close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն- 30

Քաղաքական

21 Նոյեմբերի 2019, 17:46
 Հայ դիվականության պատմություն- 30

1996թ. աշնանը,ընտրություններում խայտառակ «հաղթանակ» տանելուց հետո,չգիտես ինչու,վարչապետի պաշտոնում հրավիրվեց Լոնդոնում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը,որը մտավորական էր` քաղցր-մեղցր արտաքինով,համակարգչային ծրագրավորող,համալսարանական անթերի անցյալով։ Եվ հենց ինքը,երեք ամիս չանցած,վարչապետի դեմ հանեց իր ուժայիններին։ Լուրերի համաձայն` վարչապետին խայտառակ ծեծի ենթարկեցին սեփական գրասենյակում։ Արդեն 1997թ. փետրվարի սկզբին նա դիմեց ամոթալի ՓԱԽՈՒՍՏԻ դեպի Լոնդոն`իբր գործուղման,որից այլեւս չվերադարձավ։ Մի քանի օր հետո կայացավ նրա հեռախոսային մամուլի ասուլիսը (Լոնդոնից) Երեւանում նստած հայ լրագրողների համար։ Դեռեւս գործող վարչապետը տխուր ձայնով իր փախուստը բացատրում էր հիվանդությամբ եւ երկարատեւ բուժման անհրաժեշտությամբ,ընդ որում` այդ ամենի մասին պատմում էր այնպիսի անդրշիրիմյան ձայնով,որ հարց տվողներն ամաչեցին իրենց հարցերից,իսկ լրագրողների թիմից նրբազգաց տիկինները հուզմունքից արտասվեցին։

Սակայն ուժայիններին նոր վարչապետի դեմ հանելու հարցում ես,հավանաբար,չափազանցեցի։ Ավելի ճիշտ կլիներ ասել,որ չկարողացավ կանխել հարձակումը եւ չուզեց պատժել մեղավորներին,այսինքն` պաշտոնազրկել բռնացողներին։ Ի դեպ,իր համար նախագահն արեց որոշակի եզրակացություններ,մասնավորապես հասկացավ,որ անհրաժեշտ է պաշտպանվել սանձարձակ ուժայիններից,որոնց ամբողջությամբ պարտական էր գահը պահպանելու համար։ Եv հետեւելով իր համար պաշտելի Մաքիավելիի խորհուրդներին,շտապ կարգով Ստեփանակերտից դուրս գրեց այնտեղի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար։ Հաշվարկը հանճարեղության աստիճան պարզ էր։ Քոչարյանը լուրջ տարաձայնություններ ուներ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հետ,որին ոչ մի կերպ չէր կարող հակադրվել։ Երեւան գալու հրավերը Քոչարյանի համար ոչ ավելի, ոչ պակաս Սյամոյի ճանկերից փրկվելու առիթ էր,քանի որ ինչպես հայրենիքի,այնպես էլ անձնական թշնամիների նկատմամբ անխնա ու դաժան Սյամոն սկսել էր բացահայտորեն նրա տակը փորել։ Քոչարյանն անկեղծորեն երախտապարտ էր փրկչին,ինչը սկզբնական շրջանում բացահայտորեն ցուցադրվում էր. բայց այդ մասին ավելի ուշ։

Կային նաեւ այլ պատճառներ,եթե ոչ այդքան պարզ,սակայն նույնքան ծանրակշիռ, որոնք ստիպեցին Լ.Տ.Պ.-ին ու նրա մերձավոր շրջապատին,այդ թվում նաեւ՝ ուժայիններին ու առաջին հերթին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին,ընտրության հարցում կանգնել  Ռոբերտ Քոչարյանի վրա. առանց շրջապատի եւ այն ժամանակ արդեն մեծ ուժ ներկայացնող սպարապետի համաձայնության վարչապետ նշանակելն անկարելի կլիներ։

Բավականին հիմքեր ունենալով՝ Լ.Տ.Պ.-ն հույս ուներ Քոչարյանի օգնությամբ կարգի հրավիրել սեփական ուժայիններին,քանի որ Ղարաբաղի նախկին նախագահը,Երեւան տեղափոխվելով,ինքնավստահ ղարաբաղցիների,այդ թվում եւ Սյամոյի համար,դառնում էր խորհրդանիշ,դրոշ եւ, սեփական զգացմունքները անտեսելով, պետք էր այն գուրգուրել ու պաշտել։ Հիրավի,Քոչարյանին վարչապետ նշանակելուց հետո նրան չսիրող ու հակակրող Սյամոն հրապարակավ սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն վիրավորել ղարաբաղցիների սիրեցյալին։ Դե փորձիր դրանից հետո մատով դիպչել նոր վարչապետին։ Դրա անհեռանկար լինելը հաստատեց նաեւ ինքը՝ Քոչարյանը,երբ առաջին անգամ, որպես վարչապետ,վիրակապված ձեռքով մտավ խորհրդարան ու առանց որեւէ կատակի շտապեց վստահեցնել,որ իրեն ոչ ոք չի ծեծել ու ինքը չի տեսնում որեւէ մեկի,որ նման քայլի դիմելու համարձակություն ունենա։

Վազգեն Սարգսյանն էլ ուներ իր նկատառումները՝ Ռոբերտի մեջ տեսնելով այն անձնավորությանը,որի օգնությամբ կարող էր վերջ տալ Հայաստանի իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող Սյամոյի ֆինանսական կայսրությանը։ Վերջինս այդ ժամանակներում իր թաթը դրել էր ամբողջ հայկական ծխախոտային շուկայի վրա։ Ղարաբաղցի այս մագնատի խոցելի տեղերը Քոչարյանը շատ լավ գիտեր,բայց միայնակ չէր կարող պայքարել Սյամոյի դեմ։

Մի խոսքով՝ վարչապետի պաշտոնում Քոչարյանի նշանակման հետ բոլոր կողմերը որոշակի հույսեր էին կապում, եւ բոլորն էլ գոհ էին,մանավանդ՝ ղարաբաղցիները,որովհետեւ իրենց Ռոբերտին Երեւան «տեղափոխելը» կնշանակեր Ղարաբաղի եւ Հայաստանի վերջնական միավորում։ Այս առիթով ժամանակին Լ.Տ.Պ.-ն սրամտորեն կատակեց,երբ Հեյդար Ալիեւը ներկայացրեց իր հիմարագույն բողոքը Քոչարյանի նշանակման առիթով,թե ինչպե՞ս կարելի է Հայաստանի վարչապետ նշանակել Ադրբեջանի քաղաքացուն,Լ.Տ.Պ.-ն ասաց,որ չի հասկանում Ալիեւի մտահոգությունը,ինքը,օրինակ,կողջուներ,եթե Ադրբեջանի վարչապետ նշանակվեր Հայաստանի քաղաքացի։

Ամենայն հավանականությամբ, Քոչարյանի նշանակումը որոշվել էր առանց նրան տեղյակ պահելու։ Համենայնդեպս,երբ նրա նախորդը երկու շաբաթ անհասկանալի պատճառներով երկրից բացակայելուց հետո Լոնդոնից հեռախոսով հրաժարական տվեց,Քոչարյանը դեռ չգիտեր պատրաստվող փոփոխությունների մասին եւ շարունակում էր կատարել իր նախագահական պարտականությունները։ Տեղի ունեցող իրադարձությունների մասին հաղորդեց կոմունիստների ղեկավար Սերգեյ Բադալյանը,որի հետ Քոչարյանը պատրաստվում էր մեկնել Մոսկվա՝ իրարից այնքան էլ չտարբերվող կոմունիստների եւ Դումայի ղեկավարների հետ հանդիպելու նպատակով։ Իմիջիայլոց,Ղարաբաղի նախագահին վերջիններս ցույց տվեցին ծայրաստիճան ոչ սիրալիր վերաբերմունք,որն, ըստ երեւույթին, պատճառ հանդիսացավ հետագայում Քոչարյանի եւ Բադալյանի հարաբերությունների սառեցման։

Ես ինչպես միշտ շեղվեցի։

Ինչպես վկայում են ականատեսները,Քոչարյանին վարչապետ նշանակելուց անմիջապես հետո Լ.Տ.Պ.-ն հեռացավ գործերից՝ կասկած չունենալով,որ եկել է մինչեւ նախագահական երկրորդ ժամկետի լրանալը դափնիների վրա հանգչելու ժամանակը։ Նույնիսկ իրեն թույլ տվեց այնպիսի մի լկտի սրամտություն,երբ այն հարցին,թե արդյո՞ք պատրաստ է երկրորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում,պատասխանեց՝  եթե ժողովուրդը շատ խնդրի։ Բայց ժողովուրդը չէր պատրաստվում դա անել,արտասուքն աչքերին չէր պատրաստվում դա անել նաեւ նրա մերձավոր շրջապատը,քանի որ արդեն հասկացել էր,որ ՆՄԱՆ նախագահն այլեւս չի կարող պաշտպան եւ հենարան հանդիսանալ։ Իշխանության բոլոր իրական լծակները հանձնելով ուժայինների եւ վարչապետի ձեռքը՝  Լեւոն Տեր-Պետրոսյանը ցույց տվեց,որ սկսել է կորցնել իր քաղաքական զգոնությունը։ Հասկանալի դարձավ, որ իր կողմից ստեղծված թերի վարչակարգն այլեւս չի կարող ղեկավարվել լիբերալ սկզունքներով եւ կտապալի հենց իրեն՝ Լ.Տ.Պ.-ին։ Վարչակարգն ուժեղ ձեռքի կարիք ուներ, եւ այդ ձեռքը փորձում էր գտնել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մեջ,որը 1997թ. գտնվում էր փառքի եւ ուժի գագաթնակետում։ Դա հասկանալի էր.  Ղարաբաղի պատերազմի հաղթողը (ինչը միայն մասամբ էր ճիշտ), անվախ,հանդուգն քաղաքական գործիչը,բացահայտ ռուսաստանյան կողմնորոշմամբ,որը լայն զանգվածներին շատ դուր էր գալիս, եւ սրանք տարբեր առիթներով կրկնում էին 1996թ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խ. Սոլանային տված՝ նրա համարձակ պատասխանը։

Մարդկանց վրա նա թողնում էր երկակի տպավորություն՝ մեկը նրա ծայրահեղ պոռթկուն բնավորությունն էր, խոսքի անհարթությունը,անհամապատասխանությունը, մյուսը նրա իսկական հայրենասիրությունը,որ հաճախ ֆանատիզմի էր հասնում,արտակարգ հիշողությունը,բնական խոր մտածելակերպը,եւ ինչն ամենազարմանալին է՝ հոգեկան պոռթկումների անկեղծությունը։ Նա բնածին տաղանդի տեր մարդ էր, եւ հասկանալի էր,որ պետք է փայլեր մեր պետական-քաղաքական ճահճի միջակությունների ֆոնին ու փայլեց։ Փայլեց,ինչն, ի վերջո, կործանեց նրան։        

Շարունակելի

     

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica