close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե անցնեն սահմանագիծը՝ հեղափոխություն արած մարդկանց կստիպեն փնտրել նոր քաղաքական ուժ. ԵՊՀ դասախոս

Հարցազրույց

25 Նոյեմբերի 2019, 11:06
 Եթե անցնեն սահմանագիծը՝ հեղափոխություն արած մարդկանց կստիպեն փնտրել նոր քաղաքական ուժ. ԵՊՀ դասախոս

Yerkir.am-ը շարունակում է մտավորականության հետ քննարկել ԿԳՄՍ նախարարության առաջարկած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:

Այս անգամ զրուցել ենք Երևանի պետական համալսարանի դասախոս, գրականագետ, բանաստեղծ, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանի հետ:

-Ի՞նչ կարծիք ունեք ԿԳՄՍՆ-ի կողմից առաջարկված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի մասին:

-Այն խնդիրները, օրինակ` հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը, որոնք իսկապես պետական, գերատեսչական վերաբերմունքի ու հսկողության կարիք ունեն, իբրև թե թողնվում են բուհերի հայեցողությանը, իսկ այն խնդիրները, օրինակ՝ ռեկտորի ընտրությունը, որ ամբողջությամբ պետք է հանձնվեն բուհական խորհուրդների տնօրինությանը, պահվում են գերատեսչական հսկողության ներքո: Ինչո՞ւ եմ ասում՝ իբրև թե թողնվում են, որովհետև հսկողության տակ պահելով բուհի ղեկավարի ընտրությունը` ըստ էության, ռեկտոր է նշանակվելու այն թեկնածուն, որը տնօրինելու է հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը նույնպես. սա փոքրոգի խորամանկություն է: Հետո՝ խորհրդում տնօրինելով ձայների 50 տոկոսը, նախարարությունը, փաստորեն, ցանկացած պահի կարող է առնվազն վիժեցնել բուհի ներկայացուցիչների յուրաքանչյուր նախագիծ: Եվ այս դեպքում երեսպաշտություն չէ՞ հայտարարել, թե ընդլայնվում է բուհական ինքնավարությունը:

Այս պայմաններում՝ տեսնելով, թե ինչպիսի հեգնական վերաբերմունք կա հայագիտության նկատմամբ, արդեն պարզ է դառնում, որ բուհերում հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը հայտնվելու է աղքատ բարեկամի կարգավիճակում: Ուրեմն անչափ վատ եմ վերաբերվում ներկայացվող նախագծին: Այն հիշեցնում է մեր երկրի վերջին սահմանադրական փոփոխությունները, որոնք երկրի գլխավոր օրենքը հարմարեցրել են մեկ անձի: Այս նախագծով պահպանվում է նախարարության համար բուհերի խամաճիկային վիճակը: Եվ այստեղ որևէ դրական փոփոխություն չկա: Ուրեմն այս նախագծի նպատակն այլ տեղ պետք է փնտրել…

- Այդ նախագծով նախատեսվում է բուհական ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնել հայագիտական առարկաները, սա ծիծաղելի չէ՞, մանավանդ, երբ մի շարք օտար լեզուներ մեր երկրում պարտադիր ուսուցման առարկաներ են:

-Շարունակեմ վերևում կիսատ թողածս «ուրեմն»-ը. ուրեմն՝ այդ «փոփոխությունների» նպատակը հենց բուհական ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու մեջ պետք է փնտրել: Ոչ, ծիծաղելի չէ: Եթե հայոց լեզվին բուհական տարեկան ժամաքանակի միայն մոտ մեկ տոկոսն է հատկացված, ու Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը դա էլ է շատ համարում, ողբերգական է: Մի՞թե առնվազն ձեռքերը լվանալ չէ, երբ ասում են` դուք որոշեք` հայոց լեզո՞ւն եք ընտրում, թե՞ Բարաբային, կամ` գնացեք, իրար հետ լեզու գտեք...

-Նախարարի վարած քաղաքականության մեջ միտում տեսնո՞ւմ եք, չե՞ք կարծում, որ այս ամենը նաև դիտմամբ է արվում:

- Իհարկե, միտում չտեսնել հնարավոր չէ, միտում, որ բխում է նրա` մայրենի լեզվի մասին ոչ համապարփակ պատկերացումներից: Նախագծի հիմքում լեզուն սոսկ որպես հաղորդակցության միջոց ընկալելու գռեհիկ օգտապաշտական (պրագմատիստական) կեցվածքն է: Բայց հատկապես բուհական տարիքում է, որ մարդը սկսում է լեզուն ընկալել որպես մտածողական գործիք ու մտածողություն՝ ընդհանրապես: Տեսնում եմ միտում անտեսելու ինքնության խնդիրներով զբաղվող մասնագետների կարծիքն ու մեր ինքնությանը վերաբերող խնդիրների լրջագույն, օր օրի սրվող մարտահրավերները, միտում՝ ջայլամի պես գլուխներս ավազի տակ թաքցնելով՝ քամակներս (ներողություն) եվրոպական քամիներին տալու: Լավ, մենք չե՞նք կարող մեզ վրա կենտրոնանալ, մեր կարիքները առաջին հերթին մեր ու հետո միայն աշխարհի պահանջներին համապատասխան լուծել: Մենք կարո՞ղ ենք ասել` այսինչ եվրոպական երկիրը բանակ չի պահում, մենք էլ չպահենք...

-Անցյալ տարի, նույն ԿԳՄՍՆ-ի որոշմամբ, գլխատվեց մեր մանկական մամուլը, հայագիտության հանդեպ «պատահականությունները» շատ չե՞ն:

-Դրանք պատահականություններ չեն, կա՛մ մշակված քաղաքականության, կա՛մ սովորական անտեղյակության ու անկարողության հետևանք են: Ուզում եմ գոնե երկրորդը մտածել: ԿԳՄՍ նախարարությունում թվաց, թե ավանդական մանկապատանեկան մամուլը նախորդների հովանավորյալն է: Երևի անտեղյակ են, թե քանի անգամ ենք նախորդ իշխանությունների դեմ մահուկենաց կռիվ տվել, որպեսզի ապրեցնենք «Աղբյուրը», «Կանչը», «Ծիծեռնակը»… Բայց եթե մենք այնպես ենք վերակառուցելու դպրոցը, ինչպես այս տարի «վերակառուցեցինք» դպրոցական օժանդակ գրականությունը, այսինքն՝ մանկապատանեկան մամուլը, խոսելն ավելորդ է դառնում: ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ դպրոցներ է առաքվում անգրագետ, տառասխալներով, անհաշվելի կետադրական սխալներով պարբերական: Սա խոսում է նախարարությունում հայոց լեզվի, հայեցի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքի ոչ պատշաճ մակարդակի մասին: Դրանք, փաստորեն, անկարևոր են համարվում, կարևորն այն է, որ մրցույթ անցկացվի (ընդ որում`միակ` էժան գնի նախապատվության չափանիշով), իսկ թե այդ «մրցույթի» հետևանքով ի՞նչ է հասնելու աշակերտին, երկրորդական է... Ու եթե այս` մանկապատանեկան մամուլի՝ համեմատաբար փոքր հարցում նախարարությունը բացահայտորեն ձախողվում է, ինչպե՞ս վստահ լինես, որ կկարողանա ավելի ընդգրկուն խնդիր լուծել, հոնքը շինելու տեղ աչքը չհանել:

-Եթե նախարարն անդրդվելի մնա, ի՞նչ եք պատրաստվում անել:

- Նախ՝ կարծում եմ, որ նախարարը չի կարող անդրդվելի մնալ, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ նրա քայլերը սպառնալիք են դառնում հեղափոխության վարկանիշին ու նաև վարչապետի հեղինակությանը, քանի որ հայ հասարակությունն անչափ զգայուն է իր ազգային ինքնագիտակցության, ինքնության ու ինքնասիրության հարցերում: Եվ պետք չէ փարիսեցիաբար հայտարարել, թե՝ ի՞նչ եք ուզում, հայոց լեզուն բուհ ընդունվելու համար պարտադիր է դառնում: Իսկ ուրիշ ի՞նչ կերպ պետք է լիներ: Թե՞ պետք է շարունակվեր այդ հարցում նախկին իշխանությունների աչքակապությունը:

Ինչ եմ պատրաստվում անե՞լ: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում հայոց լեզվի, հայոց պատմության դասավանդմանը վերաբերող՝ հանիրավի բարձրացված հարցը, Ամուլսարի հարցը, տխրահռչակ կոնվենցիայի հարցը շատ-շատ քաղաքացիների մտքում այն սահմանագծերն են, որոնք եթե իշխանությունները հաշվի չառնեն, հեղափոխություն արած մարդկանց կստիպեն փնտրել նոր քաղաքական ուժ: Ես ինձ համարում եմ հեղափոխությունը նախապատրաստած ու արած մարդկանցից մեկը:

-Ուսանողների դասադուլին ինչպե՞ս եք նայում:  

-Տխուր ու նաև՝ լավ, քանի որ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, հայոց պատմության ու հայ գրականության պարտադիր դասավանդման հարցն արժանի է նման ծայրահեղ պաշտպանության: Ես կոչ արեցի ուսանողներին՝ վերադառնալ լսարաններ ոչ այն պատճառով, որ համաձայն չեմ նրանց հետ, այլ՝ որ նախարարը պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել, ու ինձ թվում է՝ հարցը դեռ երկար է մնալու որպես բաց վերք, ու պետք չէ ժամանակից շուտ «արնաքամվել»:  

Որո՞նք են լինելու Ձեր առաջիկա քայլերը:  

- Կարծես, այս հարցը վերևում շոշափեցի, բայց լրացնեմ՝ պետք է սպասել, մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հեղինակները ճիշտ գնահատեն այն ուժը, որն ընդդիմանում է շրջանառվող փաստաթղթին, մինչև որ նրանք դադարեն խաբել իրենց, թե ընդդիմացողները մի քանի կուսակցականներ են. օրինակ՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ նախարարի հանդիպումը կարող է օգտակար լինել ընդդիմացող թևի մասշտաբներն իրականին մոտ պատկերացնելու համար: Դասախոսներն ու գիտնականները ոչ միայն ի պաշտոնե են խոսում, այլև որպես հայ հասարակության մեջ տրամադրություններ ստեղծելու և հասարակությունն ուղղորդելու հսկայական ներուժ ունեցող քաղաքացիներ:

Նախագիծը օրենք դառնալու դեպքում էականորեն կնսեմացվի մեր հեղափոխությունը, և առիթ կստեղծվի նրա հակառակորդների համար՝ անընդհատ ջուր պղտորելու: Կարծում եմ՝ նախ պետք է ակտիվ լինել նախագծի քննարկումների ժամանակ:

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica