close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես էլ ուսանող լինեի՝ նույնը կանեի. ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ ուսանողական շարժման և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի մասին

Հասարակություն

13 Նոյեմբերի 2019, 14:58
 Ես էլ ուսանող լինեի՝ նույնը կանեի. ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ ուսանողական շարժման և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի մասին

Թեև մեր ուսանողները դասադուլը սկսեցին նոյեմբերի 7-ին, բայց այն ավելի վաղուց էր սկսվել՝ դեռ այն շրջանից, երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը ներկայացվեց ակադեմիական ինստիտուտներին, բուհերին. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր մի շարք բուհերի ներկայացուցիչների մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը:

«Նախագծի մասին եղել են գիտխորհուրդների պաշտոնական դիրքորոշումները. բացասական կարծիք են հայտնել պատմության ինստիտուտը, 10 ինստիտուտ միավորող՝ ակադեմիայի հումանիտար ինստիտուտը, մենք՝ ֆակուլտետներով, ներկայացրինք մեր բացասական կարծիքը, որը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով, ներկայացվել է նախարարություն»,- հայտնեց նա:

Պատմաբանի խոսքով՝ բարձրագույն կրթության և գիտության վերաբերյալ այս նախագծին՝ ակադեմիայից և բուհական համակարգից տրված  բացասական կարծիքները ստանալով, ԿԳՄՍ նախարարությունը, այնուամենայնիվ, հայտարարել է, որ որևէ սկզբունքային հարցում զիջման չի գնալու, և քննարկումները շարունակվել են:

«Մենք որոշեցինք հանրայնացնել, և հոկտեմբերի 28-ին բաց նամակով դիմեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ընդ որում՝ նույն օրը բաց նամակը տեղադրեցինք համացանցում՝ ազատ ստորագրությունների համար»,- մանրամասնեց Արտակ Մովսիսյանը:

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը փաստեց՝ նախարարն իր ելույթում նշել է, որ այս նախագծի հարցում որևէ զիջման չեն գնալու, այնուհետև ՀՀ վարչապետը լայվով նույն դիրքորոշումը հայտնեց, նույնիսկ որոշակի պիտակավորումներ արեց: «Այդ ժամանակ լրատվամիջոցներում հայտնվեց երկու տեղեկություն՝ Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող՝ 20 միլիոնանոց ֆիլմի և «Հուզանգ ու զանգ» ներկայացման ֆինանսավորման մասին, և սա գումարվեց այդ ամենին ու առաջացրեց ուսանողների պոռթկումը»,- նշեց պատմաբանը:

Արտակ Մովսիսյանն ընդգծեց, որ ինքը հասկանում է ուսանողներին, և  եթե ինքն էլ ուսանող լիներ՝ նույնը կաներ:

«Մեր բաց նամակի ստորագրությունները մի քանի հազարից անցել են, պահանջը մեկն է՝ հետ կանչել նախագիծը, որն, ամբողջությամբ վերցրած, բազմաթիվ կետերում վտանգավոր է, ընդ որում՝ բազմաթիվ կետերից մեկն է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման դրույթի բացակայությունը: Սրանից բացի՝ գիտությունների ակադեմիայի համարյա արհամարհված վիճակը, կամ՝ բուհական կառավարման մասին դրույթը, որի դեպքում նախարարն, ըստ էության, 12 հոգուց կազմված հոգաբարձուների խորհրդի անդամներից նշանակում է 6-ին, իսկ բուհը ընդամենը 4-ին», - նախագծի խնդրահարույց դրույթներին անդրադարձավ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը:

Ըստ նրա՝ այս նշանակումներով կանխորոշվում է ռեկտորի նշանակումը, իսկ ռեկտորին տրված է իրավունք նշանակելու բոլոր դեկաններին: «Այսպիսի բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել: Եվ սա նշանակում է՝ բուհերը դնել նախարարության դիկտատուրային կառավարման տակ, որը լիովին հակասում է բուհական ինքնավարության մասին օրենքին և տրամաբանական կառավարման որևէ սկզբունքի մեջ ընդհանրապես չի տեղավորվում»,- ասաց Արտակ Մովսիսյանը:

Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:

 

Նարա Մարտիրոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica