close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենագետի բարդույթն է, որ իշխանության եկած մարդկանց խանգարում է․ Աշոտ Մելքոնյան

Քաղաքական

14 Նոյեմբերի 2019, 17:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենագետի բարդույթն է, որ իշխանության եկած մարդկանց խանգարում է․ Աշոտ Մելքոնյան

Անցյալ տարվա ապրիլ-մայիսին մեր ժողովուրդը անհնարինը հնարավոր դարձրեց, և իշխանության եկած մարդիկ այդ ամենը ընկալեցին որպես ամենազորություն, սա իր հետ բերեց նաև անսխալականության բարդույթ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ մեկնաբանելով հայագիտական առարկաները որոշ ֆակուլտետներից հանելու մտադրությունը և ամեն ազգայինի հանդեպ արհամարհական վերաբերմունք ստեղծելը։

«Եթե հայագիտական հաստատությունների ղեկավարները, ունենալով իրենց աշխատակիցների մանդատը, մամուլի ասուլիս են կազմակերպում և ասում՝ լսեք մեզ, և դեռ հավուր պատշաճի արձագանք չունենք, սկսում եմ մտածել, որ, ըստ երևութին, ամենագետի բարդույթն է, որ մարդկանց խանգարում է»,- ասաց նա։

Ամեն իշխանություն պետք է հասկանա, որ որքան առողջ ընդդիմություն լինի իր կողքին, այնքան հեշտ կլինի երկիրը կառավարել՝ ընդգծեց Աշոտ Մելքոնյանն ու հավելեց. «Իսկ եթե ընկար գլխապտույտի մեջ, տառապեցիր անսխալականության բարդույթով և քո դիմացինին չլսեցիր, չես կարող հաջողել»։

Հայագիտական հաստատությունների ղեկավարների մեկօրյա գործադուլին, ըստ նրա, պետք է հաջորդի խոհեմությունը՝ երկուստեք, պետք է սեղանի շուրջը նստեն, բանակցեն, թե վերջապես ո՞ւր ենք գնում։

Այդուհանդերձ, անգամ այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին ԳԱԱ գոյության մասին օրինագիծ մշակելն է, հաշվի չեն առնում, նույնիսկ չեն էլ հարցնում ակադեմիայի ներկայացուցիչների մասնագիտական կարծիքը։

«ԳԱԱ մասին օրենքը, որի վրա աշխատել են տասնյակ մարդիկ և ինստիտուտներ, որը 2011 թ.-ին վերջապես ընդունվեց, նոր նախագծով մեկ նախադասությամբ չեղարկվում է՝ առանց որևէ բացատրության՝ ինչո՞ւ։ Պատկերացրեք՝ քիչ չէ, որ 42 էջանոց փաստաթղթում ակադեմիան լրիվ արհամարհված է, գոնե Վիկտոր Համբարձումյանի, Հովսեփ Օրբելու անունները մարդկանց ստիպեին, որ ակադեմիային տեքստում տեղ հատկացնեին. 11 տող են ընդամենը հատկացրել, որի կեսը չեղարկմանն է վերաբերում, մյուս կեսն էլ անորոշ մի նախադասություն է, որ ակադեմիան գիտական աստիճաններ ունեցող ինչ-որ մի կազմակերպություն է, և վերջ սրանով։   Ոչ մեկին չեն կանչել, ո՛չ մեր ակադեմիայի նախագահությանը, ո՛չ ինստիտուտներին։ Նույնն է, որ հիմա ես ատոմակայանի մասին մի նախագիծ կազմեմ. ես ի՞նչ եմ հասկանում՝ առանց մասնագետի հետ խորհրդակցելու։ Այս ամենագետի բարդույթը մարդկանց ո՞ւր է տանելու»,- մտահոգություն հայտնեց Աշոտ Մելքոնյանը։

Այն, որ բոլոր իշխանությունների աչքը ակադեմիական հաստատությունների շենքերի վրա է, Աշոտ Մելքոնյանը հաստատում է. նա տարիներ առաջ տեսել է մի նախագիծ, որով նախատեսվում էր Գիտությունների ակադեմիան վերացնելուց հետո ԳԱԱ նախագահության շենքը վերածել մանկապարտեզի, երկու բարձրահարկ շենքերի տակ եղած ռմբապաստարանները՝ կայանատեղիի, այդ երկու շենքերն էլ բնակելի տարածք՝ արիստոկրատիայի համար. «Բայց «բարեբախտաբար», այս և կողքի՝ ֆունդամենտալ գրադարանի շենքը, վթարային էին, նախագիծը չընդունվեց, որովհետև ոչ մեկը չուզեց այդ շենքերում ապրել»։

Գիտությունների ակադեմիան վերացնելու պատրվակը, իբր՝ խորհրդային իրականության դրսևորում է, Աշոտ Մելքոնյանը հերքում է՝  սա ակադեմիական գիտության՝ Գերմանիայի և Ֆրանսիայի մոդելն է, որը 18-րդ դարի սկզբին Պետրոս Առաջինը ընդօրինակել է և ստեղծել Ռուսաստանի ԳԱԱ-ն, որի հիմքի վրա արդեն խորհրդային տարիներին Հայաստանն ստեղծել է իր Գիտությունների ակադեմիան. «Այսինքն՝ մոդելը գերմանաֆրանսիական է, որևէ կապ չունի խորհրդային իրականության հետ»։   

Հայագիտական առարկաներին տեղյակ քաղաքացի ունենալու անհրաժեշտությունը Աշոտ Մելքոնյանը բացատրում է օրինակով՝ արդեն 10 տարի նա, այլ պատմաբանների և գիտնականների հետ, պարբերաբար այցելում է զորամասեր, Արցախի առաջնագիծ։ Երբ զինվորին բացատրում են, որ, լինելով հրազդանցի, շիրակցի և պաշտպանելով Մարտակերտը, Հադրութը, նա պաշտպանում է իր ծնողներին, սիրած աղջկան, զինվորը շատ լավ ընկալում է. «Բայց պատկերացրեք՝ զինվորը մտածի՝ ես, լինելով վանաձորցի, ի՞նչ գործ ունեմ Մարտակերտում, սա շատ վատ հոգեբանություն է։ Երբ նրան ներարկում ես հայրենասիրություն, բացատրում, որ Վանաձորը, Լոռին այստեղից են սկսվում, երբ բացատրում ես, որ հայրենի հողի վրա ես, նրա մոտ ամեն ինչ փոխվում է։ Երբ նա պատմությունն իմանում է պրոֆեսոր մարդուց, որն եկել, իր հետ մտել է խրամատ, նա ավելի լավ է ընկալում և սկսում է կարևորել իր տեղն ու դերն այդ խրամատում»։

Աշոտ Մելքոնյանը նկատել է, որ երիտասարդներ կան, որոնք ահռելի գիտելիքի պաշար ունեն, և եթե չունենան ազգային նկարագիր, հայոց լեզվի և հայոց պատմության բարձր իմացություն, չեն ունենա լայն աշխարհայացք, որովհետև առանց իր արմատներն իմանալու, մարդը չի կարող լայնախոհ լինել և ունենալ նկարագիր։

«Սորբոնի համալսարանում ֆրանսերենը իրենց համար պաշտամունք է, հատկապես՝ ֆրանսիացիների համար։ Աշխարհի այն երկիրն է, որտեղ անգլերեն կամ գերմաներեն խոսելու համար քեզ խեթ-խեթ կարող են նայել։ Մենք աշխարհաքաղաքական այս բարդ վիճակում մոռանում ենք, որ պետք է քաղաքացի ձևավորենք»,- մտահոգություն հայտնեց նա։

Բուհերի որոշ ֆակուլտետներից «Հայոց լեզուն», «Հայոց պատմությունը» հանելու վտանգը, ըստ նրա, նաև այստեղ է դրսևորվում. «Հիմա եթե մարդը չի կարողացել դպրոցում հավուր պատշաճի «Հայոց պատմություն»  սովորել, գրական հայերենով շփվել մարդկանց հետ՝ բարբառային հայերենով է շփվել, նրան հնարավորություն չես տալիս բանակում, հետո էլ բուհում կատարելագործել իր գիտելիքները, ազգային նկարագիր ունեցող քաղաքացի ստեղծելու գործընթացը կարող է չկայանալ նրա մոտ»։

Պատմաբանները հաճախ «քավության նոխազ» են դառնում նաև հնի ու նորի քաղաքական խաղերում։ Հայոց պատմության դասագրքում Մարտի 1-ի իրադարձությունների արձանագրումը դրա օրինակը դարձավ։

«Մենք էլ, ախր, Մարտի 1-ի հետ կապված ո՛չ դատախազ ենք, ո՛չ էլ դատավոր ենք։ Եթե պատկան մարմինները չեն կարողացել եզրակացության գալ այսքան տարիների ընթացքում, չեն կարողանում վերջակետ դնել, որովհետև շատ բարդ խնդիր է, պահանջում են մեզնից։ Ընդ որում՝ կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ իրենց քիմքին համապատասխան պետք է գրվի տեքստը։ Այ, եթե դու չես գրում, որ իշխանությունները ուժ բանեցրին, ուրեմն դու այն մյուս կողմից ես, եթե հակառակն ես գրում՝ այս մյուս կողմից ես, մենք էլ ընկել ենք կրակը այդ իմաստով։ Դրա համար փորձել ենք չեզոք գրել, առանց գնահատականների: Հիմա էլ մի ուժ է առաջացել, ասում է՝ այս երրորդն էլ անընդունելի է, որովհետև չի երևում ձեր վերաբերմունքը այդ երևույթին։ Ինչպե՞ս անենք»,- ասաց Աշոտ Մելքոնյանը։

Նա մտավախություն հայտնեց, որ հասարակությունը երկփեղկվել է սևերի և սպիտակների.  մարդիկ չեն էլ մտածում, որ կարելի է հայտնվել մեջտեղում, սպասողական վիճակում լսում են՝ ո՛ր կողմն է ճիշտ, որ գնան կա՛մ աջ, կա՛մ ձախ։ Այս բևեռացումը մտավորականը վտանգավոր երևույթ համարեց և երկխոսության կոչ արեց։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica