close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 28

Քաղաքական

19 Նոյեմբերի 2019, 17:32
 Հայ դիվականության պատմություն - 28

Այնուամենանիվ,դավաճանության մեջ մեղադրված ՀՀՇ-ն մտադիր չէր ամբողջությամբ հանձնվել։ Իշխանության կուսակցությունն ընտրեց նախագահին եւ նրա հենարաններին՝ բանակին ու իրավապաշտպան մարմիններին ոչ բացահայտ դիմադրություն ցուցաբերելու ճանապարհը,ընդ որում՝ հասարակության համար ամենավտանգավոր ձեւով։ Դա պարզ դարձավ արդեն հիշատակված՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ,երբ ՀՀՇ-ն, հենվելով քրեական տարրերի եւ տեղական ֆինանսական կլանների վրա,ամենուր դիմեց աներեւակայելի,չլսված կեղծիքների՝  իրենց  թեկնածուներին  ղեկավար պաշտոններում տեղավորելու համար։ Ամենաանփառունակ դերն այն ժամանակ կատարեցին տեղական ընտրական հանձնաժողովները,որոնք հիմնականում կազմված էին ՀՀՇ-ի դրածոներից եւ կամ էլ պառլամենտական ընտրություններում շահած «Հանրապետական» բլոկից։ Ընտրություններն առանց վերահսկողության տուփերը լցնելու հաշվին ընտրողների 10 տոկոսանոց մասնակցությունը դարձրեցին 20 տոկոս (մյուս քաղաքական կուսակցությունները բոյկոտել էին այդ ընտրությունները)։ Սրանով ՀՀՇ-ն կարողացավ ոչ միայն ցույց տալ իր ուժը,այլեւ նոր իշխանություններին նախազգուշացրեց իրենց հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին,քանի որ բոլոր նախաձեռնությունները նա կարող էր տապալել իրեն ենթակա համայնքներում եւ ստորին վարչական օղակներում։ Իշխանության նախկին կուսակցությունը կորցրել էր իր վաղեմի հզորությունը,նախագահը կարծես թե երես էր թեքել նրանից,ու այդ պայմաններում ՀՀՇ-ն կարծես թե նախագահին դրդում էր վերջ տալ ժողովրդավարական խաղերին արդեն իշխանության ստորին մակարդակի վրա,ինչպես դա արվեց իշխանության վերին օղակներում։ Օրինակ՝ մարզերի ղեկավարներ նշանակվում էին նախագահի կողմից։ Բացառված չէ,որ ընտրակարգի վերջնական «վարկաբեկմանը» ձգտում էր նաեւ նախագահը,որը ոչինչ չարեց տեղական մարմինների ընտրություններում կատարված խայտառակությունները կանխելու համար։ Գուցե այն հույսն ուներ,որ ընտրությունների արդյունքները եւ «ընտրվածների» վարքագիծն այնպիսի կլինի,որ առանց հաշվի նստելու հասարակական կարծիքի հետ,ինքն ի վիճակի կլինի գործադիր իշխանության բոլոր օղակներում՝ վերեւից ներքեւ,դե ֆակտո հաստատել նշանակովի ինստիտուտը։ Թվում էր,թե երկիրը գնում է եթե ոչ դեպի դիկտատուր,ապա ավտորիտարիզմ։

1996թ. նոյեմբերի 20-ին հայկական անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցները հրապարակեցին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւերը,որոնցում շատ կոշտ եւ անկողմնակալ գնահատականներ էին տրվում Հայաստանի իշխանությունների գործունեությանը՝ ընդհուպ մեղադրանքներ ներկայացնելով ընտրությունների ընթացքում հակաժողովրդավարական դրսեւորումների մեջ։ Այս փաստաթուղթը Հայաստանի ղեկավար շրջանակներին եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին կանգնեցրեց ծայրաստիճան նուրբ իրավիճակի առջեւ։ Մի կողմից՝ բողոքել կամ շրջանցել Եվրախորհրդարանի արձանագրությունը՝ կնշանակեր եվրոպական կառույցներից դուրս մնալ,որն իր հերթին կհանգեցներ բացասական հետեւանքների թե՛ երկրի տնտեսության եւ թե՛ երկրի միջազգային հեղինակության բնագավառներում։ Բացի դրանից՝ Լ.Տ.Պ.-ն շատ լավ գիտեր,թե ի՞նչ է պատահում այն ղեկավարների հետ,որոնցից երես է դարձնում  «համաշխարհային հասարակությունը»։ Մյուս կողմից,ճանաչել ու համաձայնել Եվրախորհրդարանի քննադատության հետ՝ կնշանակեր կատարել նրա պահանջները նոր ընտրություններ կատարելու մասին այն ընտրատեղամասերում,որտեղ արձանագրվել են լուրջ խախտումներ։

Սակայն Հայաստանի օրենսդրական կարգով ընտրությունների արդյունքների վերանայումը չի կարող լինել միայն մասամբ,այն պետք է լինի միայն ամբողջական։ Դրանից կարելի էր խուսափել միայն մի շինծու գործընթացի ճանապարհով,որը կոչվեց «Երկու նախկին նախագահական թեկնածուների կողմից ներկայացված բողոքի քննարկում Սահմանադրական դատարանում»։ Բողոքարարները Վազգեն Մանուկյանը եւ Աշոտ Մանուչարյանն էին։ Խոսքը վերաբերում էր թվով 94 ընտրատեղամասերի,որտեղ հայտնաբերվել եւ հրապարակվել էին ամենամեծ թվով խախտումները։

Մեղադրանքը,անշուշտ,մերժվեց, ինչպես նաեւ՝ «ՆՈՐ» ընտրություններ անցկացնելու հնարավորությունը,որը միանշանակ անընդունելի էր Լ.Տ.Պ.-ի եւ իշխող վարչակարգի կողմից,քանզի առաջին թեկնածուի պարտությունը եւ երկրորդի անկումն անխուսափելի էին՝ անկախ բոլոր տեսակի կեղծարարություններից։

Եվրախորհրդարանի նշված բանաձեւը ներքաղաքական խնդիրը դարձրեց միջազգային քաղաքական խնդիր,որին էլ երկու ամիսների ընթացքում ձգտում էր միացյալ ընդդիմությունը։ Ընդդիմության հույսերն արդարացան։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի զուսպ մեկնաբանության,որը խոսում էր այն մասին,որ ԱՄՆ-ը չէր ուզում գրգռել Հայաստանի ղեկավարությանը եւ վերջնականապես նրան հրել Ռուսաստանի գիրկը, եվրոպական պառլամենտականները բացահայտորեն եւ միանշանակ պաշտպանեցին ՍԿԶԲՈՒՆՔԸ՝ մեղքերը քավելով սեփական այն սխալի համար,երբ քաղաքական նկատառումներով Հայաստանի պառլամենտական ընտրությունները հայտարարեցին «ազատ,բայց անարդար»։

Եվրախորհրդարանի բանաձեւի նկատմամբ իշխանությունների արձագանքը կարելի է անվանել ջղային,եթե ոչ՝ հիմար։ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը՝ գետնասկյուռի կերպարանքով մի անձնավորություն (Գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանի փեսան),«ցավ եւ տարակուսանք» հայտնեց նման փաստաթուղթ հրապարակ իջնելու կապակցությամբ,որն իբր թե կազմված է «չստուգված եւ ոչ ճիշտ փաստերի հիման վրա»։ Կարծես թե խոսքը բարոյապես ոչ այնքան կայուն հայկական մի հանդեսում Լ.Տ.Պ. –ի զոքանչի ողբերգական մահվան վերաբերյալ հրապարակված հոդվածի մասին էր։ Իսկ պաշտոնական մամուլը, ընդհանրապես բոլոր սահմաններն անցնելով, գրեց,որ Եվրախորհրդարանն իր որոշումն ընդունեց… Դաշնակցություն կուսակցության ճնշման տակ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica