close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համազգայինի հերթական անակնկալը. տեղի է ունեցել «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» և «Լևոն Շանթ. մարդը և գործը» գրքերի շնորհանդեսը

Հասարակություն

15 Նոյեմբերի 2019, 22:41
 Համազգայինի հերթական անակնկալը. տեղի է ունեցել «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» և «Լևոն Շանթ. մարդը և գործը» գրքերի շնորհանդեսը

Համազգային հայ կրթական, մշակութային միության` Երևանի գրասենյակը այսօր հաճելի անակնկալ է մատուցել ընթերցողներին։ «ԱրտԲրիջ» գրատուն-սրճարանում Համազգայինը ներկայացրել է Ավետիս Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի երկու նորահրատ՝ «Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը» և «Լևոն Շանթ. մարդը և գործը» գրքերը։ Ամիսներ առաջ էլ միության կողմից հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հրատարակվել էր «Թումանյանը. մարդը և բանաստեղծը» գիրքը։

Շնորհանդեսին ելույթ ունեցան անվանի գրականագետներ, լեզվաբաններ, պատմաբաններ և այլ մտավորականներ, որոնք արժևորեցին Վարդգես Ահարոնյանի ահռելի աշխատանքը՝ երկու մեծանուն հայերի՝ Անդրանիկի և Շանթի կյանքի՝ մինչ այս հանրությանը քիչ հայտնի փաստերը։

«Մենք Լևոն Շանթի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կազմակերպեցինք։ Այս գիրքը մեր փոքր տուրքն է մեր հանճարեղ գրողին և վերջին միջոցառումն է` նվիրված Շանթի 150-ամյակին։ Բոլոր այն հոդվածները, որոնք տպագրված են եղել սփյուռքում, առաջին անգամ են Հայաստանում լույս տեսնում։ Այս տարին խորհրդանշական էր` մեր պատմության երեք երևելիների՝ Հովհաննես Թումանյանի, Լևոն Շանթի, Կոմիտասի 150-ամյակն էր։ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի  հոբելյանները հավուր պատշաճի նշվեցին պետական մակարդակով, և դժբախտաբար, դարձյալ լուսանցքում մնաց Լևոն Շանթը։ Գուցե դա պայմանավորված է ժամանակներով, բայց մի հստակ գիտակցում պետք է ունենանք, որ ամեն բան անցողիկ է, և մշակույթն է մնայուն։ Լևոն Շանթը երբեք չի ենթարկվի որևէ ժամանակի, իշխանական մտածողության, սակայն նա միշտ ներկա է լինելու հայ մշակույթի ու գրականության մեջ, քանզի նրա թողած ժառանգությունը միշտ արդիական է։ Լևոն Շանթ հանճարը, որը գրել է «Հին աստվածներ», «Օշին պայլ», «Կայսր», չափից շատ կարևորում էր մարդուն, և կարծես, փիլիսոփայության է վերածվել նրա հրաշալի ասացվածքը՝ «Աշխատեցէք մարդ ըլլալ, մարդը տիեզերքի բարձրագոյն արժէքն է»։ Աշխատենք մարդ լինել, որ արժանի լինենք Լևոն Շանթի նման հանճարին»,- իր ելույթում նշեց Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի ղեկավար Ռուզան Առաքելյանը։

 

Անդրադառնալով Վարդգես Ահարոնյանի մյուս՝ «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» գրքին, արձակագիր, ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանը նշեց, որ Համազգայինը պատրաստվում է տպել նաև երրորդ՝ «Րաֆֆի» գիրքը. «Հայ ժողովրդին, Հայաստանի հայությանը վերադարձվում է մի կորած անուն, տաղանդավոր, ազգային, ազնիվ պետական մեծ գործչի անուն՝ Վարդգես Ահարոնյան։ Ահարոնյանը բավական մտերիմ է եղել Անդրանիկի հետ, ինչի մասին կարող է վկայել այն, որ Անդրանիկը մտերիմ է եղել նաև նրա հոր՝ Ավետիս Ահարոնյանի հետ, եղել է Անդրանիկի համհարզը, գրագիրը, թարգմանիչը, զորավարը բազմիցս եղել է նրանց տանը և այլն»։

Իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ բոլորը պարտավոր են զորավար Անդրանիկի մասին հրատարակված ցանկացած աշխատանք ներկայացնել հանրությանը՝ խոսելով զորավարի և՛ մարդակային, և՛ ռազմական տաղանդի մասին։ «Այս գիրքը զուտ հուշագրություն չէ։ Վարդգեսը, որ հորից ժառանգել էր գրելու տաղանդը, չէր կարող անմասն մնալ և հուշագրություն չթողնել Անդրանիկի մասին։ Սա ամփոփ տեղեկություն է Անդրանիկի կյանքի տարբեր փուլերի, նրա գործունեության, մարդկային տարբեր գծերի և միաժամանակ զորավարական տաղանդի մասին»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ սա երիտասարդ պատմաբանների համար կլինի սեղանի գիրք։

Գրականագետ Սուրեն Դանիելյանն էլ շնորհակալություն հայտնեց Համազգային հայ կրթական, մշակութային միությանը` նշելով, որ դա այն կազմակերպությունն է, որը երբեք չի կորցրել իր հեղինակությունը, որը  մեր մեջ պահեց ճշմարտության, հավատի, սիրո սերմը։

Ելույթ ունեցան նաև բանասիրական գիտությունների դոկտոր Վաչագան Գրիգորյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Պետրոսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանը և այլք։

Շնորհանդեսը ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ բոլորս էլ պարտավոր ենք արժևորել և մեծարել մեր այն մեծանուն գործիչներին, որոնք պատմության քառուղիներում իրենց պետականամետ, մշակութային և կրթական գործունեությամբ գալիք սերունդներին թողել են հսկայական ժառանգություն, որն ունակ չէ երբևիցե կորցնել իր լուսավորիչ առաքելությունը։

Արգամ Եղիազարյան

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica