ, իհարկե՝ աստղագիտական չափանիշներով, քայքայվել: Դրան նպաստել են Լուսնի մակընթացային ազդեցությունը և արևային քամիները, որոնք հետզհետե ցրել են օղակների մանր բաղադրիչները:

Ի դեպ, ըստ ամերիկացի գիտնականների, օղակները մեկ անգամ չէ, որ ձևավորվել են:

Այսպես՝ 34 մլն տարի առաջ տեղի ունեցած կտրուկ սառցակալումը և դրան հետևած՝ կենդանի օրգանիզմների զանգվածային ոչնչացումը նույնպես կարող են լինել աստղակերպի հետ բախման և մերձմոլորակային օղակների ձևավորման հետևանք:

Լուսինը Երկրի մաս է եղել

Լուսնի վրա ամերիկացիների վայրէջք կատարելուն չհավատացողների փաստարկներից մեկն այդ երկնային մարմնից բերված բնահողն է. այն համապատասխանում է երկրայինին՝ տիտանի, թթվածնի և այլ տարրերի իզոտոպների մասնաբաժինների ճշտությամբ: Սակայն բանը տիեզերական փորձանմուշները կեղծելը չէ, պարզապես մի քանի միլիարդ տարի առաջ Լուսինը մեր մոլորակի մասն է եղել:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ Երկրի ձևավորումից անմիջապես հետո մոլորակը բախվել է Մարսի չափերով տիեզերական օբյեկտի հետ՝ անվանում են Թեա: Բախումը տեղի է ունեցել ուղիղ անկյան տակ՝ հսկայական արագությամբ: Թեան խոցել է «պատանի» Երկրի կեղևը, ամբողջությամբ հալվել ու տարրալուծվել մոլորակի ապարներում: Այդ համաձուլվածքի մի մասը սլացել է տիեզերք ու կամաց-կամաց կազմավորվել որպես Լուսին:

Ամենահին երկրաքարը հայտնաբերվել է Լուսնին

Երկիրը  ձևավորվել է մոտ 4.5 մլրդ տարի առաջ՝ նախամոլորակային սկավառակից, գազից ու փոշուց, որոնք մնացել էին Արեգակի ծննդից հետո: Այդ ժամանակ մոլորակը մեծ կրակե գունդ է հիշեցրել՝ պատված մագմայի օվկիանոսով: Այն հետզհետե սկսել է սառչել և վերածվել պինդ տիեզերական մարմնի: Արդեն 100 մլն տարի անց մոլորակի մակերեսին առաջացել են քարեր. գիտնականները դա ապացուցել են ինչպես մոլորակում, այնպես էլ դրա սահմաններից դուրս հայտնաբերված երկնային ամենահին ապարների տարիքով: Երկրագնդի ամենահին նյութը ցիրկոնի փոքր բեկոր է՝ հայտնաբերված Ավստրալիայի արևմուտքում: Երկրաքիմիկոսները, հաշվարկելով կապարի և թթվածնի հարաբերակցությունը (այդպես են որոշում երկրային ապարների տարիքը) պարզել են, որ ցիրկոնի բեկորը 4,4 մլրդ տարեկան է, այսինքն՝ ձևավորվել է մագմայի սառչելուց անմիջապես հետո:  Մոտավորապես նույն տարիքին է ցիրկոնից, քվարցից ու դաշտային շպատից բաղկացած մեկ այլ երկրային քար, որը եղել է 1971 թվականին Լուսնից բերված գլաքարում: Հետազոտողները պարզել են, որ «երկրացին» ձևավորվել է մոլորակի՝ 20 կմ խորքում: Այնտեղ էլ եղել է այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվել տիեզերքում: Դա կարող էր տեղի ունենալ այն ժամանակ, երբ Լուսինը պոկվեց Երկրից Թեայի հետ բախումից կամ մոլորակի վրա հսկայական երկնաքարի ընկնելուց հետո:

Ապագայում Երկրում կլինի ընդամենը մեկ մայրցամաք

Մոտ 300 մլն տարի առաջ երկրագնդում կար մեկ գերմայրցամաք՝ Պանգեան: Այն բաժանվեց երկու մասի՝ Լավրասիա և Գոնդվանա, դրանք էլ՝ 8՝ Եվրասիա, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ, Աֆրիկա, Ավստրալիա, Անտարկտիդա, Արաբական թերակղզի և Հինդուստան:

Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ 250 մլն տարի հետո մայրցամաքները դարձյալ կմիավորեն՝ ստեղծելով մեկ գերմայրցամաք: Որոշ գիտնականներ այն անվանում են Վերջին Պանգեա, ոմանք էլ՝ Աուրիկա կամ Ամասիա: Միասնական կարծիք, թե ինչպիսին այն կլինի և որտեղ կգտնվի, չկա:

ԱՄՆ Իելի համալսարանի երկրաբանները ենթադրում են, որ Վերջին Պանգեան կհայտնվի իր հնագույն նախորդի աշխարհագրական կենտրոնից 90 աստիճան հեռու, այսինքն՝ նոր մայրցամաքը կլինի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի տեղում: Այլ վարկածով՝ գերմայրցամաքը կհայտնվի Պանգեայի՝ անկյունագծորեն հակառակ կողմում և շրջապատված կլինի Խաղաղ օվկիանոսով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica