close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սեռական դաստիարակության կարիք ունի ոչ թե երեխան, այլ նրա ծնողները». սեքսապաթոլոգը դեմ է ԵԽ կոնվենցիայի որոշ դրույթների

Հասարակություն

13 Նոյեմբերի 2019, 17:03
 «Սեռական դաստիարակության կարիք ունի ոչ թե երեխան, այլ նրա ծնողները». սեքսապաթոլոգը դեմ է ԵԽ կոնվենցիայի որոշ դրույթների

Օրերս կառավարությունը հավանություն է տվել Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային: Կոնվենցիայի 6-րդ հոդվածում հստակեցված է, որ մեր պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որպեսզի  երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան տեղեկություններ սեռական շահագործման և չարաշահման հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին:

Համաձայն այս կոնվենցիայի մեր կրթական համակարգում անհրաժեշտություն է լինելու նոր ծրագիր կազմել՝ ներառելով վերոնշյալ թեմաները՝ սեռական շահագործման և չարաշահման հետ կապված վտանգներ, ինքնապաշտպանության միջոցներ, և հետևաբար՝ դպրոցներում, նաև՝ տարրական դասարաններում նոր առարկա դասավանդել։

Այս թեմաների շուրջ Yerkir.am-ը զրուցել է սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանի հետ:

- Հասարակության շրջանում կա մտավախություն, որ տարրական կրթության ընթացքում երեխային տրվող գիտելիքը սեռական շահագործման և չարաշահման հետ կապված վտանգների մասին, կարող է վտանգել երեխայի երևակայությունն ու իր տարիքին ոչ համապատասխան հետաքրքրություն առաջացնել նրա մոտ: Արդյո՞ք տեղին է այս մտավախությունը: 

- Իմ տեսակետն այս հարցում մնում է նույնը՝ սեռական դաստիարակության կարիք ունի ոչ թե երեխան, այլ նրա ծնողները։ Սեռական շահագործումների ու չարաշահման մասին գիտելիքն անհրաժեշտ է տրամադրել երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվող պատասխանատու մեծերին, որպեսզի նրանք, կյանքի հմտությունների ուսուցմանը զուգահեռ, ոչ մասնավոր կերպով, հենց այնպես, իմիջիայլոց, առանց երեխայի ուշադրությունը սևեռելու սեռական որևէ թեմայի վրա, իմանան, թե ինչպես ներկայացնեն կամ մեկնաբանեն սեռական բնույթի այն երևույթը, որն այդ պահին հայտնվել է երեխայի ուշադրության կենտրոնում։

Հատուկ դասընթաց տարրական և միջնակարգ կրթության ընթացքում կազմակերպել պետք չէ, դա միայն վնաս կհասցնի երեխայի հոգեսեռական զարգացմանը՝ տարիքին ոչ համապատասխան երևակայական պատկերներ սևեռելով գիտակցության մեջ։ Բավարար է միայն, որ երեխաները գտնվեն պատասխանատու մեծերի հսկողության տակ ու վստահեն ծնողներին՝ պատմելով այն բոլոր իրադարձությունները, որոնք բացասաբար են ազդել իրենց ներաշխարհի վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե անգամ երեխան ենթարկվել է սեռական բնույթի չարաշահման, այն իր ախտաբանական հետքը թողնում է միայն մի պարագայում՝ եթե այդ դեպքին հաջորդում են փորձառությունն ամրապնդող, այլ ոչ թե չեզոքացնող իրադարձություններ։ Եթե երեխան պատմում է իր հետ կատարվածի մասին սրտացավ մեծին ու ստանում նրա լիարժեք աջակցությունը՝ սիրո ու ջերմության տեսքով, ապա ոչ մի վտանգ հետագա սեռական զարգացման ընթացքում չի արձանագրվում։

Հաշվի առնելով, որ բազմաթիվ ընտանիքներ, մինչև երեխայի դպրոցահասակ դառնալը, չեն զբաղվում նրա սեռական դաստիարակությամբ, այս պարագայում ինչպիսի՞ վերապատրաստում պետք է անցնի ուսուցիչը՝ երեխաներին համապատասխան թեմայով կրթելու համար:

- Ուսուցիչը պետք է կրթի ոչ թե երեխաներին, այլ այդ երեխաների ծնողներին։ Դրա համար լավ կլիներ, որ նա առնվազն մեկ տարվա կրթություն ստանար սեռաբանության ոլորտում, բացի այդ՝ ուսուցիչը, որը զբաղվում է այս ուսուցմամբ, ինքը պետք է կատարյալ առողջ սեռականություն ունենա, զերծ լինի սեռական խնդիրներից ու խանգարումներից, թե չէ՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի  դասեր կսովորեցնի, ասենք, վագինիզմով կամ կպչուն ձեռնաշարժությամբ տառապող մեկը։ 

Ձեր պրակտիկայում հաճա՞խ են հանդիպում երեխաների հանդեպ սեռական ոտնձգության դեպքերը, և եղե՞լ են դեպքեր, երբ երեխան իր ընտանիքում է սեռական բռնության ենթարկվել:

- Իմ պրակտիկայում  շատ հաճախ են հանդիպում սեռական ոտնձգություն ապրած չափահաս անձնավորություններ, որոնք ներկայումս ունեն այս կամ այն սեռական խնդիրը։ Բոլոր դեպքերում վստահաբար կարող եմ ասել, որ առկա է եղել մեկ կամ երկու ծնողների լիակատար անտեղյակություն և սեռական թեմաների շուրջ խոր ամոթ, ծնողները ճիշտ չեն իմաստավորել ու պատշաճ  վերաբերմունք չեն դրսևորվել կատարվածի կապակցությամբ կամ էլ պարզապես այն  ծնողներից են եղել, որոնց հանդեպ երեխան վստահություն չի տածել։ 

Նշենք, որ Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, ՀՀ Սահմանադրական դատարանում հաստատվելուց հետո, կմտնի ՀՀ Ազգային ժողով:

 

Նարա Մարտիրոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica